×


Հանրայինի 65 տարվա ուղին՝ «Վավերագրելով պատմությունը» ցուցահանդեսում

Լուսանկարներ, որտեղ յուրաքանչյուր մարդ գտնվել է իրեն սովորական թվացող պահի մեջ, իսկ այդ պահերն ամբողջ մի ժամանակաշրջան ու իրականություն են։ Ընդամենը մեկ կադրը մի մեծ պատմություն է՝ դեմքերի ու դեպքերի, եթերում ու եթերից դուրս անցած ճանապարհի ու արված գործերի. Երեւանի պատմության թանգարանում բացվել է «Վավերագրելով պատմությունը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացված է արխիվային բացառիկ 80 լուսանկար, որոնցում պատկերված են հեռուստատեսության եւ ռադիոյի ստեղծման ու զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցող անձինք՝ ռեժիսորներ, օպերատորներ, մեկնաբաններ, հաղորդավարներ, ինչպես նաեւ կոմպոզիտորներ, երաժիշտներ, դերասաններ եւ այլ մասնագետներ:


Հանրային ռադիոյի երկար տարիների  հաղորդավար, այժմ Հանրային  հեռուստախորհրդի անդամ Վարուժան Օլքինյանը նախ շրջեց բոլոր լուսանկարների կողքով, որոշների մոտ հիշողություններով լի ժպտաց, իսկ լրագրողների այն հարցին, թե վերադարձա՞վ այդ տարիները, ծիծաղով պատասխանեց.«Ե՞րբ եմ այդ տարիներից եկել, որ հիմա հետ գնայի: Կարծում եմ՝ մնացել եմ այդ տարիներում՝ ապրելով ու աշխատելով այսօր»:

Նա 1970-1990-ական թվականները համարում է հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե դարը.«Երանելի ժամանակներ էին: Այդ տարիներին Հանրայինը հագեցած է եղել բարձրակարգ տեխնիկայով եւ անգամ Խորհրդային Միության շատ երկրներ՝ Ուկրաինան, Բելառուսը, նախանձել են մեզ: Այդ ամենն այդ տարիներին հեռուստաընկերության ղեկավար Ստեփան Պողոսյանի շնորհիվ էր: Նա մեծ դերակատարություն ունի հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման գործում: Այդ ավանդույթներն այսօր էլ շարունակվում են նոր խոսքով, նոր տեսքով, հաղորդավարներով եւ լրագրողներով»։

Վարուժան Օլքինյանը


Լուսանկարներից յուրաքանչյուրում ամեն դետալ ու հայացք ե՛ւ ծանոթ, ե՛ւ անծանոթ է, անսովոր, հետաքրքիր ու որոշ դեպքերում էլ զարմանքի արժանի՝ այդ ժամանակների մարդկանց ոճով, գեղեցկությամբ ու անմիջականությամբ: Մեզ համար լեգենդներ, դեմքեր ու անուններ, որոնց մասին միայն լսել ենք, իսկ ոմանց համար հարազատ տաղավարներ, գործընկերներ ու ընկերներ: Վարուժան Օլքինյանը  լրագրողների հետ զրույցի ժամանակ կանգնած էր ռադիոհաղորդավար  Կոնստանտին Տեր-Հովհաննիսյանի լուսանկարի առջեւ:

«Նառա Շլեպչյանից հետո ինքն է եղել եթերում։ Երբ եկավ, հայերեն կարդալ չգիտեր, քանի որ Մոսկվայից էր։ Փայլուն գիտեր վրացերեն ու ռուսերեն։ Նա վրացերեն կամ ռուսերեն տառերով գրում էր հայերեն տեքստը ու կարդում, բայց ընդամենը մեկ տարի անց փայլուն տիրապետեց հայերենին»,-հիշել է Օլքինյանը:


Հանրայինի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանի խոսքով՝ շարունակվում է մեծ արխիվի թվայնացման գործընթացը. «65 տարի հայկական հեռուստաընկերության առաքելությունն է եղել Հայաստանի պատմությունը վավերագրելը: Կարծում ենք՝ մենք էլ պարտավոր ենք պատշաճ ներկայացնել այն: Բացի հեռուստատեսության հետաքրքիր կադրերից, ցուցադրված են 1986 թվականի Էրեբունի-Երեւան մեծ տոնակատարության լուսանկարները, ինչպես նաեւ նկարներ կան հեռուստատեսության նվիրյալների անձնական արխիվներից»։


Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկաներին շտապել է հիշեցնել նաեւ, որ այս տարին հոբելյանական է ոչ միայն հայկական հեռուստատեսության, այլ նաեւ Երեւանի պատմության թանգարանի համար. 90-ամյակն է լրանում, որից հետո հավելել է.«Ցուցադրված լուսանկարներում այն մարդիկ են, ովքեր 65 տարի վավերագրել են մեր պատմությունը: Տասնյակ տարիներ Հանրայինի նվիրյալները պահպանել են ամենամեծ տեսաարխիվներից մեկն ու փոխանցել մեզ, մենք հիմա կարող ենք մեր պատմությունը տեսնել: Այս ցուցահանդեսը մեր պատմությունը վավերագրողների մասին է»:

Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին