Վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ուրուգվայցի երգչուհի եւ դերասանուհի Նատալիա Օրեյրոն տեսաուղերձով դիմել է երկրպագուներին, որպեսզի նրանք մասնակցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի դրամահավաքին:
«Դրամահավաքից ստացված գումարը փոխանցվելու է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- նշել է նա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը, որի համար ընտրվել է «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագիրը, տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 25-ին:
Այն հաշվետու ֆիլմի ձեւաչափով է լինելու. Հիմնադրամի թիմը ներկայացնելու է 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում ու Արցախում:
Օրեյրոն Հայաստան է ժամանել 2019 թվականին՝ «Անմոռանալի շրջագայության» շրջանակում ու ապրիլի 7-ին ելույթ ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Երեւանում նա մասնակցել է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպմանը: Նրանք քննարկել են «Միասին հանուն Հայաստանի» ծրագրի հեռանկարները: Երգչուհին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:
«Պետք է նշեմ, որ բարեգործությունը սահմաններ չունի: Շատ ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը միավորել են իրենց ջանքերը հանուն այս գեղեցիկ երկրի երեխաների»,-այն ժամանակ նշել էր Օրեյրոն:
Նատալիա Օրեյրոյի մենահամերգը Երեւանում
Նա նաեւ պատմել է, որ մանկուց է երազել ծանոթանալ Հայաստանի հետ, որի մասին տեղյակ է Ուրուգվայում ապրող հայկական մեծ համայնքից:
«Ինձ համար շատ սովորական է դարձել ոչ միայն ավանդական ուրուգվայական, այլեւ ավանդական հայկական սնունդ ուտելը: Մենք ծանոթ ենք հայերի մշակույթին եւ խոհանոցին: Իմ «Las Oreiro» անունը կրող նորաձեւության տունը գտնվում է Արմենիա փողոցի հարեւանությամբ: Այնտեղ հայկական եկեղեցի կա, ինչպես նաեւ հայկական ռեստորաններ: Սթենլի Կուբրիկի շնորհիվ ծանոթացել եմ Արամ Խաչատրյանի հետ»,-պատմել էր նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: