×


«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հերոս Գագիկն, այնուամենայնիվ, օդաչու չդարձավ

Մեր հանդիպման վայրը պատահական չէ ընտրված. մենք «Տղամարդիկ» հայտնի ֆիլմի հերոսների արձանախմբի մոտ ենք։ Նրանցից երկուսը զրուցակցիս ու մեր զրույցի հետ անմիջական կապ ունեն․ Ավետիք Գեւորգյանը՝ ֆիլմի գլխավոր հերոս Արամը, զրուցակցիս՝ Աշոտ Գեւորգյանի հայրն է։ Սուրենին մարմնավորած Մհեր Մկրտչյանը թե՛ ավագ, թե՛ կրտսեր Գեւորգյանի խաղընկերն է եղել։ Աշոտ Գեւորգյանը հայկական մեկ այլ սիրված ֆիլմի՝ «Մեր մանկության տանգո»-ի Գագիկն է։ Եվ իմ առաջին հարցը հենց այս երկու ֆիլմերի հերոսների հետ կապի մասին է։

- Այս երկու հայտնի տղամարդիկ՝ Ձեր հայրը եւ Մհեր Մկրտչյանը, որքանո՞վ կապ ունեին «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Ձեր մասնակցության հետ։

-Ուղղակի ազդեցություն չեն ունեցել, բայց չգիտեմ՝ դա պատահականությո՞ւն էր, թե՞ այդպես պետք է լիներ։ Մհեր Մուշեղիչին 1971-ից՝ յոթ տարեկանից, «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումներից գիտեի, որովհետեւ նրա խաղընկերը հայրս էր՝ Ավիկ Գեւորգյանը։ Տարիներ անց՝ 1984-ին, ես պետք է լինեի նրա խաղընկերը ֆիլմում, խաղայի իր եղբորը՝ Ալբերտին, եւ մասնակից դառնայի Մկրտչյանների ընտանիքի ինքնակենսագրական ֆիլմին։

Աշոտ Գեւորգյանը


- Դա Ձեր առաջի՞ն դերն էր կինոյում։

- Առաջին դերն էր, բայց վերջինը չէր: Հիմա կոնկրետ չեմ հիշում, մոտ երեք տասնյակ ֆիլմերում եմ նկարահանվել՝ «Ո՞ւր ես գնում, զինվոր», «Վերջին կիրակին», «Օրվա քմահաճույքները»... Առաջին մասնագիտությամբ դերասան եմ։ Ավարտել եմ Խորեն Աբրահամյանի առաջին արվեստանոցը Թատերական ինստիտուտում։ Երրորդ կուրսի ուսանող էի, երբ եկան «Մեր մանկության տանգոն» ֆիլմի համար դերակատար փնտրելու։ Շատ ուսանողների տարան փորձնական նկարահանման, ես էլ էի անցել։ Ալբերտ Մուշեղիչը տեսավ ինձ, ասաց՝ «Ինձ շատ նման ես, կխաղա՞ս ինձ»։ Ու այդպես առաջին դերս եղավ։ Հետո էլի կինոյի դերեր, հետո թատերական դերեր․երկար տարիներ եղել եմ Մալյանի թատրոնում, ուսանողական տարիներին եղել եմ Սունդուկյանում, Փոսի թատրոնում, Եռանկյունի թատրոնում։

- Բա հետո ի՞նչ պատահեց։

- Հետո եղավ Սովետի փլուզում, որին ես շատ կողմ էի, գիտեի՝ լավ բան է պետություն քանդվելը։ Երիտասարդ էի, ըմբոստ, չգիտեի, որ ահագին բան կորելու է, ես էլ իմ սիրած մասնագիտությամբ չեմ կարողանալու զբաղվել, որովհետեւ Հայաստանն ընկավ մի այնպիսի քաոսային վիճակի մեջ, որ էլ ի՞նչ թատրոնի կամ կինոյի մասին խոսենք։ Ստիպված էի ամենամոտիկ մասնագիտությունն ընտրել, սկսեցի զբաղվել ռադիոլրագրությամբ։ Դե, այն ժամանակ չկային այսքան ռադիոկայաններ. Հայաստանի պետական ռադիոյում հայտնվեցի ու առաջին ծիծեռնակներից մեկն եմ, ովքեր ուղիղ եթեր են վարել: Հետո նաեւ խորացա վավերագրական կինոռեժիսուրայում, մինչեւ անգամ Մոսկվայում սովորեցի։

Աշոտ Գեւորգյանը


- Հիմա լրագրությունն ու ռեժիսուրան զուգահեռաբա՞ր են։

- Հա, հիմա «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերում վարում եմ «Մենք» եւ «Հակահարված» հաղորդաշարերը եւ դասավանդում եմ Սլավոնական համալսարանում. կինոռեժիսորների արդեն երրորդ շրջանավարտներն ունեմ։

- Ո՞րն է Ձեր նկարած վերջին ֆիլմը։

- Վերջերս եղավ պրեմիերան (2021թ․ հոկտեմբերի 13-ին,-խմբ․), քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի մասին է։ Քչերն անունը գիտեն, թեեւ արձանները շատ հայտնի են՝ Հայկի արձանը, Տորք Անգեղը... Կարծում եմ, որ Քոչարից հետո եթե մենք ունենք ազգային մոնումենտալ քանդակագործ, Կառլեն Նուրիջանյանն է։

- Ձեզ ճանաչողներից շատերը, համենայն դեպս, ումից Ձեր համարը փորձել եմ գտնել, չգիտեին, որ խաղացել եք «Մեր մանկության տանգոն»  ֆիլմում։ Չե՞ք սիրում այդ մասին խոսել։

- Չեմ սիրում դրա մասին խոսել, դրանում լավ բան եմ տեսնում. ուրեմն՝ կարողացել եմ կերպարանափոխվել։

- Ձեր աշխատավայրում գիտե՞ն՝ Դուք ով եք։

- Մարդիկ կան, որ չգիտեն։ Եղել է դեպք, որ «Մեր մանկության տանգո» ֆիլմի աշխատանքների ականատես են փնտրել, ասել եմ՝ հենց հիմա միացրու ձայնագրիչը: Թե՝ բա դու ի՞նչ կապ ունես, պատասխանել եմ՝ Գագիկին հիշո՞ւմ ես, դե մի 37 տարի հանի, մի քիչ նիհարեցրու... Զարմացել են՝ վա՜յ, բա ինչո՞ւ չես ասում։

Աշոտ Գեւորգյանը


- Կարո՞ղ ենք առանց պաթոսի ասել, որ ֆիլմը Ձեր կյանքում շատ կարեւոր դրվագ էր։

- Կարեւոր էր երկու իմաստով. նախ երիտասարդ դերասանի համար մեծ  տրամպլին էր, որովհետեւ այն ժամանակ իսկապես կար մրցակցություն, եւ ոչ թե փողի կամ ծանոթության։ Եվ երկրորդ կարեւորությունն այն է, որ անկախ ինձնից, դարձա դասական կինոյի մասնակից, ինչ-որ մի բան արեցի հայ արվեստի մեջ։

-Իսկ օդաչու չէի՞ք ուզում դառնալ։

- (Ժպտում է՝ հիշելով իր մարմնավորած հերոսին,-խմբ): Պատկերացրեք՝ ես այդ երազանքը չեմ ունեցել, դա Ալբերտի երազանքն է եղել... Ախր, գիտեք՝ հետաքրքիրը որն է. ես քսան տարեկանում հանդիպեցի իսկապես մեծատառով մարդկանց ու գիգանտների, որոնք իմ աշխարհայացքի, իմ հայ լինելու, արվեստագետ լինելու վրա մեծ ազդեցություն թողեցին՝ Մհեր Մկրտչյանը, Ալբերտ Մուշեղիչը, Գալյա Նովենցը, Ջղեր Խաչիկը, Գյումրին... էկզոտիկա էր։ Քսան տարեկան էի, մինչ այդ չէի եղել այնտեղ։ Մտնում էիր «Պոլոզ Մուկուչ» գինետունը, գարեջրի գործարանից խողովակով գարեջուր էր գալիս։ Դա մի ուրիշ բան էր... Մի ուրիշ հաճույք էր երեկոները Մհեր Մուշեղիչի հետ շփվելը, կյանքի իմաստնություններ լսելը։ Ուրբաթ, շաբաթ օրերին նորից Երեւան էի վերադառնում, մասնակցում Խորեն Աբրահամյանի դասերին, հետո վազում Հենրիկ Մալյանի մոտ։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ իմ կյանքում շփվել եմ այդպիսի մեծությունների հետ։  

Աշոտ Գեւորգյանը


- Ձեր երեխաները շարունակո՞ւմ են կինոյի ընտանեկան պատմությունը։

- Մի տղա ունեմ, ուշ եմ ամուսնացել. ես 57 տարեկան եմ, տղաս՝ 13 տարեկան: Հա, գենետիկայից չես փախչի. թե՛ կինոն է փոխանցվել, թե՛ երաժշտությունը՝ հորեղբորից՝ Արամոյից։ Շատ եմ ուզում, իմ երազանքն է, որ տղաս միջազգայնագետ, դիվանագետ դառնա, բայց կինս վերջերս ասաց՝ գիտես՝ ինչ է դառնալու՝ ռեժիսոր։  

- Ձեր ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս նկատեցի, որ ետնանկարի խճանկարում շատ էին երաժշտական դեմքերը՝ Բախ, Լենոն, Շինեդ Օ Կոնոր։ Եթե հավելենք նաեւ, որ Արամոն Ձեր եղբայրն է, կստացվի, որ կինոյից հետո երաժշտությունը երկրորդ տեղո՞ւմ է։

-Կինոյից առաջ, ես կասեի։ Չեմ ուզում գլուխ գովել, բայց մինչեւ վերջին 15 տարին, մինչեւ ձեռքերս վիրահատելը, համարվում էի իմ սերնդի, Երեւանի լավագույն ռոք կիթառահարներից մեկը։ Ինձ ձեւավորել է, իմ աշխարհայացքի վրա շատ ազդել է իսկական դասական, անգլիական ռոքը։ Եվ դա ազդեցություն ունեցավ նաեւ, որ Արամոն երաժիշտ դառնա։ Իմ ժամանակվա ռոք խմբերն էին՝ «Ասպարեզ», «Ոստան հայոց», իմ մանկության ընկերը՝ Արեգ Նազարյանը... Հենց այստեղից՝ «Կոզիրյոկ» սրճարանից, առաջին անգամ գնեցինք Deep Purple, Led Zeppelin-ի սկավառակները։ Մինչեւ հիմա էլ նրանց երկրպագուն եմ։ Հետո շատ խորացանք դասական երաժշտության մեջ։ Այդ ժամանակվանից Բախը, Վագները, Բեթհովենն ինձ համար ամենօրյա ինտելեկտուալ սնուցում են։ Օր չկա, որ մեկ ժամ դասական երաժշտություն չլսեմ։ Բախն ինձ համար իսկական քրիստոնեություն է, ես կասեի՝ պլատոնական քրիստոնեություն։

Զրուցեց Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին