×


«Գայթակղիչ է, բայց պետք է զգույշ մոտենալ». խաչատրյանական փառատոնի ջազային ամփոփումը

Հատվածներ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, «Անդատինո», «Ձոն ցնծության» եւ Արամ Խաչատրյանի այլ ստեղծագործություններ հանդիսատեսը վայելել է ջազային մեկնաբանությամբ. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը եզրափակվել է «Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով: Մշակումներն իրականացրել էին Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը, Կարեն Անանյանը եւ Անդրանիկ Բերբերյանը, իսկ հանդիսատեսի համար երեկոն տպավորիչ է դարձրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ խաչատրյանական երաժշտությունը ջազով ներկայացնելը հեշտ չէ:


«Շատ զգույշ պետք է մոտենալ դասական հեղինակների ստեղծագործություններին, հատկապես՝ Խաչատրյանին, բայց նաեւ շատ գայթակղիչ է. նրա երաժշտությունը մեծ ռեսուրս ունի փոփոխությունների համար: Այս նախագիծն ամեն անգամ նորովի ու փոփոխված է ներկայացվում, եւ հետաքրքրությունը պահպանվում է, սիրելի է հանդիսատեսի համար: Ամբողջ աշխարհում ընդունված է անդրադառնալ դասականներին ջազի միջոցով, կան տարբեր գործերի հայտնի մշակումներ, քանի որ ջազի հիմքում իմպրովիզն է, ինչը միշտ անսպասելի է ու հետաքրքիր»,-ասել է Հյուսնունցը։

Ջազմեն Վահագն Հայրապետյանը եւս կարծում է՝ ջազային մշակումերի առանձնահատկությունը հենց իմպրովիզներն են.«Նախընտրում եմ Խաչատրյան լսել հենց դասական տարբերակով, բայց նրա երաժշտության մեջ ջազային տարրերն իրոք շատ են: Հանդիսատեսին միշտ գրավում են այսպիսի համերգները, իսկ պատճառը՝ նորովի են մեկնաբանվում Խաչատրյանի՝ արդեն իսկ սիրված ստեղծագործությունները, դե, իսկ կարեւորը դահլիճում տիրող տրամադրությունն է»:


Դեկտեմբերի 14-20-ն անցկացված Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կրում էր «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆեւ, Շոստակովիչ» խորագիրը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ խորագրի գաղափարը կապված է հայտնի լուսանկարի հետ:


«Երեք ընկեր, համաշխարհային երաժշտության երեք սյուներն են այդ լուսանկարում: Պարոն Խաչատրյանը միշտ ցանկացել է, որ իր ընկերների ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, եւ այս տարվա փառատոնի շրջանակում մենք փորձեցինք կյանքի կոչել մեր մեծ հայրենակցի ցանկությունը։ Որպես ամփոփում էլ եղավ ջազային երեկոն: Հիմա Հայաստանում դժվար ժամանակներ են, բայց այն մթնոլորտը, որում երաժշտություն է ստեղծվում, ուժեղացնում է բոլորին»,-նշել է Սմբատյանը:


Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին