×


«Զգուշացրել էի՝ եթե դերն ինձ չտան, հատուկ դիմում եմ գրելու». Արսեն Միքայելյան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ ժամերով կարելի է կլանված խոսել թատրոնի, իր մարմնավորած դերերի ու սիրելի քաղաքի, խաղընկերների ու կատարած նոր բացահայտումների մասին:

- Արսեն, սոցցանցերի Ձեր էջերում անվան կողքին նշված է նաեւ Թրամփ, ի՞նչն է կապում Ձեզ:

- Շատ լավ հարց էր: 17-18 տարեկան էի, երբ առաջին անգամ նայեցի «Վայրի պայմաններում» ֆիլմը՝ նկարահանված իրական փաստերի հիման վրա: Ինքն իրեն Սուպեր Թրամփ անվանող մի տղայի մասին է, որը վաճառում է հոր նվիրած մեքենան, գումարն ուղարկում մանկատուն, վերցնում պայուսակն ու հեռանում տնից՝ հասնելով մինչեւ Ալյասկա: Իմ եւ կերպարի նմանությունն այն է, որ նա գնաց աշխարհներ գտնելու, իսկ ես դրանով զբաղված եմ իմ ներսում:

- Դեկտեմբերին «Մաուգլի» ներկայացման պրեմիերան էր, որի գլխավոր դերում եք: Ինչպե՞ս ստացաք հենց այդպիսի Մաուգլի:

- Ստեղծագործական աշխատանքները սկսվել են 9 ամիս առաջ. ապրիլին դերաբաշխումն էր: Զգուշացրել էի՝ եթե դերն ինձ չտան, հատուկ դիմում եմ գրելու. թատրոնում ներքին կանոնակարգ կա՝ եթե ուզածդ դերը չես ստանում, գոնե պետք է փորձեն քեզ: Բայց գործը դրան չհասավ (ծիծաղում է,- հեղ.), միանգամից ընտրեցին, ինչի համար ուրախ էի, ինչպես նաեւ շատ վախեցած: Փորձել եմ հեքիաթայինից հեռանալ ու գտնել որակներ, որոնք կարող է ունենալ հանգամանքների բերումով բնության մեջ հայտնված մարդը: Վավերագրական շատ ֆիլմեր եմ նայել. բազմաթիվ երեխաների են անտառում գայլեր, արջեր ու կապիկներ պահել, ինձ հետաքրքիր էր, թե նրանք մտային ինչ փոփոխություններ են ունեցել, եւ շարժումներում ինչն է տարօրինակ: Օրեր շարունակ հսկայական գիտական աշխատանք եմ նայել ու սարսափել: Հասկանում էի, որ անհնար է Մաուգլին կարողանա մարդկանց մոտ վերադառնալ: Շատ լավ է, որ մեր վերջաբանում էլ նա ուղղակի գնում է ինքն իրեն գտնելու. այդ եզակի տեսակն էլ տեղ չունի ո՛չ կենդանիների, ո՛չ էլ մարդկանց կողքին:

- Բայց մի՞թե կարողանալու է միայնակ ապրել:

- Ինձ թվում է՝ նրա համար ամեն ինչ նոր է սկսվում: Մաուգլին մնաց 2 աշխարհների արանքում, ինքնուրույն պետք է գտնի իր ուղին: Նա ընտրեց ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորությունը:

Արսեն Միքայելյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ձեր արտաքին նմանությունը երեւում է, արդյո՞ք հեշտ հարմարվեցիք երկար մազերին:

- Շատ ծիծաղելի էր, երբ մազերս երկարացնելու համար առաջին անգամ թատրոնի մենեջերի ու վարսահարդարի հետ մտանք Գյումրիի սրահներից մեկը, մարդիկ զարմացած մեզ էին նայում: Ներկայացումից 10-11 օր առաջ են երկար մազերն ավելացվել: Դրանք կրելու եմ առնվազն մինչեւ 10 ներկայացում խաղանք:

- Ամիսներ շարունակ պատրաստվելուց հետո ի՞նչ էիք զգում պրեմիերայից հետո. թեթեւություն էր, դատարկություն, թե՞ բավարարվածություն:

- Ամեն պրեմիերայից հետո շատ տարօրինակ հանգստությունադատարկությունախառն աֆեկտային վիճակ է լինում, այն միշտ համեմատում եմ կնոջ ծննդաբերության հետ: Ասես ցավազրկող են սրսկել, ու ոչ մի բան չես ընկալում: Այդ տարօրինակ դատարկությունն ուղեկցում է մի 2-3 օր, օդերով ես լինում ու չես կարողանում իրականություն վերադառնալ, հետո կամաց-կամաց սկսում ես սառը նայել ամեն ինչին: Ներկայացումը սկսվում է առանց ինձ. առաջին գործողության մեջ չկամ, գործընկերներս տաքացնում են հանդիսատեսին, այդ ընթացքում կարողանում եմ ազատվել ավելորդ լարվածությունից:

- Շատ տպավորիչ եք հայտնվում, տեսարանն իսկապես գեղեցիկ է ու բավական ազդեցիկ է ստացվել:

- Լյուդվիգ Հարությունյանն իմ դասախոսն է եղել, նա իսկապես ռեժիսորական ինտուիցիա ունի. կարողանում է ամենադիպուկ ու ուժեղ լուծումները գտնել եւ հանդիսատեսին տպավորել: Երբ հայտնվում եմ ներկայացման մեջ, առաջին շարքում նստածների համար շոկային է լինում ու շատ են զարմանում:

- Զգացվում է՝ դերի համար նաեւ ֆիզիկական աշխատանք եք տարել, որ ե՛ւ ժեստերը փոխվեն, ե՛ւ տվյալներն ավելի մաուգլիական դառնան: Ինչի՞ց եք սկսել:

- Սկսել եմ ամռան կեսերից մարմնամարզության հաճախելուց. մարզիչ եղբայրներ Էդգարն ու Ալեքսը շատ են օգնել ինձ թե՛ քայլվածքի հետ կապված հարցերում, ու թե՛  ծանրաբեռնվածության առումով: Տեսարաններ կան, որ մի ձեռքով պարանից կախված՝ հայտնվում եմ բեմում, ամեն անգամ ինձ թվում է՝ կընկնեմ: Բայց հենց բեմ եմ դուրս գալիս, այդ վախն անցնում է: Բավական բարդ հնարքներ կան, որոնք պետք է սովորեի: Ինձ համար ֆանտաստիկ ու ոգեւորող մարտահրավեր էր:

Արսեն Միքայելյանը


- Ինչո՞ւ էր պետք «Մաուգլին» նորովի բեմադրել հենց 2021-ին:

- Այն ե՛ւ հայկական, ե՛ւ համամարդկային շատ նուրբ խնդիրների մասին է: Ռեժիսորը ոչ թե ցույց է տալիս լուծումը, այլ օգնում գիտակցել, որ նման խնդիրներ կան: Մաուգլին հնարավորություն էր, որին հավատացին ու բռնվեցին նրանից, իսկ ո՞րն է այսօր հայի հնարավորությունը. պետք է ներսում գտնել առաջնորդին, ոչ թե դրսից բերել:

- Իսկ Ձեր մեջ կա՞ն կերպարին հատուկ գծեր, որոնք մոտ են բնությանը:

- Շատ կան: Անչափ սիրում եմ փողոցային շներին ու ամեն առիթով կերակրում եմ նրանց: Մոտ 8-9 շուն, երբ ինձ տեսնում են, վազելով մոտենում են, ու ընկերներս դրանից շատ են վախենում: Բնության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք միշտ եմ ունեցել՝ ծառի, ծաղկի, արեւի: Սիրո այդ դրսեւորումները, այդ ներուժն ու էներգիան փորձել եմ ճիշտ օգտագործել ու կերպարի միջոցով դուրս բերել:

- Դուք ավելի շատ թատերական դերասան եք, տարբեր դերեր եք խաղացել, որո՞նք են օգնել բացահայտել ինքներդ Ձեզ:

- Նման հասուն ստեղծագործական ընթացք, որով էլի տարվել եմ, եղել է «Սեր, ջազ, սատանա»-ն: Այն ռոք-խմբում նվագող 3 ընկերների մասին է, որոնք ծնողների հետ կոնֆլիկտներ ունեն ու անընդհատ բախման մեջ են հասարակության հետ: Իմ ամենասիրելի դերերից մեկն էր, այդ ներկայացումն ուժեղ էներգետիկա ուներ, հենց վարագույրը բացվում էր, կլանում էր ինձ: Դերասանները ֆանտաստիկ էին, ներկայացումը շատ սիրվեց, բայց քիչ խաղացինք: Ինձ շատ հետաքրքիր էր նաեւ «Ֆանդո եւ Լիս» սյուրռեալիստական դրաման: Այն մի տղայի ու հիվանդ աղջկա մասին է, որը չի կարողանում քայլել, ու միասին գնում են առասպելական Տառ աշխարհը գտնելու: Ցույց էինք տալիս կնոջ ու տղամարդու դեպի երջանկության ձգտման ուղին, ու թե ինչպիսի փորձությունների միջով են անցում նրանք: Իմ կյանքի ամենանշանակալից ներկայացումներից մեկն է եղել:

- Կարծում էի՝ ավելի հայտնի ներկայացումներից կնշեք՝ «Ոչինչ չի մնա»-ն կամ «Երկնագույն շան աչքերը»:

- Դրանք էլ ունեն պատմություն, բայց հոգեպես լուրջ ազդեցություն են ինձ վրա թողել միայն 3 ներկայացում, այդ թվում՝ «Մաուգլի»-ն:

Արսեն Միքայելյանը


- Իսկ ինչպե՞ս է դերասանի ապրած կյանքն ազդում կերպարի վրա ու Ձեզնից շա՞տ բան եք տալիս նրանց:

- Շատ է լինում, որ զուգահեռներ եմ տանում դերի հետ, որովհետեւ մեծ հաշվով կերպարը դու ես, դրանից փախչել չես կարող: Խոցելի թեմաները, որոնք քեզ են անհանգստացրել ու ցավեցրել, փորձում ես կերպարներին տալ: Հենց այդ ցավերն են, որ ամենահետաքրքիրն են դարձնում դերը: Ամբողջ կյանքի ընթացքում որոնումներ են լինում, մոլորումներ, նոր հայտնագործություններ ու բացահայտումներ, որոնք էլ աշխատում եմ դերերի մեջ տեղավորել:

- Այդ դեպքում ի՞նչ եք վերցնում նրանցից:

- Երբեմն լինում է, որ որեւէ իրավիճակում իմ ներսում լսում եմ ձայներ, որոնք երբեք չեն եղել: Տարօրինակ ինտոնացիաներ են հայտնվում, ու մտածում եմ՝ Տեր Աստված, ի՜նչ հետաքրքիր մասնագիտություն է: Ինձ համար անվճար թմրանյութ է, աշխատանք, որից հաճույք եմ ստանում, ու ինձ նաեւ դրա համար վճարում են:

- Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:

- 8-9-րդ  դասարանում էի, երբ տանն ասացի, որ ուզում եմ դերասան դառնալ: Շատ անսպասելի էր ինձնից նման բան լսել, որովհետեւ շատ խելոք ու սուսուփուս երեխա էի: Հայրս դերասան ընկեր ուներ, ու միշտ խոսում էին ֆինանսական դժվարությունների մասին: Տանը, բնականաբար, դեմ էին, ընդունելության քննություններին 3 ամիս էր մնացել, ու չգիտեի՝ որտեղ եմ դիմելու: Երեք առարկա պարապեցի ու քիչ միավորներ հավաքեցի, անգամ չճշտեցի, թե ԵՊՀ որ բաժինն ընդունվեցի. առաջինը միջմշակութային հաղորդակցությունն էի նշել ու չէի անցել: Որոշեցի չգնալ ու զբաղվել նրանով, ինչն ի սկզբանե էի ուզել: Այդպես էլ գնացի Թատերական ինստիտուտ, ու սկսվեց լրիվ ուրիշ կյանք:

- Ի՞նչն այդքան գերեց Ձեզ ու ինչպիսի՞ն էր այդ նոր կյանքը:

- Մինչ այդ նույնիսկ շատ քիչ ներկայացումներ էի դիտել, իսկական դերասաների մոտիկից չէի էլ տեսել (ծիծաղում է,- հեղ.): Նոր միջավայր ու խելագարություն էր. ուսանողական տարիներն ամենահյութեղն ու էմոցիոնալն էին, որտեղ սկսում ես որպես անհատականություն ձեւավորվել: Զուգահեռ փոքրիկ քայլերով նաեւ ստեղծագործական երեւակայությունդ է զարգանում ու արվեստի մեջ առաջին քայլերդ ես կատարում: Ֆանտաստիկ է, երբ այդ առաջին վերապրումն ես ունենում. բեմում կորցնում ես իրականության պատկերացումն ու ընկնում ես հոգեւոր տրանսի մեջ: Չգիտես՝ ում պատմես այդ մասին, ում հետ կիսվես (ծիծաղում է,-հեղ.):

- Իսկ ո՞րն էր առաջին դերը, երբ համոզվեցիք, որ ճիշտ ընտրություն եք կատարել:

- Արշիլ Գորկու մասին «Երկար վերադարձ» ներկայացման մեջ նրան էի մարմնավորում երիտասարդ տարիքում: Հետաքրքիր դրամա էր, նրա ապրումների, ջարդերի հետեւանքների, Եղեռնից հետո անընդհատ հետապնդող տեսիլքների մասին: 18 տարեկան էի, թույլ խաղացած կլինեմ, այն ավելի հասուն դերասան էր պահանջում, բայց շատ էի սիրում այդ ներակայացումը:

Արսեն Միքայելյանը


- Ինչպե՞ս ստացվեց, որ ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցաք Գյումրու դրամատիկական թատրոնում:

- Չէի ուզում թատրոնում աշխատել, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ էր, ուզում էի խաղալ, բայց թատերախմբի մեջ չլինել: Կարծում էի, որ դեռ պատրաստ չեմ դրան: Այդ ժամանակ Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ ձայնս կտրեմ ու անեմ այն, ինչ ինձ կասեն: 2015-ից եմ թատրոնում խաղացել, առաջին բեմելս եղել է «Մոխրոտիկ»-ում ու շատ պատահական: Արքայազն էի, որի դերակատարը Երեւանում նկարահանում ուներ, պետք էր նրան արագ փոխարինել: Ինձ ինստիտուտից վախեցած բերել են ու զգեստը հագցրել, մինչ այդ երբեք մեծ բեմի վրա չէի եղել: Սովորաբար, որեւէ տեղում, երբ մարդկանց քանակը 7-8-ից անցնում է, սկսում եմ լարվել, ամեն անգամ բեմ դուրս գալը սկզբում ինձ համար փորձություն է, առաջին 3-4 րոպեն դեռ հարմարվում եմ, որ ինձ նայում են:

- Արսեն, իսկ մեծ բեմ դուրս գալիս պատասխանատվությունը մե՞ծ է:

- Հա, շա՜տ, ահավոր վախենալու է, բայց Գյումրու բեմից հետո ինձ համար արդեն էլ ոչ մի բեմ վախենալու չէ: Առաջին անգամ այդ սարսափը մեզ մոտ եմ ապրել:

- Լսել եմ, որ Գյումրու հանդիսատեսն էլ շատ է տարբերվում. միջամտում է ներկայացումներին, իր կարծիքն ասում:

- Շատ զգացմունքային հանդիսատես է, եթե չհավանեց, պարտադիր այնպես կանի, որ դու զգաս, սուսուփուս չի թողնի ու հեռանա, նստարանը պետք է պարտադիր չխկացնի, որ բոլորը լսեն, դանդաղ քայլերով բեմի դիմացով անցնի: Յուրահատուկ հանդիսատես է,  կարող է հավանել այնպիսի գործ, որը երբեք չես մտածի, որ կսիրի: Շահվերդյանի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» ներկայացման ավարտին հոտնկայս 10-15 րոպե ծափ էին տալիս, հաջորդ օրը «Պատվի համար»-ից չեք պատկերացնի, թե ինչ զզվանքով դուրս եկան:

- Ո՞ր ներկայացումը գալ դիտելու Գյումրու թատրոնում:

- «Քեյսը»՝ անպայման. շատ եմ սիրում, «Մաուգլի»-ն, «Ոչինչ չի մնա»-ն, Նիկոյայ Ծատուրյանի «Հրեշը լուսնի վրա»-ն, թատրոնում այն «ասեղնագործած ներկայացում» են անվանում: Շատ գործեր կան դիտելու:

- Ուզում եմ բեմերի տարբերությունից հարցնել, փոքրում ամեն մանրուք տեսանելի է ու ասում են՝ խաղալը լրիվ այլ զգացողություն է:

- Ես փոքր բեմի սիրահար եմ: Եթե հոգեվիճակդ պետք է արտահայտես մատիդ մեկ շարժումով, այն երեւում է, մեծում այդ հնարավորությունը չունես: Սիրում եմ այդ չափի մեջ ու զուսպ աշխատանքը բեմի վրա: Դրա համար մեծ բեմում, ըստ իս, երբեմն ջանում եմ ինչ-որ բան շատ անել, ինչն ինձ անընդհատ խանգարում է, իսկ փոքրում վայելում եմ  ընթացքը: Շնչառությունից սկսած՝ ամեն ինչ զգում են:

Արսեն Միքայելյանը


- Այդ դեպքում էկրանին ինչպե՞ս եք զգում Ձեզ ու ինչպե՞ս ստացվեց, որ նկարահանվեցիք սերիալում:

- Մինչ այդ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում էի նկարահանվել: «Թղթե երազանքն» իրական փաստերի հիման վրա նկարահանված 24 մասանոց սերիալ է: Նախկինում էլ սերիալներում նկարվելու առաջարկներ եղել էին, բայց երբ չեմ հավանում, միանգամից հեռու եմ գնում: Ռուսաստանից հրավիրած լավ, պրոֆեսիոնալ ու պահանջկոտ ռեժիսոր էր, նրա հետ հենց առաջին զրույցը վարակիչ էր ու որոշեցի խաղալ:  

- Իսկ անսվո՞ր չէր տեսնել Ձեզ էկրանին ու հավանո՞ւմ էիք այդ ընթացքը:

- Առաջին մի քանի սերիաները դիտելիս մտածում էի՝ այս ինչ սարսափելի եմ, ինչ գործ ունեմ այս ոլորտում: Անփորձությունն էլ դրանում մեծ դեր ուներ, սերիալի նկարահանումների ժամանակ եմ առաջին անգամ տեսախցիկի հետ շփվել կինոյի լեզվով: Մի քանի մաս անցավ, ու արդեն լրիվ հանգիստ էի: Շատ հաճելի ստեղծագործական ընթացք էր:

- Ձեզ համար որքանո՞վ են կարեւոր խաղընկերները, քանի որ թատրոնն էլ, կինոն էլ լավ թիմի կարիք ունեն:

- Շատ կարեւոր են: Երբ նոր խաղընկեր է հայտնվում, ու չեմ ճանաչում, ինձ համար մի շատ հետաքրքիր ուսումնասիրության ընթացք է սկսվում, «կերպարային սիրահարվածություն» եմ այն միշտ անվանում: Մի շրջան տարվում եմ նրանով, նայում, թե իր էջով ինչ հրապարակումներ է անում, ինչ տեսանյութեր ունի, որտեղ է նկարվել, այդպես կամաց ծանոթանում եմ ու սկսում շփվել: Այդպես է եղել Իննա Խոջամիրյանի դեպքում, տեղյակ չէի նրանից, սերիալներում էր նկարահանվել ու Ինստագրամում շատ հետեւորդներ ուներ, բայց իսկապես չէի լսել նրա մասին: Համացանցում էի փնտրում տեղեկություններ: Մարիամ Ադամյանի դեպքում էլ նույնն էր:  

- Ձեզ պատկերացնո՞ւմ եք Գյումրիի թատրոնից դուրս:  

- Թատրոնի իմաստով այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ ներդաշնակ ու հանգիստ եմ, չգիտեմ՝ ուրիշ տեղ ինչպես կլինի: Նկարահանվելու առաջարկներ շատ են լինում, բայց երբ սովորաբար իմանում եմ խոսքը 150 կամ 200 սերիայի մասին է, հրաժարվում եմ: 16 մասանոց ֆիլմ պետք է նկարեինք, փորձերն էլ սկսվել էին, բայց պատերազմի պատճառով ընդհատվեցին:

- Ինչպիսի՞ն է Ձեր Գյումրին ու ինչո՞ւ եք այն այդքան սիրում:

- Գյումրիի մասին մի անգամ ասել եմ ու շատ հավանել, որ Գյումրին լքելը պարտադիր է, չվերադառնալը՝ մեղք: Երբ 17-18 տարեկան ես ու արյունը մեջդ եռում է, Գյումրին քեզ շատ սահմանափակ է թվում, փորձում ես արհեստածին խոչընդոտներ հաղթահարել: Ես այն սերնդից էի, որը պատռված ջինսեր էր հագնում, կեդերով, գունավոր վերնաշապիկներով ու երկար մազերով ման գալիս, մարդկանց համար այդ ամենը շատ օտար էր: Գյումրու սեւ շրջանի վերջերն էին, հիմա ես երկար մազերով հանգիստ քայլում եմ քաղաքում (ծիծաղում է,- հեղ.): Տարիքի հետ սկսում ես հստակեցնել քո ու քաղաքի հարաբերություններն ու որոշել սահմանները, որ հոգեւոր բախումներ չլինեն: Շատ զգացմունքային քաղաք է Գյումրին, երբ Պետերբուրգում եղա, այնքան նմանություն գտա այդ առումով: Մտնում ես ու ուրիշ թրթիռ մեջդ զգում, թռիչք է մեջդ մտնում Գյումրիի հետ, շատ քիչ քաղաքներ նման էներգետիկա ունեն, մեկ էլ Ստեփանակերտում եմ նման բան զգացել: Ապրելու ցանկություն է առաջացնում: Շատ երջանիկ եմ, որ արագ քայլերով է զարգանում Գյումրին: Հուսամ՝ մի քանի տարի անց զբոսաշրջային կենտրոն կդառնա:

- Գյումրիից բացի, որո՞նք են Ձեր քաղաքները:

- Միանշանակ, Սանկտ Պետերբուրգը, առաջին տպավորությունն այն է, որ թանգարանի մեջ ես: Իմ տեսած եզակի քաղաքներից է, որ արվեստագետներն ավելի շատ էին, քան սովորական մարդիկ: 200-ից ավելի թատրոններ կան, տոմս ճարելը շատ դժվար էր, 1 ամիս առաջ էին սպառվում: Հեքիաթային, մշակութային ու ոգեղեն քաղաք է: Միակն է, որտեղ ականջակալների կարիք չկա, որովհետեւ ուզում ես լսել քաղաքի աղմուկն ու ձայնը: Ամեն ինչի մեջ արվեստ կա, այնտեղ թեկուզ եւ ժամանակավոր, բայց կապրեի:

Արսեն Միքայելյանը


- Դուք նաեւ ծառայել եք բանակում, ինչպե՞ս են անցել այդ 2 տարին ու ի՞նչ տվել Ձեզ:

-  23 տարեկանում եմ գնացել բանակ ու ծառայել Մարտունու զորամասերից մեկում: Այդ ժամանակ ծրագիր կար, որով ուղարկում էին թատրոն, 2 տարի աշխատում էիր ու դա ծառայություն էր համարվում: Մենք դիմել էինք դրան, սակայն միայն վերջին պահին իմացանք, որ նախարարը չի ստորագրել հրամանը: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո էր, ու այդպես անսպասելի գնացի ծառայելու: Սկզբում սարսափելի էր ինձ համար, ազատ մարդ էի ու պետք է հստակ գրաֆիկով ապրեի, մինչեւ վերջ էլ ինձ թվում է՝ զինվոր չդարձա: Հասկացա, որ ժամանակն իզուր չանցկացնելու միակ տարբերակն ինքնազարգացումն է, կենտրոնացա անգլերենի վրա ու շատ գրականություն կարդացի: Տղաներն էլ ոգեւորվում էին ու կարդում, պատմում իրար:

-  Իսկ կյանք հե՞շտ վերադարձաք, թե՞ ժամանակ պետք եղավ:

- Մտքով պատրաստ էի, տվյալներով՝ չէ: Այդ շրջանի դերերը կիսատ էին ինձ համար, դեռ բացված չէի, 2 տարի դադար էր եղել, ու ժամանակ էր պետք, որ ժանգը մաքրեմ ու նորից վերադառնամ: Բանակից անմիջապես հետո ուզում էի Ռուսաստան գնալ, Պետերբուրգում էի ապրելու, ամեն ինչ պլանավորել էի, ու մեկնելուց 10 օր առաջ ընկերս  զանգեց ու ասաց, որ Հրաչ Քեշիշյանն ուզում է «Ոչինչ չի մնա»-ն բեմադրել: Իմ սիրած դերերից մեկն էր, մի շաբաթից փորձերը սկսվեցին, ու այդպես մնացի, ինչի համար չեմ ափսոսում:

- Անձամբ Ձեզ համար 2020-ի պատերազմն ու հետեւանքներն ինչպիսի՞ն էին:

-  Այնքան բարդ է խոսել այդ ամենի մասին, երբեմն այդ դեպքերի հետ կապված տեսանյութեր դիտելիս եմ նոր սկսում գիտակցել, թե ինչերի միջով ենք անցել: Չենք հասկացել, թե ինչպես ենք գոյություն ունեցել այդ ընթացքում: Ընկերներ ունեցա, որոնք զոհվեցին, եղբայրս էր պատերազմի ընթացքում ծառայում, ու մեր տանն անընհդատ սպասում կար, ընդամենը 1 օր եղավ, որ չկարողացավ զանգել, ու սարսափելի էր մեր վիճակը: Ամբողջ երկրի հետ էր այդ ամենը տեղի ունենում: 90-ականների պատերազմը չէինք տեսել, հետեւանքներն էինք զգում, բայց երբեք չէի պատկերացնում, որ մենք էլ այդ ամենի անմիջական մասնակիցը կդառնանք: Պատերազմն իր խոր հետքերը թողել է մեր մեջ ու երբեք էլ չենք լինի այն, ինչ առաջ էինք:

- Իսկ ի՞նչ եք կարծում, Ձեր ողջ ներուժն արտահայտում եք, թե՞ մինչ այս պահը դեռ ամենը չեք հասցրել:

- Ինձնից միշտ դժգոհ եմ մնում: Իմ ամենամեծ քննադատն եմ, ինչը շատ լավ է, կան եւս մի 2-3 հոգի, որոնց կարծիքն ինձ համար կարեւոր է: Առաջին հերթին իմ ուսուցիչն է՝ Լյուդվիգ Հարությունյանը. իր նայելուց հետո եմ հասկանում՝ լավ էր արված, թե՝ ոչ:

- Իսկ նա հանգիստ ասո՞ւմ է իր կարծիքը:

-  Միշտ ջախջախում է, ոչնչացնում է առանց խնայելու: Ասում է այն, ինչ կա: Ամեն-ամեն ինչ հայտնում է, ինչը շատ լավ է:

-  Ձեր ընտանիքը հաճա՞խ է գալիս ներկայացումները դիտելու:

-  Անպայման գալիս է: «Մաուգլի»-ի պրեմիերային հրավիրատոմսերի հետ կապված խնդիր կար, տոմս ճարելը դժվար էր, ծնողներս ու եղբայրս գնել էին ու եկել, այնքան լավ էր: Մերոնք շատ լավ երեւույթներ են. հուզվում են, հետեւում, ոգեւորվում: Մարդկանց հետ խոսակցությունն այնպես են պտտում, որ կարողանան ինձ ներկայացնել ու ասել, թե ովքեր են (ծիծաղում է,-հեղ.): Նույնիսկ մրցանակներ ունեմ, որոնք տանն ամրացրել են պատին, ինչի համար ամաչում եմ ու խնդրում հանել:


-  Իսկ մասնագիտության մեջ աճելու համար Ձեզ ո՞ւմ հետ եք համեմատում:

- Ստեղծագործելիս երբեք չեմ նայում, թե Հայաստանում ինչպես կանեն, մտածում եմ՝ եթե Եվրոպայում խաղայի, ինչպես կգործեի, որ հանկարծ լճանալու խնդիր չառաջանա: Ջեյմս Մաքէվոյի երկրպագուն եմ, երբ դեր եմ խաղում, պատկերացնում եմ, թե նա ինչպես կաներ: Մարիոն Քոտիարին եմ շատ սիրում, Էդիթ Պիաֆի դերը նրա կատարմամբ քանդակագործություն էր, Մերիլ Սթրիփին, Մարգո Ռոբիին, շատ հյութեղ դերասանուհի է, Էմմա Սթոունին, բոլորն էլ շատ լավ են կերպարանափոխվում: Միշտ հետեւում եմ՝ ինչ են անում: Ռուսներից Ալեքսանդր Կուզնեցովին եմ հավանում:

- Բայց դերասանի աշխատանքը շատ պատասխանատու է, ամեն ինչ ասես ափի մեջ լինի ու միանգամից երեւում է:

-  Ձախողումները լավ են հիշվում (ծիծաղում է,-հեղ.): Ամեն նոր դերի համար զրոյանում եմ ու հոգեբանորեն ուսանող դառնում, ինձ թվում է՝ անփորձ եմ, ոչինչ չգիտեմ այս մասնագիտության մասին: Երբ իսկապես սկսում ես գործին մատների արանքով նայել, քեզ համարժեք պատասխան է տալիս: Ահավոր սարսափում եմ, քանի որ շատ նուրբ է այդ անցումը, կարող է դեպի դիլետանտության տանել, փորձում եմ շատ խիստ լինել իմ հանդեպ: Ես թատրոն եմ գնում ներկայացումից 2 ժամ առաջ, որ ձայնս տաքացնեմ, մարմինս պատրաստեմ, տեքստերը հիշեմ: Մեկ-մեկ կարող է հանգիստ վիճակը վտանգավոր հետեւանքներ ունենալ: Միշտ պիտի սթափ լինել, երբեք չեմ հենվում փորձառության վրա:  

- Այնքան սիրով եք խոսում Ձեր աշխատանքից, իսկ կա՞ մի բան, որ չեք սիրում:

- Ատում եմ հագուստի պատրաստման փուլը, որ դերասանը պետք է փորձի. անընդհատ չափեր են վերցնում, ամենանողկալի ընթացքն է:

- Դուք նաեւ դասախոս եք, ի՞նչ եք սովորեցնում Ձեր ուսանողներին:

- Շատ բան ինքս եմ նրանից սովորում: Խիստ եմ, բայց զուտ մասնագիտական իմաստով, մարդկային առումով փորձում եմ զգույշ աշխատել, որ իրենց անհատականությունը չփչանա: Ամեն մեկն իր տեսակն ու գույնը պետք է բերի: Լարախաղացի աշխատանքի պես է, նրանք լարով գնում են իրենց նախընտրած կողմով, իսկ ես հսկում, որ չընկնեն:

- Իսկ ամեն իմացածով կիսվո՞ւմ եք, թե՞ որոշ գաղտնիքներ չեք բացահայտում:

- Ոչինչ չեմ խնայում եւ ինչ գիտեմ ու ունեմ, այն ամենն, ինչ այդ պահին պետք է, տալիս եմ ուսանողներիս: Միասին ֆիլմեր ենք նայում, 700-800 ներկայացում ենք արդեն օնլայն դիտել: Նույնն էլ գրականությանն է վերաբերում. անընդհատ տարբեր հեղինակների ենք կարդում, վերլուծում, ինչքան հնարավոր է լայն ենք մտածում ու փորձում թատերական ինստիտուտի ստանդարտներից դուրս նայել:

- Հիմա շատ տարածված են գրական տեքստերով կարճ հոլովակները: Եթե այս պահին նկարեինք, ի՞նչ տողեր կընտրեիք:

- Եր Կար կեղծանունով ընկեր ունեմ, որն իմ ամենասիրելի ժամանակակից գրողներից է:  Նրա «Մեզ կծեցին» գործը շատ եմ հավանում, կընտրեի «Մեզ կծեցին մոծակները, վարկերը, գրքերը՝ 2 անգամ, ու մենք սկսեցինք հայհոյել իրար աշխարհի ամենակոպիտ աղոթքներով» տողերը:

- Ո՞ր որակն եք բերել մանկությունից ու հույս ունեք էլ բաց չեք թողնի:

- Ցանկացած անարդարության դեմ անհանդուրժողականությունը: Մանկությունից չեմ կարողանում մարսել, երբ անարդար բան է կատարվում, չգիտեմ՝ ինչ է այդ պահին կատարվում հետս, կարող եմ խելագարվել, եթե դա կանխելու ինչ-որ ձեւ չգտնեմ: Դրա համար կամ պետք է արագ հեռանամ, կամ գտնեմ միջոցներ անելու դա: Գոնե փորձում եմ այն աշխարհում, որտեղ ես եմ ապրում, այս ամենը պահել:


- Ամենաարժեքավոր բանը, որ ունեք:

- Մարդիկ են, որոնց սիրում եմ:

- Իսկ ի՞նչ է սերը Ձեզ համար ու որքանո՞վ է պետք:

- Սերը ծանր աշխատանք է, սերը ջղեր ու հոգու արիություն է պահանջում: Սերն այս ամենի մի մասն է ու ոչ մի բան չեմ պատկերացնում առանց սիրո: Այն ամեն ինչի հիմքում է: Կուզեմ, որ սիրեն ոչ թե խոսքով, այլ միշտ գործով:

- Որո՞նք են Ձեր գրքերը:

-  Շատ գրքեր եմ կարդացել, վերջինը Չակ Պալանիկի «Սնաֆ»-ն է: Գրքերից, որ իմ կյանքում իսկապես բան են փոխել, Հեսսեի «Տափաստանի գայլն» է ու Լին Ուլմանի «Երբ քեզ հետ եմը»: Մեկ էլ շատ եմ սիրում Բյոլի «Բիլիարդ ինն անց կեսին» վեպը: Մուրակամին լավ գործեր ունի, կնշեմ «Նորվեգական անտառը»:

- Երկիր, որտեղ կուզեք լինել:

- Նորվեգիան է, պատանեկության տարիների երազանքներից է, շատ եմ ուզում սկանդինավյան երկրները տեսնել: Բնության ու քաղաքների մեջ խաղաղություն կա, չգիտեմ՝ ինչպես են ստացել, բայց մտքով հանգստանալու տեղ է:

- Օրվա Ձեր ժամը:

- Գիշերը մեկից հետո մինչեւ ժամը 4:00-ն, հետո օրս ավարտվում է:

Արսեն Միքայելյանը


- Ձեր երգը:

- Մի երգ կա, որին անընդհատ վերադառնում եմ, Lou Reed-ի «Perfect Day»-ն է, կատարյալ օրվա մասին է:

- Գյումրիի բարբառից Ձեր ամենաշատ օգտագործելի բառը:

- Կռնա:

- Հայտնի ո՞ր ֆիլմում կուզեիք խաղացած լինել:

-  Ֆոն Թրիերի «Ապուշներ»-ում, այն մի խումբ մարդկանց մասին է, որոնք հավաքվում են ու իրենց հիմարների պես պահում: Կուզեի նաեւ Արանոֆսկու ու Նոեի ֆիլմերից որեւէ մեկում խաղալ, նրանց միջավայրն ինձ շատ հարազատ է:

- Վերջինն ի՞նչն է Ձեզ ոգեշնչել:

- Վերջին մեծ ոգեւորությունը եղել է Սերեբրեննիկովի «Սովորական հրաշք» ներկայացման ժամանակ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է կյանքը ծամում մեր նվիրական երազանքները: Բոլորս էլ մի օր դառնում ենք այն, ինչը ժամանակին ատել ենք։ Դա տեսնել է պետք: Մոտ մեկ շաբաթ ներկայացման տպավորության տակ էի։

- Գիտեմ, որ Ամանորը սիրում եք, ինչպե՞ս եք սովորաբար նշում:

-  Ամենաընտանեկան տոնն է ինձ համար: Դեկտեմբերյան նախապատրաստական փուլն ավելի շատ եմ սիրում, քան հենց տոները: Երբ զարդարում եք տոնածառն ու տունը, խոհանոցից անուշ հոտեր են գալիս, մեկը մանդարին է ուտում, տոնական ֆիլմեր են ցույց տալիս, այդ ամենը հեքիաթային մանկություն է տանում: Ես վայելում եմ դեկտեմբերը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Նկարահանման վայրը՝  Balcon Cascade

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին