×


Դանիել Մյուլլեր-Շոթի առաջին ելույթը Ֆիլհարմոնիկի հետ եւ խոստովանությունը

Աշխարհում ամենապահանջված թավջութակահարներից մեկը, 21-րդ դարի դասական երաժշտության յուրատեսակ դեսպան համարվող գերմանացի Դանիել Մյուլլեր-Շոթն այս օրերին Հայաստանում էր. նա առաջին անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգից առաջ BRAVO.am-ի հետ զրույցում Շոթը պատմել է, որ սա  երկրորդ այցն է մեր երկիր, որտեղ հանդիսատեսը միշտ շատ ջերմ է:

«Առաջին համագործակցությունս է ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նախորդ անգամ Երեւանում հանդես եմ եկել դիրիժոր Քրիստոֆ էշենբախի հետ, այս անգամ կարճ ժամանակով եմ այստեղ եւ ուրախ եմ կրկին գալու համար: Հրաշալի փորձ է ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես գալը: Նրանցից զգում եմ պրոֆեսիոնալ, ջերմ մոտեցում եւ աջակցություն, շատ հաճելի էր միասին նվագելը: Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա նույն տպավորությունն ունեմ՝ Հայաստանում մարդիկ շատ ընկերական են ու ջերմ, սիրում են երաժշտություն՝ հատկապես դասական, այստեղ հիանալի մշակույթ կա, բացի այս, սնունդն անհավանական համեղ է», - նշել է նա։


Հեղինակավոր The New York Times-ը Մյուլլեր-Շոթին որակել է որպես «Անվախ թավջութակահար՝ փայլուն տեխնիկայով»: Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Աշկենազին, Շառլ Դյութուան, Քրիստոֆ Էշենբախը, Կուրտ Մազուրը, Սակարի Օրամոն եւ Անդրե Պրեւինը: Նա Աննե-Սոֆի Մուտտերի եւ Անդրե Պրեւինի հետ ձայնագրել եւ թողարկել է Մոցարտի Դաշնամուրային տրիոները:

Դանիել Մյուլլեր-Շոթը


Երեւանում կայացած համերգային երեկոն նվիրված էր Անտոնին Դվորժակի 180-ամյակին, հնչեցին նրա Թավջութակի կոնցերտը եւ Սիմֆոնիա թիվ 8-ը:  Համերգից անմիջապես հետո Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ սովորաբար, եթե համերգից գոհ է լինում, ապա ուրախ է լինում. այս համերգից գոհ էր:


«Իմ կյանքի իմաստը լավ երաժշտություն ներկայացնելն է: Շոթն այս պահին առաջին կարգի թավջութակահարներից մեկն է աշխարհում, նախորդ այցից հետո փորձում էինք նորից հրավիրել, բայց չէր ստացվում, հիմա արդեն ստացվեց, եւ երկար համագործակցություն ունենք իր հետ: Երեւանում հաջորդիվ նա հանդես կգա Յուլիա Ֆիշերի հետ՝ ներկայացնելով Բրամսի կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար: Իրենց համագործակցության 20-ամյակի կապակցությամբ է: Ընդհանրապես այս տարի մեծ երաժիշտներ են գալու Հայաստան»,-եզրափակել է Թոփչյանը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին