×


Ռուբեն Մաթեւոսյանի 80-ամյակի երեկոն, անակնկալը տիկնոջը եւ ներկաների խոստովանությունները

23 տարեկանում վաստակավոր արտիստի կոչում, այն էլ Խորհրդային տարիներին հազվադեպ է լինում։ Բայց Ռուբեն Մաթեւոսյանն իր բացառիկ ձայնի շնորհիվ  հենց այդ տարիքում արժանացավ հեղինակավոր կոչմանը։ Նրա ձայնն ու երգերը ճանաչելի են առաջին իսկ վայրկյանից։ Օպերային թատրոնում երեկ մաեստրոյի 80-ամյակին նվիրված համերգային երեկո էր:

Երգիչն ասում է՝ ընկճված չէ եւ տարիքը բեռ չէ իր ուսերին, պարզապես տարիներն են, որ գումարվել են իրար ու դարձել են 80.«Ես մոռացել եմ, որ 80 տարեկան եմ: Միշտ ասում եմ՝ 60 տարեկան եմ, քանի որ 60 տարի է՝ երգում եմ։ Ու ինձ համար այդ տարիները շատ կարեւոր են»։


18 տարեկանից սկսեց հանդես գալ եթերում, իսկ 1961-ին, երբ ընդունվեց Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլ, երիտասարդ Ռուդիկին(ի ծնե անունը) կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը ներկայացրեց Ռուբեն Մաթեւոսյան։

«Ինձ տրված էր ձայն բնությունից. Աստծո պարգեւն էր։ Արդեն ավարտել էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանն ու կարողանում էի երգերի բնագրերն ինքնուրույն ընթերցել: Բայց պետք էր բարձրագույն կրթություն ստանալ, եւ ընդունվեցի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը՝ զուգահեռ ուսանելով կոնսերվատորիայի պրոֆեսոր Թամար Շահնազարյանի դասարանում». մաեստրոն հպարտությամբ է նշում, որ իրեն վստահվել է հարյուրավոր երգերի կատարման իրավունք ու այդ իրավունքը երգիչը կարող է ստանալ մի դեպքում, երբ ոչ միայն ժողովրդականություն է վայելում, այլեւ պրոֆեսիոնալ է եւ կարող է ստեղծել երգ։


Ժողովրդական արտիստն այսօր ղեկավարում է այն նույն անսամբլը, որտեղ ծնունդ առավ երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը։ Իսկ Օպերային թատրոնի կուլիսներում իրարանցում էր։ Վարպետի 80-ամյակին ներկա էին նրա ընկերները, գործընկերները, աշակերտները։ Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը ժպիտը դեմքին հիշում է երանելի ժամանակները, երբ հանդիպում էին Հանրային հեռուստատեսությունում եւ ամեն հանդիպում վերածվում էր տոնի.«Ուզում եմ, որ ինքն, ինչպես առաջներում՝ խորհրդային տարիներին, սպասված, ցանկալի հյուր էր, այդպես էլ մնա, որ եւս տասնյակ տարիներ մեր մաեստրոն մեր կողքին լինի»:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ ոչ թե տարիների ընկեր են, այլ երկու դարի: Ամիրխանյանն ասում է, որ միասին մեծ ճանապարհ են անցել. իր երգերից շատերը ճանաչվել են Ռուբեն Մաթեւոսյանի շնորհիվ:


Երգիչ Վարդան Բադալյանը խոստովանում է՝ ծնված օրվանից Ռուբեն Մաթեւոսյանի երգերն ուղեկցել են իրեն: Եվ այսօր էլ նոր երգ սովորելուց առաջ անպայման լսում է նրան, քանի որ նա ամեն երգ կատարում է ակադեմիական մաքրությամբ:

Լեյլա Սարիբեկյանի համար Մաթեւոսյանի ստեղծագործական կյանքն ուղենիշ է: Նա բացառիկ արվեստագետ է թե՛ աշուղական, թե՛ գուսանական, թե՛ կոմպոզիտորական գործեր կատարելիս, բացառիկ է նաեւ նրանով, որ կարողանում է գնահատել երիտասարդ կատարողներին: Իսկ մեծ վարպետից լսել նման խոսքեր պարտավորեցնող է:


Նունե Եսայանը 30 տարի առաջ է հանդիպել մաեստրոյին, երբ սովորում էր «Հայ համերգին» կից էստրադային քոլեջում.«Երազում էի, որ ինձ նկատեր, ու այսօր մենք ընկերներ ենք: Երբ ասում ենք հայ երգ՝ ես պատկերացնում եմ Ռուբեն Մաթեւոսյանին: Իր երգեցողությունն ինձ համար վարժություն է. միշտ լսում եմ ու անգամ այն մելիզմները, որ կատարում է, սկսում եմ սովորել»:

Նշենք, որ համերգի ռեժիսորն Արամ Սուքիասյանն էր, բոլոր արտիստները կատարում էին մաեստրոյի երգերը, եւ վերջում Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլի հետ բեմ բարձրացավ հենց հոբելյարը: Համերգն ավարտվեց «Սիրուններ, միք նեղանա» երգով, եւ ինչպես նշեց Ռուբեն Մաթեւոսյանը, թերեւս բեմից առաջին անգամ երգը նվիրեց սիրելի տիկնոջը՝ տիկին Զվարթին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ.«Իմ Զվարթ, դու իմ կյանքը դարձրիր զվարթ»:


Համերգը նախաձեռնել էր Հայաստանի հանրային ռադիոն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին