×


Ելենա Վարդանյան. «8 տարի երեխա չենք ունեցել, եւ հետո ծնվեց մեր հիասքանչ որդին»

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացած Ելենա Վարդանյանն անհավանական ու տրամադրող էներգիա ունի ոչ միայն բեմի վրա, կյանքում էլ նա ջերմ է ու ուշադիր: Այն դերասանուհիներից է, որ ներկայացումից հետո չի մոռանա զանգահարել ու կարծիքդ իմանալ աշխատանքի մասին:

BRAVO.am-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին պատմեց անցած ճանապարհի, ամուսնու հետ ծանոթության ու որդու մասին, բացահայտեց, թե ինչու է այդքան սիրում իր մասնագիտությունը:

- Ինչպիսի՞ն են առաջին հիշողությունները Ձեր մանկության մասին:

- Չէի սպասում այսպիսի հարց, ինձ անակնկալի բերեցիք: Իմ մանկությունը պարզապես հիանալի է անցել, հեքիաթի պես: Աստված ինձ Միլենայի պես քույր է նվիրել, որը նույնպես դերասանուհի է: Նա, երեւի թե, ողջ կյանքի ընթացքում իմ միակ ընկերն է: Իհարկե, կան գործընկերներ, մարդիկ, որոնց հարգում եմ կամ ընտանիքի պես վերաբերվում, բայց ամենակարեւոր մարդը, որից երբեք գաղտնիքներ չունեմ ու ամեն ինչով կիսվում եմ, քույրս է: Նրա հետ չարություններ ենք արել եւ ուրախացել: Մեր ծնողներն ամեն ինչ արել են, որ ոչնչի մասին չմտածենք:


- Դուք ապրել եք արտերկրում, ինչպե՞ս եղավ, որ հաստատվեցիք Երեւանում:

- 2-րդ դասարանում էի սովորում, երբ Մոսկվայից տեղափոխվեցիք Մոլդովա, որտեղ հայրիկս մեծ բիզնես ուներ: Պատանեկությունս այնտեղ հիանալի է անցել: Իսկ Երեւանում ապրում եմ 24 տարեկանից. մինչ իմ տեղափոխվելը ծնողներս արդեն մեկ տարի այստեղ էին, հյուր էի եկել նրանց, հետադարձի տոմս էլ ունեի: Երկու շաբաթ ունեի հանգստանալու ու որոշեցի թատրոն գնալ: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում դիտեցի «Ամեն տարի` նույն օրը» ներկայացումը Արթուր Կարապետյանի ու նրա կնոջ՝ Սաթիկ Հախնազարյանի մասնակցությամբ: Շատ հավանեցի ու մտածեցի՝ գուցե ես էլ փորձեմ, թեեւ բիզնեսի կառավարում էի սովորել ու թատրոնից շատ հեռու էի:

- Փաստորեն այդպես հանկարծակի ու անսպասելի՞ որոշեցիք դառնալ դերասանուհի:

- Եկա տուն ու ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ Թատերական ինստիտուտում սովորել: Բայց խնդիր կար՝ չէի կարողանում գրել ու կարդալ հայերեն, այդ ժամանակ մայրիկիս ընկերուհին ասաց, որ Ստանիսլավսկու անվան թատրոնը ստուդիա ունի, որտեղ ռուսերենով է ուսուցումը: Անմիջապես զանգահարեցի նրա տված հեռախոսահամարով ու ասացի.«Բարեւ Ձեզ, ես Ելենա Վարդանյանն եմ, ուզում եմ Ձեզ մոտ սովորել ու աշխատել» (ծիծաղում է,-հեղ): Ու ինձ պատասխանեց շատ ծանրակշիռ ու գեղեցիկ ձայն.«Բարեւ Ձեզ, մեզ մոտ իսկապես սովորում են, բայց ինչի՞ց ենթադրեցիք, որ աշխատանք էլ են տալիս»: Խանդավառությունս ու ձայնս նրան դուր եկան, ասաց, եթե 10 րոպեում հասցնեմ թատրոնում լինել, կխոսի հետս: Իհարկե, մայրիկիս հետ հասանք, պարզվեց՝ զանգիս Ալեքսանդր Գրիգորյանն էր պատասխանել: Ստուդիան 3 տարի է, ինչ բացվել էր, դասերը 2,5 տարի ընթանում էին, ուսանողները 17 տարեկան էին, իսկ ես, Գրիգորյանի կարծիքով, արդեն ծեր՝ այնտեղ սովորելու համար: Առաջարկեց նրանց անցած ծրագիրը մեկ շաբաթում յուրացնել, եթե ստացվեր, կընդունեին: Ամեն ինչ սովորեցի ու պատմեցի, Գրիգորյանը սեղմեց ձեռքս ու հայտնեց, որ ընդունվել եմ: Այդպես էլ մնացի թատրոնում: 2008 թվականին առաջին ներկայացումս էր՝ մանկական «Վերնատնակ»-ում, ապա խաղացի «Մորգանի խնամին»:

- Եթե Ձեզ 24 տարեկանում խորհուրդ տալու լինեիք, ի՞նչ կասեիք կարիերան նոր սկսելիս:

- Ամեն ինչ շատ ճիշտ ես անում, թեեւ բարդ է լինելու, բայց արժե այդ ամենի միջով անցնել:

- Իսկ այն ժամանակ կպատկերացնեի՞ք, որ հաջողակ ու ճանաչված դերասանուհի եք դառնալու, նաեւ «Արտավազդ» մրցանակ ստանալու:

- Այն ժամանակ այդ առումով ամբիցիաներ չեմ ունեցել, չգիտեի էլ, որ նման մրցանակ կա: Հետո սկսեցի հաճախել մրցանակաբաշխությանն ու ուրախանալ գործընկերներիս համար: Անգամ երազելի դեր չունեմ, միշտ մտածում եմ հենց հիմա ու այստեղ տարվող աշխատանքի մասին, որ այն առավելագույնս լավ կատարեմ:
 


- Իսկ ի՞նչն է Ձեզ դուր գալիս մասնագիտության ու դերասան լինելու մեջ:

- Բարդ հարց է, գիտե՞ք ինչու, որովհետեւ հեշտ կլինի ասել, թե ամեն ինչ որքան հաճելի է, թե ինչպես ենք տարբեր մարդկանց կերպարներ փորձում, տարբեր կյանքեր ապրում եւ ծափահարություններ ստանում: Դեռ 2008-ին հասկացա, որ սա իմ կենսակերպն է, ոչ թե պարզապես աշխատանք: Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ ինձ պատեպատ է զարկում, դողացնում եմ, մտածում՝ չեմ կարող, այնպիսի տպավորություն է, որ կաթված կստանամ, բայց բեմում ամեն ինչ անցնում է:

- Բայց չէ՞ որ արդեն վաղուց խաղում եք, ինչո՞ւ է ամեն անգամ նույն վիճակը կրկնվում:

- Այդ հարցը ես էլ ինձ տվեցի օրերս ու հասկացա, որ մենք, հավանաբար, ադրենալինից կախում ունեցող մարդիկ ենք: Այդ խելահեղ էմոցիաները ոչ մի տեղ չկան, դրանք են ինձ տոնուսի մեջ պահում: Դա կախվածություն է, բացարձակ սեր մասնագիտության ու դերերի, խաղընկերների եւ թատրոնի նկատմամբ: Երբ հարցնում են, թե որեւէ մեկի մեջ ի՞նչն ես սիրում, երբեք չես կարող այդ հարցին պատասխանել, նույնն էլ թատրոնի դեպքում է:

- Արվեստը սուբյեկտիվ է. այն, ինչ մեկին դուր է գալիս, մյուսին կարող է անտարբեր թողնել: «Գարդենիան» ու Ձեր դերը շատ տպավորիչ են ստացվել, ինչո՞վ է այն դիպչում ամեն մեկին:

- Դուք ներկա էիք մեր 38-րդ ներկայացմանը, կարանտինի ժամանակ շաբաթական 4 անգամ խաղում էինք: Ներկայացումից հետո չի եղել մի դեպք, որ հանդիսատեսից որեւէ մեկը չասի, որ այդ 4 կանանց նման մորաքույր կամ տատիկ ունի: Ուրեմն կարողացել ենք դերասաններով ու ռեժիսորով ճիշտ աշխատել, եթե նման ապրումներ են առաջանում՝ արտասվում են, հուզվում, հիշում ինչ-որ բան:


- Ներկայացման ռեժիսորը Գոռ Մարգարյանն է, ինչպիսի՞ն էր նրա հետ համագործակցությունը:

- Գոռի հետ առաջին անգամ էի աշխատում, մինչ այդ նույնիսկ ծանոթ էլ չէինք: Նա իրեն հիանալի էր դրսեւորում աշխատանքի մեջ, մտածողության ու կանանց էությունը հասկանալու տեսանկյունից էլ արտակարգ էր: Խաղընկերուհիներս էլ մեկը մյուսից լավն են, լինում են, չէ՞, այնպիսի գործեր, երբ բոլոր աստղերը համընկնում են ու ներգրավված մարդիկ մեկ շղթայի օղակն են: Մենք էլ հանդիպել էինք ճիշտ տեղում ու անհրաժեշտ պահին, դա էլ ներկայացման գրավականներից է:

- Ինչպե՞ս եք ստացել Ձեր կերպարը, որի կյանքը շատ անհաջող է դասավորվել, բացի այդ էլ բավական նախատիպային է՝ առօրյայում հաճախակի հանդիպող:

- Բարդությունը նաեւ նրանում էր, որ չորս դերակատարներս իրար նման չլինենք: Համագործակցության արդյունք է, փորձերի ընթացքում են իմ ու ռեժիսորի գլխում ծնվել մտքեր, թե նա ինչպիսին պետք է լինի: Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է զարգացած ինտուիցիա ունենալ, այդ դերը լրիվ այլ է, ես չեմ ընդհանրապես, երբեք նման ապրումներ չեմ ունեցել, ու Աստված տա՝ ոչ ոք էլ չունենա: Բայց եթե դերասանն ունի ինտուիցիա ու ուղեղ, նա կարողանում է օգտվել դրանից: Դերը պատառիկներով է հավաքվել:  

- Անչափ վառ եք այդ կերպարում, պայթուցիկ էներգիայով, ո՞նց եք ամեն անգամ գտնում անհրաժեշտ հույզեր:

- Չեմ կարծում, որ ամեն անգամ նույնն է լինում, յուրովի է ստացվում՝ կախված այդ պահին ունեցած զգացողություններից: Աշխատելու սովորություն է, չեմ կարող ասել՝ միայն տեխնիկայի շնորհիվ է: Եթե ամեն ինչ ներս գցես, քեզնից ոչինչ չի մնա, փորձում ես այնպես անել, որ ե՛ւ քեզ համար վտանգավոր չլինի, ե՛ւ հանդիսատեսն իր տեսածին հավատա: Եթե փորձերն առավոտյան ժամը 11-ից մինչեւ գիշերը ժամը մեկն են, այդ ընթացքում եմ ինձ ներքուստ ոչնչացնում, պատռում, վնասում, կոտրված մեջքով ու վատ տպավորություններով աշխատում, բայց թատրոնից դուրս գալուց հետո ամեն ինչ մոռանում եմ, քանի որ ընտանիք ունեմ եւ չեմ կարող այդ ամենն ինձ հետ տուն տանել:


- «Խաղ» ներկայացմամբ Ձեր նորամուտը նշեցիք որպես ռեժիսոր, ինչպե՞ս որոշեցիք Ձեզ այդ կարգավիճակում փորձել:

- Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ 2 ամիս ազատ ժամանակ ունեի ու մտածեցի բեմադրելու մասին: Ամեն ինչ արագ ստացվեց, հիանալի կազմ է հավաքվել, մեծ հաճույք ստացանք համատեղ աշխատանքից: Իմ նպատակը բնավ էլ ռեժիսոր դառնալը չէր: Ուզում էի կատակերգություն բեմադրել, հնարավոր է՝ ժամանակները երբեք էլ չհեշտանան, ամեն ամիս մի նոր բան է տեղի ունենում: Նպատակս էր, որ հանդիսատեսն ուրախ հեռանա թատրոնից, ու հաջողվեց: Սկսեցի նաեւ ավելի լավ հասկանալ ինձ հետ աշխատող ռեժիսորներին: Երբ դերասանն է ներկայացումից առաջ անհանգստանում, բեմի վրա ամեն ինչ անցնում է, ռեժիսորի ապրումներն այդպես էլ ոչ մի տեղ չեն անհետանում (ծիծաղում է,-հեղ.): Ես դերասան եմ, որը ժամանակ առ ժամանակ սիրում է զվարճանալ, բայց ինձ ռեժիսոր չեմ համարում:

- Շուտով Ձեր մասնակցությամբ Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան է լինելու, ինչպե՞ս ստացվեց, որ խաղացիք այս ֆիլմում:

- Այնտեղ էլ բոլորը կանայք են ու էլի ռեժիսորը Գոռ է, Գոռերի առումով բախտս բերել է (ծիծաղում է,-հեղ.): Քասթինգների սիրահար չեմ, տնային մարդ եմ, կա՛մ թատրոնում եմ, կա՛մ այնտեղ, միջակայքում շատ բան անելու ժամանակ չի մնում, մեր ամբողջ կյանքն է ինչ-որ առումով միջոցառում: Բայց երբ սցենարն ինձ ուղարկեցին, շատ հավանեցի, Գոռի հետ ծանոթացա: Նկարվելու ընթացքում հասկացա, որ ինձ համար մեծ ու կարեւոր փորձ է: Հայերեն կարդալ չեմ կարողանում. լատինատառ եմ գրում տեքստերը կամ ռուսերենով, ու այն գեղարվեստական ֆիլմում հայերենով իմ խաղացած գլխավոր դերերից է, ինչի համար շատ ուրախ եմ: Հայուհի եմ ու հպարտանում եմ, երբ մայրենի լեզվով խաղալն էլ ստացվում է:    

- Թատրոնը, սիթքոմն ու կինոն բոլորովին տարբեր մասնագիտություններ եք համարում, ինչո՞ւմ է դրանց տարբերությունը:

- Սիթքոմում ու կինոյում ադրենալին չկա, չի էլ կարող լինել: Հնարավոր է՝ մեկ դուբլ իսկապես հուզվես, բայց 15-ից հետո ոչինչ չի մնում: Բայց խաղի ու աշխատանքին մոտեցման առումով ամեն ինչ նույնն է, նորից պրոֆեսիոնալ ես, պարզապես զգացողություններն են տարբեր:

- Բավական հայտնի դարձաք ու սկսեցին ճանաչել Ձեզ «Կարգին սերիալի» շնորհիվ: Ի՞նչ տվեց Ձեզ նախագիծն ու ինչպե՞ս էր աշխատել Հայկոյի ու Մկոյի հետ:

- Մինչ այդ նկարվել էի «Երեւան»-ում, որն իմ առաջին հեռուստանախագիծն է: Մեծ հաճույք էի ստանում աշխատանքից, քանի որ ուրախ էր անցնում: Նույնն էլ Հայկոյի ու Մկոյի դեպքում էր, նրանք երկու տաղանդավոր մարդիկ են, բառեր չկան, որպեսզի արժանիորեն նկարագրեմ: Պրոֆեսիոնալներ են ու լավ մարդիկ: Նկարահանումները միշտ տոնի պես էին անցնում:  


- Ձեր մարմնավորած Լուլուն շատ թեթեւ էր ու հիմարիկ, թատրոնում լրիվ ուրիշ եք Ձեր խորությամբ ու ասելիքով: Հայաստանում հաճախ են կերպարն ասոցացնում դերասանի հետ, մտավախություն չկա՞ր, որ Ձեզ էլ այդպես կընկալեն:

- Ինձ դա երբեք էլ չի մտահոգել, ոչ ոք ինձ չի ստիպել զբաղվել այս մասնագիտությամբ, միշտ էլ հասկացել եմ, որ լինելու է նաեւ այնպիսի պահ, որ ինձ մեղադրեն, մատով ցույց տան, սիրեն, հիանան կամ էլ ատեն: Թեկուզ ամբողջ աշխարհը քննարկի ինձ, չեմ անհանգստանում: Դա նրանից է, որ երբեք որեւէ մեկին ապացուցելու բան չեմ ունեցել, իսկ այն մարդիկ, որոնց կարծիքը կարեւոր է, ինձ հիանալի գիտեն:

- Բացի այդ էլ դերասանի համար կարեւոր է կարողանալ որքան հնարավոր է տարբեր կերպարներ մարմնավորել:

- Իհարկե, որքան դերերը տարբեր լինեն, այնքան լավ, դրա շնորհիվ ես էլ եմ աճում, միշտ կարող եմ աշխատանք ունենալ, բազմաժանր լինելն իսկապես կարեւոր է: Մենք էլ ենք ունենում անկումներ եւ վերելքներ, երբեք չգիտես՝ վաղը քեզ հետ ինչ տեղի կունենա: Դերասանի կյանքը միշտ ճոճանակ է, ամեն օր տարբեր դիրքում ես, ինձ համար ամենավատը մեջտեղում լինելն է: Ավելի լավ է ընկնել, այդ դեպքում կարող ես վեր կենալ, երբ միջակայքում ես, չես հասկանում՝ ինչից մեկնարկ վերցնել: 14 տարվա ընթացքում ամեն ինչ էլ եղել է, անգամ մեկ տարով հեռացել եմ թատրոնից, ապա վերադարձել: Բարդ մասնագիտություն է, քանի որ հաճախ ես ռիսկի դիմում: Վախենում ես, բայց գնում նպատակի հետեւից՝ չիմանալով էլ, թե այդ նպատակը որն է: Եթե անգամ մեծագույն հաջողության ես հասնում որեւէ դերի շնորհիվ, դա երկար չի տեւում, ամեն անգամ գնա ու ապացուցի, որ նորից կարող ես: Դա դրայվ է ու մշտական  աշխատանք, անդադար անվստահություն ուժերիդ, ինքնափորփրում, բայց արդյունքում կառուցում ես քեզ որպես անհատականություն:

- Խոսենք նաեւ ընտանիքից, ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ ու որդու ծնունդից հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

- Ամուսնուս հետ լրիվ պատահական ենք ծանոթացել՝ իմ ժամանելուց 3 տարի անց: Կես տարի անց նշանվեցինք ու արդեն 11 տարի է՝ միասին ենք: 8 տարի երեխա չենք ունեցել, եւ 2018 թվականին ծնվեց մեր հիասքանչ որդին՝ Ալեքսանդր Թումանյանը: Երեխան ամեն ինչ փոխեց մեր կյանքում, այնպիսի զգացողություն է, որ նա միշտ մեզ հետ է եղել, նոր մարդ չէ: Հիմա առաջնահերթություններն են փոխվել, դեռ հղի էի, երբ ամեն ինչ այլ էր: Հայտնվեց  մարդուկ, որն ամեն ինչից կարեւոր է՝ աշխատանքից ու քո տրամադրությունից, անհետանում ես որպես կին ու պարզապես մայր ես դառնում, նա քո կարիքն ունի, ու դա երջանկություն է: Միակ լավագույն բանն է իմ կարծիքով, որ կարող է պատահել կնոջ կյանքում:

- Ինչպիսի՞ն է Ալեքսանդրն ու ի՞նչ հետաքրքրություններ ունի:

-Նա շատ ուրախ է ու ծիծաղելի, բաց է, խարտյաշ, կանաչ աչքերով: Շատ ակտիվ երեխա է, սիրում է վազվզել, ցատկել, ուրախանալ, երբեք մեր հետեւից չի լացում, որովհետեւ միշտ սիրելի տատիկի ու պապիկի կամ էլ քրոջս հետ է լինում: Հենց ազատ ժամանակ եմ ունենում, նրա հետ եմ անցկացնում, բացառություն են միայն հյուրախաղերը, որոնք շատ երկար էլ չեն տեւում: Ալեքսանդրը միշտ մեծ ոգեւորությամբ է սպասում վերադարձիս, քանի որ գիտի՝ անպայման որեւէ գնացք կամ այլ խաղալիք է նվեր ստանալու: Անսահման երջանիկ եմ, որ որդի ունեմ ու նման ընտանիք:


- Ելենա, Դուք միշտ չէ, որ շիկահեր եք եղել, ինչո՞ւ որոշեցիք փոխել մազերի գույնը:

- 21 տարեկանում արդեն շիկահեր էի, 23-ում նորից սեւահեր դարձա, մեկ տարի խարտյաշ էի, մինչեւ որ որոշեցի նորից շիկահեր դառնալ ու այդպես էլ մնացի:

- Իսկ Ձեզ հաճա՞խ են նմանեցնում Մերլին Մոնրոյին:  

- Հարցը միայն նմանեցնելը չէ, ինձ միշտ նրա պատկերով նվերներ են տալիս՝ ճամպրուկ, ժամացույց: Դրանք միշտ տեղավորում եմ գրիմանոցում, ու մարդիկ մտածում են, որ պաշտում եմ այդ դերասանուհուն: Հարգում եմ նրան, իսկական լեգենդ է, բայց այլ դերասանուհիների խաղն եմ հավանում:

- Ո՞ր երկրի կինեմատոգրաֆն է Ձեզ դուր գալիս:

- Լավ հարց է, բայց միանշանակ չեմ կարող պատասխանել, քանի որ կախված է ժամանակից: Երբեմն ֆրանսիականն եմ հավանում, երբեմն՝ իտալականը, ավելի շատ եվրոպական ֆիլմերի սիրահար եմ, բայց ամերիկյան էլ դիտում եմ: Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ ֆիլմերն եմ սիրում, նաեւ Ալ Պաչինոյի, Ռիտա Հայվորթի, Գրետա Գարբոյի, Մառլեն Դիտրիխի գործերն եմ հավանում: Ավելի հավանական է երաժշտություն լսեմ՝ Էդիթ Պիաֆ, Շառլ Ազնավուր, Ջո Դասեն, Դալիդա, քան հեռուստացույց նայեմ:

- Իսկ թատրոն հասցնո՞ւմ եք գնալ, հիմա մեր թատերական կյանքը բավական աշխուժացել է:

- Չեմ հասցնում, քանի որ կա՛մ ես եմ խաղում, կա՛մ գործընկերներս: Հազվադեպ եմ գնում: Բայց երբ Ռուսաստանում եմ լինում, անպայման գնում եմ ներկայացումներ նայելու: Որոշ ժամանակ առաջ Իտալիայում էի, այնտեղ էլ դիտեցի: Հիմա համացանցի շնորհիվ ցանկացած գործ հասանելի է, նախընտրում եմ 3 ժամանոց ներկայացում նայել, քան ֆիլմ, որոնց ընթացքում սովորաբար քնում եմ: Բայց դա չի վերաբերվում լեգենդար Ալմոդովարի, Տարանտինոյի կամ նման բարձրակարգ ռեժիսորների աշխատանքներին:

- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

-Ժամանակը:

- Դերասան, որի հետ խաղալն առավելագույն հաճույք է եղել:

-Շատերի հետ եմ աշխատել, բայց Սերգեյ Մագալյանին կնշեմ, որը, ցավոք, կենդանի չէ:

-Ձեր ոճի 3 կանոն:

-Հարմարավետ, սեւ գույնի, որովհետեւ միշտ նիհարում եմ ( ծիծաղում է,-հեղ.) ու ըստ առիթի:

-Կարմիր շրթներկո՞վ, թե՞ առանց:

-Միշտ կարմիրով, առանց դրա ասես մերկ լինես:


- Ինչի՞ համար եք շնորհակալ հենց հիմա:

-Կյանքի ու նրա, որ իմ բոլոր սիրելի մարդիկ առողջ են եւ երջանիկ, ես էլ նրանց հետ:  Ամեն օր քնելիս ու արթնանալիս շնորհակալություն եմ ասում Աստծուն, որ միասին ենք ու առողջ:

- Ի՞նչն եք սիրում Ձեր մեջ:

-Համառությունը:

- Որո՞նք են թուլությունները:

- Շտապողականությունը, ինչի պատճառով կարող եմ որեւէ կարեւոր բան բաց թողնել:

- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ ոգեշնչում:

- Սերը: Երբ մարդը սիրում է, շուրջն ամեն ինչն է այլ կերպ տեսնում: Անգամ ապուրն այլ կերպ է պատրաստում: Փառք Աստծո, ես այդ ամենն ունեմ:


- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

-Պլաստիկ վիրահատություն (ծիծաղում է,-հեղ.): Մարդն ամեն ինչ կարող է, եթե ցանկանա, ավելի շուտ չի ուզում անել:

- Ի՞նչ կասեք մարդկանց:

-Երբեք միմյանց չդատեն արտաքինով, չդատապարտեն իրար, սիրեն ու փորձեն օգնել: Երբ մենք էլ չլինենք, այդ ամենն արտացոլվելու է սերունդների վրա, կյանքում ամեն ինչ բումերանգ է: Մաղթում եմ, որ մարդիկ բարի լինեն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝  BRAVO.am, Ռուսական թատրոնի եւ անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին