×


Մի քիչ անսպասելի եւ գլամուրային. Քարդաշյանը, Քիդմանը եւ Լիտվինովան՝ Balenciaga-ի ֆեշն-շոուին

Փարիզում տղամարդկանց նորաձեւության շաբաթը նոր է ավարտվել, սակայն նորից այնտեղ հավաքվել են աստղային հյուրերը՝ հետեւելու բարձր նորաձեւությանը:



Ամենասպասված ցուցադրություններից մեկը Balenciaga-ինն էր: Վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան հերթական անգամ ամեն ինչ արել է, որ իր ստեղծած հագուստները հայտնվեն ուշադրության կենտրոնում: Նա իսկական աստղային կազմ էր հավաքել, որն էլ բարձրացավ հարթակ՝ Քիմ Քարդաշյան, Նիկոլ Քիդման, Բելա Հադիդ, Նաոմի Քեմփբել, Դուա Լիպա: Գվասալիան հրավիրել էր քայլելու նաեւ իր արվեստի մեծ երկրպագու Ռենատա Լիտվինովային. նրանք վաղուց են ընկերություն անում ու հիանում միմյանց արվեստով: Իսկ հյուրերի թվում էր դիզայների եւս մեկ մուսա՝ երգչուհի Զեմֆիրան:

Offset-ը եւ Քրիս Ջենները


Քիմ Քարդաշյանին առաջին շարքերից աջակցում էր մայրը՝ Քրիս Ջենները, դուստրը՝ Նորթը, Քիդմանին ոգեւորում էր ամուսինը՝ Քիթ Ուրբանը: Իսկ հետո նրանք դրսում հավաքվածներին կրքոտ համբույր նվիրեցին:



Ցուցադրության առաջին շարքերում էին նաեւ Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրը, Սալմա Հայեկի ամուսին, գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն ու դուստրը:

Նոր հավաքածուն ստեղծելիս Գվասալիան նորից ուսումնասիրել է բրենդի արխիվներն ու հավատարիմ մնացել Քրիստոբալ Բալենսիագայի ոճին: Նա շեշտը դրել է բրենդի անցյալին՝ դրան ավելացնելով սեփական ձեռագիրը, որի շնորհիվ էլ Balenciaga-ն հիմա այդքան պահանջված է: Նա ավելացրել է մի քիչ փողոցային ոճ ու ինստագրամային աքսեսուարներ:


Հարցազրույցում դիզայները պատմել է, որ ցանկացել է ցույց տալ, թե նորաձեւությունն ինչ է կորցրել ու հիմա որ փուլում է հայտնվել: Հենց կուտյուրային հավաքածուում է նա տեսնում նորաձեւության իմաստն ու փրկությունը:



Թեեւ ցուցադրությունն աստղաշատ է ստացվել, բայց ամենատպավորիչը հարսանեկան զգեստն է դարձել: Տարօրինակ քայլվածքի պատճառով մոդելին շատ են քննարկել սոցցանցերում ու համարել, որ նրա փոխարեն կարող էր եւ ռոբոտ անցնել պոդիումով: Այդ զգեստը շատերին հիշեցրել է 1937 թվականին Բալենսիագայի ստեղծած հարսանեկան զգեստը:


Ժամանակակից կուտյուրը Դեմնայի պատկերացմամբ նաեւ տեխնոլոգիաներն են: Ցուցադրության ժամանակ եղած յուրահատուկ դիմակները նրա մտահղացմամբ մշակել է Mercedes-ի հատուկ բաժինը, որը մասնագիտացված է Ֆորմուլա-1-ի համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին