×


Սիրանուշի եւ Սամվելի 16-ամյա ընտանիքը, չստացվող հարսանիքը եւ միասին բաց տեսարանը նոր սերիալում

Սիրանուշ Լազյանի եւ Սամվել Դանիելյանի ընտանիքը 16 տարեկան է: Թե ինչու մինչեւ այժմ չեն պսակադրվել, ինչպես են կարողացել այս տարիների ընթացքում հանդիպած դժվարությունները հաղթահարել, պահպանել ընտանիքն ու սերը, ինչպես է ստացվել, որ այժմ միասին նկարահանվում են «Ագապի» սերիալում, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Արդեն 16 տարի է՝ ծրագրում ենք այդ օրը պսակադրվել նաեւ եկեղեցով, բայց չի ստացվում, միշտ ինչ-որ բան խանգարում է: Մենք հարսանիքով չենք ամուսնացել եւ պսակ չի արվել: Այս տարի պլանավորել էի անակնկալ կերպով Սամվելին եկեղեցի հրավիրել, ամեն ինչ պատրաստ էր, բայց պատերազմական իրադարձությունները խանգարեցին»,-ասել է Սիրանուշը:


Խոստովանում է՝ տարիների ընթացքում իրենց ընտանիքն ամրապնդվել է. «Փորձություններն անցանք, դժվարությունները հաղթահարեցինք, հիմա այլ փուլ է: Մենք ստեղծագործում ենք, նպատակները կապված են երեխաների ուսումը լիարժեք կազմակերպելու հետ: Նաեւ ֆինանսապես դժվար տարիներ էին. այն ժամանակ միայն թատրոնն էր, կողքից սերիալներ, ձայնագրություններ շատ քիչ էին: Ամեն բան միասին ենք անցել ու հաջող ենք անցել, պահպանել ենք մեր սերը, երեւի հարգանքի չափաբաժինն է ճիշտ տրվել: Սերն ավելի ուժեղ ու հաստատակամ է դարձել:

Կարծում եմ՝ փոխըմբռնման, իրար հարգելու շնորհիվ է ընտանիքն ամրանում եւ սերն էլ չի կորչում, որովհետեւ հատկապես վերջին 3 տարիներին այդ ամենը մեծ նշանակություն ունեցավ. երեխաները մեծանում են, հոգսերը շատանում են, բայց նրանց համար պետք է լինենք օրինակ սիրո եւ ընտանիքի պահպանման»:


Հետաքրքրվել ենք՝ հեշտ է ամենուր ամուսնու հետ աշխատելը. «Այո, թատրոնում, սերիալում, կրկնօրինակմանը, տանը՝ ամեն տեղ միասին ենք: Լավ է, քանի որ միասին դուրս ենք գալիս տնից, նաեւ միասին վերադառնում ենք. մեկս մյուսին շատ չենք սպասում: Կատարյալ տարբերակ է իմ տեսակի համար: Վատ է այնքանով, որ շատ ենք միասին, գուցե դիմացինին է խանգարում անընդհատ մեզ միասին տեսնելը: Հավատացեք, որ մենք աշխատավայրում որպես ամուսիններ չենք ներկայանում, մեր խնդիրները մեզ հետ աշխատանքի չենք տանում: Վատ կողմն այն է, որ երբեմն ստեղծագործական աշխատանքում ենք կոնֆլիկտ ունենում, եւ այդ շրջանը, որ պետք է ապացուցենք՝ ով է ճիշտ, մի փոքր երկար է տեւում: Միմյանցից հանգստի կարիք ունենում ենք, բայց հանգստի էլ միասին ենք մեկնում»:


Երկարատեւ ընդմիջումից հետո ամուսինները նկարահանվում են «Ագապի» սերիալում, Սիրանուշը խաղում է նաեւ «11+1» սիթքոմում. «Սամվելին ես եմ համոզել, որ միասին նկարահանվենք: Բաց տեսարան կար, եւ ես միայն իր հետ էի պատկերացնում նկարահանվել»:

Ասում է՝ հետաքրքիր կերպարներով է ներկայանում. «Սիթքոմում հումորային կերպար է, ուսուցողական նախագիծ է, իսկ «Ագապի»-ում մայրիկի կերպարում եմ: Երիտասարդ եւ հասուն տարիները պետք է խաղայի, ինչն ինձ մտածելու տեղիք տվեց, բայց շատ ուրախ եմ, քանի որ սովորելու եւ անընդհատ կերպարը բացելու հնարավորություն ունեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիրանուշ Լազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին