×


Սերգեյ Թովմասյան. «Նարինեն չգիտեր, որ ուղղակի մեռնում եմ իր համար ու զգացմունքը սպանում իմ մեջ»

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Սերգեյ Թովմասյանի հետ միանգամից լեզու գտանք: Գուցե նրանից էր, որ ընդհանուր շատ սիրելի թեմաներ ունենք՝ թատրոնը, արվեստի միջոցով կյանքը ճանաչելը, սարերը, Հայաստանն ու դե, իհարկե, սերն ամեն ինչի նկատմամբ՝ աշխատանքից մինչեւ մարդիկ:

BRAVO.am-ի համար նա պատմեց, թե ինչպես է հանկարծակի սկսել փայտից գործեր ստեղծել, սիրահարվել դերասանուհի ու ռեժիսոր Նարինե Գրիգորյանին, բացահայտել սարերն ու նրանց շնորհիվ լիովին փոխվել:

- Տարվա մեծ մասն արդեն անցել է, եւ ուզում եմ իմանալ, թե ինչի՞ համար եք Ձեզնից գոհ ու շնորհակալ մարդկանցից մինչեւ այս պահը:

- Գոհ եմ, որ ապրում եմ եւ ստեղծագործում: Ընտանիքով գնացել էինք Գյումրի, որտեղի թատրոնը Համազգայինի հետ համատեղ պատրաստել է «Հրաշագործը» ներկայացումը: Պրեմիերան եղավ սեպտեմբերի 24-25-ին, հետո կխաղան նաեւ Երեւանում: Եվ քանի որ չեմ կարողանում անգործ նստել, իսկ մոտակայքում սարեր չկային, Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին խնդրեցի ինձ մի սենյակ տրամադրել, որպեսզի աշխատեմ: Նրանք ինձ ամեն ինչով աջակցեցին, մեծ սիրով փայտեր տրամադրեցին, ես էլ անհրաժեշտ գործիքները հետս տարել էի: Մոտ 20 օրում 15 գործ սարքեցի եւ պատրաստվում եմ Գյումրիում ցուցահանդես կազմակերպել: Հասկացա, որ այն չարժե ներկայացման հետ խառնել ու պետք է անել առանձին օր, որպեսզի մարդիկ տրամադրված գան փայտե գործեր նայելու, ինչո՞ւ չէ գինի խմելու ու լավ ժամանակ անցկացնելու:

- Լինելու են միայն ա՞յդ գործերը, թե՞ նախկինում արածներն էլ կընդգրկեք ցուցահանդեսում:

- Շատ գործեր ունեմ, որոնք դեռ չեն ցուցադրվել: Մինչ այս 6 անհատական ցուցահանդես եմ ունեցել, վերջինը եղել է Շուշիում, ուզում էի նորից այնտեղ կազմակերպել, բայց նախ պանդեմիան սկսվեց, հետո՝ պատերազմը: Արդեն պայմանավորվել էի Շուշիի Նարեկացի կենտրոնի տնօրեն ու իմ ընկեր Հայկ Պապյանի հետ: Մեծ ցավ ապրեցի, որովհետեւ իմ սիրո քաղաքը հիմա էլ իմը չէ: Արդեն 2-3 տարի է՝ ցուցահանդես չեմ ունեցել, եւ նորը կազմակերպելու պահն արդեն հասունացել է: Կլինեն նաեւ այն գործերը, որոնք ոչ վաճառում եմ, ոչ էլ՝ նվիրում. դրանք Նարինեի անհատական հավաքածուից են (ծիծաղում է,-հեղ):

Սերգեյ Թովմասյանի աշխատանքներից


- Իսկ ի՞նչն է Ձեզ Գյումրիում այդպես ոգեշնչել, որ նման կարճ ժամանակում այդքան բան եք հասցրել անել ու ի՞նչ ուղղվածության են գործերը:

- Էսքիզներ նախօրոք ունենում եմ, բայց դրանք կարող են փոխվել ու լրիվ այլ բան դառնալ, օրինակ՝ արագիլը վերջանական արդյունքում կատու լինի. ընթացքն է ամեն ինչ որոշում: Անկեղծ՝ խոսում եմ փայտի հետ, ու նա է հուշում, թե իրենից ինչ կստացվի: Ու քանի որ կինս՝ Նարինեն, պատրաստվում է Օպերայում բալետ բեմադրել Լեւոն Շանթի «Հին աստվածներ»-ի մոտիվներով, այդ գործում արծարծված թեման ինձ շատ է հուզում: Հավատացյալ մարդ եմ ու անտեղի Աստծո անունը չեմ տալիս: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած Սեդային ու նրա մեջ ամեն ինչ երկատվում է՝ սերը դեպի Աստված ու կինը: Մի պատմություն եմ լսել արքեպիսկոպոս Նաթան սրբազանից, որ արդեն վարդապետ ձեռնադրված ճեմարանի ուսանողներից մեկը սիրահարվել է մի աղջկա ու սկսել տանջվել: Նա այդ մասին պատմել է Վազգեն Առաջին կաթողիկոսին, որն արտակարգ մարդ էր, ինքս ճանաչել եմ նրան ու հետը զրուցել: Եվ կաթողիկոսը պատասխանել է. «Ոչ մի վայրկյան մի կասկածիր, ախր չէ՞ որ դա Աստված է քեզ տվել, հրաշալի է, որ սեր ես զգում դեպի մեկ ուրիշը»: Ու նա քահանա է դարձել, ամուսնացել սիրելի կնոջ հետ եւ երջանիկ եղել:

- Շատ գեղեցիկ պատմություն է, փաստորեն Ձեր գործերի առանցքում սե՞րն է կամ էլ սիրելու կարեւորությո՞ւնը:  

- Չեմ ճանաչում որեւէ մարդու, որի մեջ սեր չկա, բայց աբեղան չի կարողանում երկու սերերը միացնել իրար: Սիրել կարողանալն իսկապես մեծ շնորհ է, բայց փոխարենը նա հիմար բաներով է զբաղված, ու վերջում պարզվում է, որ այդ ամենն իզուր էր, որովհետեւ կարելի էր Աստծուն ծառայել եւ ունենալ սիրող կողակից: Այդ գործի համար վերնագիր դեռ չեմ ընտրել. այն պահն է, երբ գրկում է աղջկան ու իր մեջ փոփոխություն է տեղի ունենում, ներսում ամեն ինչ կիսվում է: Կիսել կարողանալը շատ լավ բան է, բայց երբ քեզ ես կիսում՝ մի բանից զրկելով, ամեն ինչ կորցնում ես:

Սերգեյ Թովմասյանի «Լյու-Բոֆը»


- Իսկ ինչո՞ւ եք հենց այդ գործից ոգեշնչվել ու ինչպե՞ս են մյուս ներկայացումները եւս դառնում ստեղծագործելու առիթ:

- Սովորաբար մեր ներկայացումներն արտահայտվում են նաեւ իմ գործերում: Ունեմ «Լյու-Բոֆ»-ից աշխատանք. խուլիգանը գողանում է ջութակն ու լարերին դիպչելուն պես, ներսում բան է փոխվում ու սեր է ծնվում: Երբ որեւէ գործ շատ սիրում եմ, միշտ էլ անդրադառնում եմ: Այդպես եղավ «Գոմեշը», որը լրիվ դեն նետված իրերից եմ ստացել. քանի որ սարերում լինել շատ եմ սիրում, այդ պայտն այնտեղից եմ բերել, ընկերս՝ Արմեն Բարսեղյանն է գտել: Գնացել էինք Տավուշի մարզում գտնվող Ապակեքար, որը նաեւ Աբեղաքար է կոչվում, չնաշխարհիկ տեղ է, այնտեղից ամբողջ աշխարհը երեւում է:

Ճանապարհին այնպիսի արժեքավոր բաներ գտանք՝ լավ չհղկված կճուճի կտորներ... էլի եմ գնալու, քանի որ այնտեղ թաքնված շատ իրեր կլինեն: Գոմեշի ոտքերն, օրինակ, գնացքի գծերի ամրացման սեպերից են: «Ֆորեսթ Գամփ» եմ սարքել, որովհետեւ հատուկ վերաբերմունք ունեմ այդ ֆիլմին: Վերջերս սկսել եմ չնկարվել ֆիլմերում, որովհետեւ ուզում եմ համամարդկային թեմա լինի. բազմաթիվ սցենարներ եմ կարդացել ու մերժել: Սա կոտրված մուրճ է, կոչվում է «Ուղտասար», մեր ազգի սկիզբն այդ սարում ու Աժդահակում է: Ուղտասարում լճակ ու քարեր կան, որոնց վրա տարբեր տեսարաններ են պատկերված՝ այծեր, եղնիկներ, հովազներ, այն, ինչ ժամանակին եղել է, բայց հետո հայտնվել է մարդ արարածն ու սկսել ապականել բնությունը:

Սերգեյ Թովմասյանը


- Շա՞տ եք զգում սարերում մարդկանց ազդեցությունը:

- Ինչքան գնացել ենք, մի 3-4 ուսապարկ աղբ ենք իջեցրել, հիմնականում՝ պլաստիկ շշեր, որքան էլ զարմանալի է՝ գագաթին ենք գտնում, մարդիկ ծանր բարձրացնում են ու դեն նետում, երբ դժվար չի լինի այն իրենց հետ իջեցնելը: Լավ կլինի, որ մեզ մոտ զարգանա մերը գնահատելու ու անսահման սիրելու մշակույթը: Միայն Հայաստանը նկատի չունեմ, երբ որեւէ տեղ ես գնում, տեսնում ես, որ ամբողջ մոլորակն է քոնը: Ցավալի է, որ Կարիբյան ծովում ափի երկայնքով 5 կմ աղբ է գոյացել. բոլորը պլաստիկ իրեր են:

- Դուք շատ անսպասելի եք սկսել ստեղծագործել ու բավական մեծ տարիքում, ինչպե՞ս եղավ, որ վերցրիք փայտն ու հավատացիք, որ նրանից կարող եք որեւէ բան ստանալ:

- Փոքր տարիքում նկարել սիրել եմ, բայց թատրոնն ու կինոն եմ ընտրել: Չեմ կարծում, որ Արամ Խաչատրյանը, Բախը կամ Մոցարտն առանց Աստծո շնորհի կարող էին նման գործեր ստեղծել: Երբ լսում ես «Սպարտակ» բալետի «Ադաջիո»-ն, թվում է՝ աշխարհն այդ երաժշտության ներքո է արարվել: Հնարավոր չէ սովորական մահկանացուն նման բան գրեր: Պավարոտտին ասում էր՝ մեծամտանալու դեպքում Աստված իր ձայնը կվերցնի: Երբ ինստիտուտում դաս էի տալիս, առաջին բանը, որ ասում էի ուսանողներիս, դա էր՝ հենց մեծամտանաք, ձեր անկումը կսկսվի: Կյանքն անսպառ է զարգացման առումով, կարող ես միշտ աճել ու առաջ գնալ, սահմաններ չկան: Դրա համար իմ հասակակիցներին ասում եմ՝ թող ինձ ներեն, բայց իրենցից սովորելու էլ ոչինչ չունեմ, երիտասարդներից եմ սովորում, նրանք ավելի կրեատիվ ու հետաքրքիր են մտածում: Զարմանում եւ ուրախանում եմ, թե ինչ երիտասարդություն ունենք, վատն էլ շատ կա, բայց աշխարհում էլ դրանք զուգահեռ են քայլում կողք կողքի, միշտ է այդպես եղել: Բայց եթե անցյալում մի նետով մեկ մարդու են սպանել, հիմա պարզապես մեկ ռումբ են գցում, ու մի ամբողջ աշխարհ է վերանում: Իմ համոզմամբ, եթե ողջ մարդկությունը վերանա ու մնան միայն մինչեւ 6 տարեկան երեխաները, աշխարհը կմաքրվի: 7 տարեկանից սկսած փչացնում ենք երեխային, սովորեցնում ստել, շրջանցել կարեւորը, պարտադրում ենք դաշնամուր ու ջութակ նվագել: Մինչդեռ երեխան ուղղորդման կարիք ունի:

Սերգեյ Թովմասյանը


- Քանի որ երեխաներից խոսեցինք, իսկ մի քանի օր առաջ ուսումնական տարվա սկիզբն էր, հետաքրքիր է, թե Ձեր դուստրը՝ Եվան, ինչպիսի՞ տրամադրությամբ է դպրոց գնացել:

- Եվան ոչ թե գնում է դպրոց, այլ՝ վազում. շատ շփվող է, սիրում է ընկերներին հանդիպել, նրանց պատմել իր առօրյայի մասին: Ինձ համար էլ շատ ուրախալի էր, որովհետեւ որպես գերազանցիկ՝ պատվոգիր էր ստացել, եւ ասաց. «Պապ, սրանով կարող ենք տետր ու գրքեր գնել 10 տոկոս զեղչով»: Նման գրախանութներ կան, որ զեղչեր են անում: Ծնողի համար ավելի մեծ երջանկություն, քան իր երեխայի հաջողություններն են, չկա: Մենք շարունակվում ենք իրենց մեջ, ուզում ենք այն, ինչ մեր կյանքում չի ստացվել, իրենց դեպքում հաջողվի:

- Իսկ ինչո՞վ եք ուզում, որ Եվան զբաղվի ու հաջողության հասնի:

- Ես ու Նարինեն նույն կերպ ենք մտածում: Տեսանք, որ լավ է նկարում, կարողանում է առարկաներ վերցնել ու մի բան սարքել, մեր այգու ճյուղերից ու վարդի թփից բալետի պարուհի է ստանում, արեւ, տնակ, ամեն ինչից ստեղծագործում է, քարերի վրա նկարում, ինչպե՞ս չօգնել, որ իր ընտրած ճանապարհով գնա: Դրա համար տարանք Կոջոյանի դպրոց, այնտեղ ճիշտ են աշխատում երեխաների հետ: Կերպարվեստ են անցնում, նկարչություն, հիմա թատրոն են ուսումնասիրում:

- Թատրոն նրա կյանքում, կարծում եմ, մինչեւ այդ էլ բավական եղել է, նախ ծնողներն են դերասաններ, բացի այդ էլ, խաղացել է «Գծավորը» ներկայացման մեջ:

Սերգեյ Թովմասյանի աշխատանքներից


- Այո, կուլիսներում է մեծացել, թատրոնում տեսել մեր փորձերը: Իրեն դեր առաջարկեցին Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Հրաշագործ»-ում, որ հիմա շատ լավ երեխա է խաղում, բայց հրաժարվեց ու պատճառաբանեց, թե ինչու: «Երեխան այնքան չար է, խփում է այդ կնոջը, իսկ ես չեմ ուզում մամային հարվածել»,- ասաց Եվան:

- Ժամանակն է, որ անդրադառնանք դերասանուհի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանին: Ինչպե՞ս է եղել Ձեր առաջին հանդիպումն ու այնպես ստացվել, որ երկար տարիներ արդեն ամուսիններ եք:

- Բեմում տեսա առաջին անգամ, անկեղծ եմ ասում, մինչ այդ, նման երեւույթի ականատես չէի եղել, մտածեցի՝ այս ո՞վ է: Ինստիտուտում դաս էի տալիս, ու քննական շրջան էր, ուսանողներն ավարտական էտյուդներ էին անում, նա ռեժիսուրական կուրսում սովորում էր Ալեքսանդր Գրիգորյանի մոտ: Ինձ նախ որպես մարդ հետաքրքրեց, ու անցավ ժամանակ, Համազգայինում Սոս Սարգսյանի մոտ էի աշխատում, բայց առանց գումարի: Թատրոնը դեռ հաստիքներ չուներ, անցման շրջան էր, այլ կերպ էի գումար վաստակում, Minivan ունեի եւ զբոսաշրջիկներ էի ման տալիս Հայաստանի սարերով, ձորերով, եկեղեցիներով:  

- Փաստորեն միայն թատրոնը չի եղել Ձեր կյանքում, այլ զբաղմունքներ էլ զուգահեռ ունեցել եք, որը նաեւ օգներ է գումար աշխատել:

- Ճկուն ինձ կյանքն է դարձրել. 1988-ին ավարտեցի ինստիտուտը, սկսվեց շարժումը, հետո երկրաշարժ եղավ: 90-ականներին «Անիվների վրա» թատրոնում էի, բայց այն փակվեց, ապա փակվեց նաեւ «Նորք» թատրոնը: Կյանքն ինձ սովորեցրեց ապրել, Երեւանից ոտքով հասնում էի Լուսակերտ, որտեղ մորաքույրս էր ապրում, որ հաց բերեմ: Այն սովորաբար լավաշից մի քիչ էր հաստ լինում ու ավազի հատիկներ էին ընկնում ատամների տակ: Տատիկիս հիշեցի, որի մասին անպայման կուզեմ պատմել: Երբ 80-ականներին նրանց տուն գազ քաշեցին, քեռիս ուզեց կերոսինի վառարանը դեն նետել, տատիկը խնդրեց նկուղում պահել, ու երբ գազը կտրվեց, այն նորից օգտակար եղավ: Նա մեզ երջանիկ սերունդ էր համարում, որ պատերազմ ու գաղթ չենք տեսել, բայց հետո եղավ սով, երկրաշարժ, պատերազմ, 100 տարի էլ չանցավ, ու մեր ազգի հետ ամեն ինչ պատահեց: Տատիկս իր քրոջ ու մայրիկի հետ քրդերի շնորհիվ ուղղակի հրաշքով է փրկվել 1915-ին: Քրդերը նրանց թաքցրել են իրենց տանը, ու երբ թուրքերը եկել են գյավուրներ գտնելու, իջեցրել են թոնրի մեջ ու այն գորգով ծածկել: Թուրքերն օթախ ձիերով են մտել, տատիկիս մայրիկը վախեցել է, որ փոքրիկը սմբակների աղմուկից կվախենա ու միանգամից կուրծքը բերանն է տարել, որ ձայն չհանի: Հետո Անդրանիկի հետ քայլել են ու հասել Էջմիածին, քույրիկը տիֆից մահացել է, (ձայնը սկսում է դողալ ու աչքերը լցվում են,-հեղ.): Դրա համար այստեղ ոչ մի բարեկամ չունեին:

Հասմիկ Բաբայանը եւ Սերգեյ Թովմասյանը


- Շատ հուզիչ էր, բայց վերադառնանք Նարինեին, հետագայում ինչպե՞ս զարգացան Ձեր հարաբերությունները:

- «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ էի խաղում, հիմա իմ դերը հիանալի կատարում է Վարշամ Գեւորգյանը: Նարինեին դիտարկում էին կնոջ դերի համար, այն Տաթեւ Ղազարյանը ստացավ ու շատ լավ է խաղում: Հենց Նարինեն ներս մտավ, ասացի. «Ես քեզ հիշում եմ, ինչ լավ էիր խաղում, ուզում էի գալ ու քեզ գրկել»: Նա իսկական լույս է, հետո սիրեցի ու զգացի, որ ինքն էլ անտարբեր չէ:

- Ամեն դեպքում ռիսկային էր զգացմունքների մասին խոսել՝ հաշվի առնելով տարիքային տարբերությունն ու այն, որ նույն թատրոնում էիք աշխատում:

- Այո, անընդհատ խուսափում էի, նույնիսկ հայելու առաջ կանգնեցրի, ինչպես ժամանակին Սոս Սարգսյանն է արել իր կնոջ հետ ու հարցրել. «Մի հատ հլը ինձ նայիր ու քեզ: Ախր, դու պիոներկա ես, ի՞նչ ես գտել իմ մեջ» (պատմում է Սարգսյանի ձայնը նմանակելով,-հեղ.): Նույնն էլ ես ասացի Նարինեին, որ շատ սիրուն աղջիկ է, իր շուրջն այնքան մարդ կա, ի վերջո 20 տարվա տարբերությունը քիչ չէ: Պատասխանեց. «Դու չգիտես»: Իսկ նա չգիտեր, որ ուղղակի մեռնում եմ իր համար, աբեղայի նման սպանում էի իմ մեջ զգացմունքը (ծիծաղում ենք,-հեղ.): Բայց ուրախ եմ, որ այդպես չեմ արել: Անցավ ժամանակ, ու սեր խոստովանեց, շատ համարձակ է:

Լուսանկարը՝ անձնական արխիվից


- Երբ երկու դերասաններով ընտանիք կազմեցիք, Ձեր ստեղծագործական էներգիաները ինչպե՞ս համատեղվեցին:

- Որ ամուսնացանք, տուն էլ չունեինք: Մեզ ապրելու տեղ տվեցին ընկերներս, որոնք ամուսիններ են՝ Մարգարիտան ու Միրոսլավը: Շատ լավ տուն է, եկել ենք ու չենք ուզում գնալ, որովհետեւ այնքան լուսավոր ու լավն է, էներգետիկան՝ դրական: Կարեւոր է, թե կյանքում ովքեր են քո կողքին. մենք ենք նրանց հավաքում մեր շուրջը: Չեմ ասում, թե սուպեր եմ, բայց եթե կողքիս այդքան շատ լավ մարդիկ կան, աշխարհի ամենահարուստն եմ: Մարդիկ ապարանքներ են սարքում ու փակվում մի սենյակում: Շատ գործեր ենք միասին արել, օրինակ՝ «Լյու-Բոֆ»-ը, նա շատ լավ ուսանողական ներկայացումներ արեց, որոնք իրար հետ ենք հավաքել, ու առհասարակ սիրում ենք ստեղծագործել համատեղ: Մասնագիտական վեճեր էլ են լինում, առանց դրանց հնարավոր չէ: Ինձ դուր է գալիս, երբ Նարինեն առանձին է աշխատում, որոշ բաներ կարող է հարցնել, բայց արդյունքում չպիտի խանգարես, որ ստանա հենց իր ուզածը, ու չշեղես քո առաջարկներով:

- Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց է նրա այդքան բուռն ու տարբերվող եռանդը, որովհետեւ ամեն անգամ կարողանում է նոր լուծումներով գործեր անել, ինչի՞ց է ոգեշնչում ստանում:

- Կյանքի ու մարդկանց նկատմամբ ունեցած սիրուց, բոլորի մեջ լավն է տեսնում, ինչն ինձ դուր է գալիս, կարողանում է մարդկանց արդարացնել:

Սերգեյ Թովմասյանը


- Իսկ Դուք ինչպիսի՞ն եք, ո՞րն է Ձեր տարբերվող կողմը:

- Ինձ դժվար է հունից հանել, որովհետեւ շատ խաղաղ եմ, կարող եմ ժամերով լսել: Համարյա թե միշտ եմ այդպիսին եղել, բանակից հետո չեմ փոխվել: Մինչ 16 տարեկանս ագրեսիվ էի, իսկական խուլիգան եմ եղել ու վատ բաներ արել, բայց Միրոսլավն ու Վարդանն իմ կյանքում շատ բան փոխեցին: Երբ իրենց ուսապարկերով տեսա, ուզեցի իմանալ, թե որտեղից են այդպես գալիս: Պարզվեց՝ սարից են իջել:  

- Սարե՞րն են Ձեզ մեծ հաշվով փոխել ու հանգստություն տվել:

- Խնդրեցի ինձ էլ տանեն սար, որոշեցինք, որ կիրակի կմիանամ, ու լրիվ մոռացա այդ մասին: Մեկ էլ շաբաթ օրը դուռը ծեծեցին ու հիշեցրին, երեւի տեսել էին, թե ում հետ եմ շփվում: Այս պատմությունը հետաքրքիր է այն առումով, որ մայրիկս լրիվ հակառակ կարծիքն ուներ, որ սարում վտանգավոր է, կարող եմ ընկնել: Մինչդեռ ես գրություն էի թողնում. «Արդեն մեծ եմ ու ինքնուրույն, ինձ համար մի վախեցեք, ոչ մի վատ բան չեմ անում, գնում եմ սար» ու առավոտյան ժամը 6-ին տնից դուրս գալիս: Հայրիկս մեղմ էր մոտենում հարցին, իսկ մայրս՝ վախով: Մտածում էր՝ ավելի լավ է բակի տղաների հետ ընկերություն անեմ, քանի որ իրեն օգնում են ծանր պայուսակները տուն բարձրացնել, բայց նրանք ծխում էին, խմում, գնում էին Կոնդ կռիվ անելու: Երբ 15 տարեկանում սկսեցի սարեր գնալ, ամբողջովին փոխվեցի: Այդ տղաների մեծ մասի կյանքը դժբախտ ավարտ ունեցավ՝ մահացան թմրանյութերից, բանտ ընկան, տարբեր խնդիրներ ունեցան, եւ այդ վատ շրջապատից ինձ սարերն են փրկել:

- Իզուր չեն ասում, որ իսկական երջանկությունը սարերում է, ի՞նչ սովորեցրին նրանք Ձեզ:

- Դժվարություն հաղթահարել, ընկերոջը սիրել, իմանալ՝ իսկական ընկերն ով է, շատ մարդիկ ձեռք բերեցի՝ Դավիթին, Արտավազդին, Մարգարիտային, 2 Լենաներին, Մասիսին, որոնց հետ կյանք եմ ապրել, քարանձավներ ուսումնասիրել, շատ քիչ տարիներ են եղել, որ սարեր չեմ գնացել: Հիմա ատում եմ ինձ, քանի որ նախորդ ամիս ոչ մի սար չեմ բարձրացել, մինչդեռ ես ուզում եմ ամեն շաբաթ գնալ: Ափսոսում եմ, որ Հատիսի հետ հիմա նման կերպ են վարվում, որովհետեւ այն մեծ պատմություն ունի, ու փոխանակ ներկայացնենք աշխարհին, այդպես ենք անում: Բրոնզի եւ երկաթի դարի ամրոցներ են եղել այնտեղ, գեղեցիկ պատմություն կա Արա Գեղեցիկի ու Շամիրամի հետ կապված: Արայի զորքերը եղել են Արա լեռան վրա, իսկ Շամիրամինը՝ Հատիսի, որը հնում կոչվել է Շամիրամի լեռ: Աբովյանում Դարանի փողոց կա, նույն անունով ԽՍՀՄ-ում հանրախանութ է գործել, քանի որ այդ տարածքում է դարանակալել Շամիրամն ու սխալմամբ սպանել Արային: Շամիրամը հրամայել էր ամբողջ զորքը ոչնչացնել ու միայն Արային կենդանի պահել, բայց նա երբեք իր հագուստով չէր առանձնանում իր զորքից ու հնարավոր չէր եղել ճանաչել:

Սերգեյ Թովմասյանը


- Հիմա նոր ներկայացումների եք պատրաստվում եւ փորձերի փուլում եք, մի քիչ կպատեք, թե ինչ է սպասվում:

- Ներկայացումներից մեկը Սանկտ Պետերբուրգից ռուս ռեժիսոր Իլյա Մոշիցկիի հետ ենք անում, նախնական կոչվում է «Աշխարհն առանց մարդկանց»: Խոսելու ընթացքում ասացի, որ մարդը խանգարում է մեր մոլորակի ներդաշնակությանը եւ լրիվ ավելորդ է: Ամեն ինչը հանգիստ կապրեր, ոչինչ չէր աղտոտվի, ոչ մի կապիկ շիշ չէր նետի, առյուծը չէր ծխի կամ էլ ռումբեր նետի: Իրենք իսկապես այս մոլորակից են, մենք՝ չգիտեմ էլ որտեղից: Եթե որեւէ մեկին փողոցում դանակով հարվածես, քեզ իսկույն կդատեն, իսկ երբ մեկն իրեն աշխարհի տերն է զգում ու սպառնում է ատոմային ռումբ գցել կամ օպերացիա անել, նորմալ է ընկալվում: Այնպես կուզեմ աշխարհում նման դատարան լինի, որը կզբաղվի պատերազմ հրահրող ու սկսող մարդկանցով, թող ցմահ բանտարկեն բոլորին:

- Համամարդկային գործ եք փաստորեն անում:

-Մենք էլ չգիտենք, թե այդ ամենն ինչի կհանգեցնի, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, մեկ բան հաստատ է՝ ոչ ավանդական ներկայացում է լինելու: Մեր խոսելու ողջ ընթացքը նկարվում է ու ցուցադրվելու է: Երկրորդ ներկայացումը բեմադրում է Արման Նշանյանը, մեր թատրոնի լավ կողմն այն է, որ հրավիրված ռեժիսորների հետ ենք պարբերաբար համագործակցում: Այն ցավ ապրած կնոջ մասին է, որը համարում է արտասվել, խղճալ ու մարդկանց օգնել չի կարելի, եւ ամեն մեկն ինքը պիտի կայանա: Խաղալու եմ Կարինե Ջանջուղազյանի ու Շաքե Թուխմանյանի հետ:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 20 տարեկանում:

- Կասեի՝ հիմա ապրիր, երբեք ապրելդ մի թող հետագայի համար: Հաճախ ասում ենք՝ երկուշաբթիից կսկսեմ վազել, մյուս ամսվանից էլ չեմ ծխի, սուտ է, եւ ինքդ քեզ խաբում ես: Ապրել է պետք հիմա՝ առանց մի վայրկյան հետաձգելու:

- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Եթե հասնեմ այդ տարիքին, կասեմ՝ ինչ լավ բան է կյանքը, հաջողված մարդ եմ, ինչ ուզել եմ, ստացվել է, շատ օրիգինալ եմ եղել, հետաքրքիր մտածել, արտակարգ լավ մարդկանց հետ շփվել, շատերին օգնել, շատերն ինձ են օգնել, երբեք դա չեմ մոռանա:

Սերգեյ Թովմասյանը


- Եթե ընտրելու լինեք միայն մեկ խաղընկեր:

- Անկեղծ ուզում եմ փնտրել ուրիշին, բայց չեմ գտնում, իսկ Նարինեից բացի էլ ո՞ւմ նշեմ, թեեւ շատ մեծ հաճույքով էլի Տաթեւ Ղազարյանի հետ կխաղայի: Չեմ կաղապարվում, բացարձակ սահմաններ չունեմ, ամեն ինչ եմ ուզում անել ու փորձել:

- Ներկայացում:

- Հենրիկ Մալյանը մի անգամ ասաց, որ «Հայրիկ» ֆիլմն ամենաշատն է սիրում, որովհետեւ այն իր թերաճ երեխան է: Ես չեմ կարողանում ընտրություն անել, դժվար է, բայց կառանձնացնեմ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը», այն իմ մասին է, որովհետեւ իմ խաղալիքը մինչեւ հիմա չեմ կորցրել ու հետս եմ տանում:  

- Քանդակ:

- Միքելանջելոյի «Պիետան» («Ողբ»): Աստվածային քանդակի ավելի մեծ հանճար արվեստում չկա:

- Սար:

- Աժդահակը, դրանից այն կողմ ինձ համար սար չկա: Թեեւ Արագածն ամենաբարձրն է, բայց միշտ իր հետ կռվել եմ, մեր հարաբերությունները լավ չեն ստացվել, իսկ Աժդահակն իմ սարն է:

- Երկիր:

- (Ծիծաղում է խորամանկ,- հեղ.): Հայաստանից բացի էլ ի՞նչ երկիր, բայց Արցախի հետ: Ես, իհարկե, չեմ հասնի մինչեւ այդ տարիները, բայց կարծում եմ՝ գալու է օրը, որ Վանն էլ մերը լինի, պարզապես այնքան կուզեմ զգույշ վարվենք երկրի հետ, այն ընտանիքի ավելի մեծ մոդելն է ու շատ մեծ խնամքի կարիք ունի:

- Բառ:

- Սեր, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել սիրուց բացի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին