×


«Մոլորված Նյու Յորքում». ընտանեկան արժեքների ու սիրո մասին՝ Համազգայինի բեմից

Երեկոյան Սոս Սարգսյանի անվան թատրոնի բեմը վերածվել էր նյույորքան բնակարանի, որտեղ եղբայրներ Ջեյն (Ստեփան Հովհաննիսյան) ու Արթին (Գագիկ Մովսիսյանը) մոր մահից հետո ստիպված ապրում են դաժան տատիկի (Շաքե Թուխմանյան) ու մտավոր խնդիրներ ունեցող մորաքրոջ (Նարինե Գրիգորյան) հետ: Իսկ նրանց հայրը (Սերգեյ Թովմասյան) կնոջ հիվանդության ծախսերը հոգալու պատճառով բավական պարտքեր էր կուտակել ու ստիպված էր աշխատելու համար այլ քաղաք տեղափոխվել:

Ներկայացման առանցքում տղաներն են, որոնց կյանքը մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվում է՝ հասկանում են սիրո կարեւորության մասին, սովորում պատասխանատու լինել ու ընդունել ընտանիքն այնպիսին, ինչպիսին այն կա: Դրանում իրենց դերակատարումն են ունենում նաեւ հանցագործ հորեղբայրը (Ստեփան Ղամբարյան) եւ տարօրինակ ձայնով խոսող մյուս հորաքույրը (Կարինե Ծատուրյան):


BRAVO.am-ին Արման Նշանյանը պատմեց, որ Պուլիցերյան մրցանակի արժանացած Նիլ Սայմոնի «Մոլորված Նյու Յորքում» պիեսը ցանկացել է բեմադրել դեռ 25 տարի առաջ, երբ ինքն էր սովորում Թատերական ինստիտուտում:

Պրեմիերայից հետո խոստովանեց, որ ներկայացումից առաջ խոսել է դերասանների հետ ու ասել, որ բեմի վրա պետք է լավ ժամանակ անցկացնեն ու վայելեն ընթացքը՝ ոչնչի մասին չմտահոգվելով:

«Բավական փորձ ենք արել ու լավ աշխատել, էլ ինչո՞ւ պիտի չստացվեր: Շատ մարդիկ չեն հասկանում, որ արվեստն էլ ցանկացած այլ մասնագիտության պես աշխատանք է: Եթե վիրաբույժը տարիներով չսովորի ու փորձեր չանի, չի կարողանա մարդկանց կյանքը փրկել, նույնն էլ ներկայացման դեպքում է: Եթե դերասանները չպատրաստվեն, արվեստի միջոցով մարդկանց հոգիները չեն կարողանա բուժել»,- նշեց ռեժիսորը:  


Նա կարծում է, որ մեծահասակների արարքներն ու վարվելակերպը երեխաների վրա մեծ ազդեցություն են թողնում, եւ նրանց հետ պետք է զգույշ եւ ճիշտ վարվել, որովհետեւ տարիներ անց նրանք են ընտանիք կազմելու:

«Չգիտես ինչու, դժվարություններն ու տառապանքը հայերից անպակաս են: Էլ ուժ չկա դիմանալու, բայց ուժ ունենք, թե այդ ամենին ինչպես արձագանքել: Երբեք չպետք է հույսը կորցնենք, պարտավոր ենք օրինակ լինել մեր երեխաների համար, որպեսզի պինդ եւ ամուր հայեր մեծանան»,- ավելացրեց նա:

Տատիկի դերում, որին կյանքի կորուստներն ու գերմանական դաժանություններն են այդպիսին դարձրել, մարմնավորում է Նշանյանի մայրը՝ Շաքե Թուխմանյանը: Այդ դերը նրա համար չի նախատեսված եղել, սակայն այդ ընթացքում Երեւանում է եղել ու հենց ինքն էլ խաղացել.

«Մայրիկի հետ աշխատելը հրաշալի էր: Առհասարակ, ուզում եմ, որ իմ բոլոր դերասաններն ամենալավը լինեն: Ես էլ դերասան եմ ու նրանց շատ լավ եմ հասկանում: Հիանալի էր նաեւ երեխաների հետ աշխատել, ի դեպ, նրանց համար ամենաքիչն եմ մտահոգվել, իրենք պիեսի մեխն են ու այս ներկայացման մեջն շատ կարեւոր են»:


Ստեփան Հովհաննիսյանի համար համազգայինի դերասանական կազմի հետ աշխատելը վարպետության դասի է նման եղել, որը վայելել է 1,5 տարվա ընթացքում: Նրան Ջեյի դերի համար քասթինգով են ընտրել ու շատ արագ հաստատել:

«Գագիկի հետ հարաբերություններս ոչ թե ընկերական են, այլ՝ եղբայրական: Ներկայացման ասելիքն այն է, որ երեխաներին պետք է սիրով մոտենալ ու քնքշանք ցույց տալ: Հաղորդագրությունն այն է, որ սերը միշտ էլ կարեւոր է ցանկացած մարդու համար՝ անկախ նրանից պատերազմ կլինի, թե խաղաղ ժամանակներում կապրենք»,- ընդգծեց Հովհաննիսյանը:


12-ամյա Գագիկ Մովսիսյանն ամենակրտսերն է ներկայացման մեջ, նա եւս քասթինգով է ընտրվել բազմաթիվ երեխաներից ու բեմում զարմացրեց իր պատրաստվածությամբ եւ դերասանական խաղով.

«Վարագույրի հետեւում մտածում էի, որ 200-300 մարդ մեզ է սպասում, եւ մի քիչ լարվում էի: Հետո լիովին մտա դերիս մեջ, ու ամեն ինչ անցավ, հիմա շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց: Օրական մի 2 ժամ ենք փորձ արել, շատ չենք տանջվել: Ներկայացման մեջ ինձ ամենաշատը հումորային պահերն են դուր գալիս, իսկ ամենահավանածս կերպարը հորաքույր Բելլան է, նա թեթեւ է կյանքին նայում: Տատիկի հետ այդքան մնալով ու դաժանություն տեսնելով՝ մինչեւ հիմա էլ ուրախ է եւ ժպտում է: Բոլորն էլ ինձ շատ են օգնել, որ ամեն ինչ ստացվի՝ սկսած Ջեյից մինչեւ տատիկը»:


ԱՄՆ-ում բնակվող 70-ամյա Շաքե Թուխմանյանին երեւանյան բեմում հաճախակի չես հանդիպի: «Մոլորված Նյու Յորքում» ներկայացման տատիկին մարմնավորելը նրա համար բավական բարդ է եղել, քանի որ բնավորությամբ ու խառնվածքով որեւէ ընդհանրություն չունի կերպարի հետ:


«Բայց նա իր ճշմարտությունն ունի. Արմանն ինձ շատ ճիշտ ուղղություն է տվել, որ բանալիներ գտնեմ ու հասկանամ կերպարս: Թեեւ ընթացքը դժվար էր, բայց ստացվեց: Թեեւ տատիկի դերերում եղել եմ, բայց ոչ՝ այսպիսի: Պրեմիերայից առաջ ամբողջ օրն ինձ տրամադրել եմ ու բերել այն հոգեվիճակին, որն ինձ բեմում օգնեց կերպարս այս աստիճանին հասցնել: Ներկայացումը սովորեցնում է չհուսահատվել եւ ուժեղ լինել: Տատիկն ուզում է թոռներին դաժան կերպով սովորեցնել դիմակայել կյանքի դժվարություններին, որոնց միջով ինքն էլ անցել է: Օգնեց տղաներին հասկանալ, որ կյանքը պայքար է, պետք է չհանձնվես, որ որեւէ բանի հասնես, ոչինչ հենց այնպես չի տրվում: Նրա սերն էլ տարբեր կերպ է արտահայտվում, բայց վերջում ինք էլ ինչ-որ կերպ կոտրվեց՝ թոռներն էլ այդ կնոջը օգնեցին կյանքին նորովի նայել: Ներկայացումը մեծ ասելիք ունի, կուզեմ շատ հանդիսատես ու հատկապես երիտասարդներ գան ու նայեն»,- ավելացրեց վաստակավոր դերասանուհին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին