×


Ռոզա Լինը կբացի Էդ Շիրանի ամերիկյան շրջագայության համերգները

Երգչուհի Ռոզա Լինը հիանալի նորությամբ է կիսվել: Նա 2023 թվականին մասնակցելու է Էդ Շիրանի համերգային շրջագայությանը Հյուսիսային Ամերիկայում՝ ելույթ ունենալով բացման հատվածում:  

Ահա թե ինչ է նա այդ մասին գրել սոցցանցերում. «Ի՞նչ: Քո երգերի քավեր կատարումներից մինչեւ քո շրջագայության բացումը: Այնքան հպարտ եմ այս ամենի մի մասը լինելու համար: Շնորհակալություն, Էդ Շիրան»:



«Եվրատեսիլ 2022»-ում ելույթից հետո երգչուհու հաջողությունները միայն ավելանում են: Նախ «Snap» երգն էր նորանոր լսարաններ հավաքում ու հնարավոր ռեկորդներ սահմանում, հիմա էլ Լինը նման աշխարհահռչակ երգչի համերգին ելույթ ունենալու հնարավորություն է ստացել:


Էդ Շիրանի համերգային շրջագայությունը մեկնարկելու է 2023 թվականի փետրվարի 1-ին՝ Նոր Զելանդիայի Sky Stadium-ում եւ ավարտվելու է սեպտեմբերի 23-ին՝ Կալիֆոռնիայում:

«Հյուսիսային Ամերիկա, անհամբեր ենք, թե երբ ենք ձեզ համար բերելու #MathematicsTour-ը»,- գրված է երգչի թվիթերյան էջում:


Ամերիկյան շրջագայությունը մեկնարկելու է մայիսի 13-ին՝ Տեխասում: Համերգներ են լինելու նաեւ Ֆլորիդա, Ջորջիա, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Թենեսի, Իլինոյս, Միսսուրի, Մինեսոտա, Կոլորադո, Վաշինգթոն, Նեւադա եւ Կալիֆոռնիա նահանգներում, ինչպես նաեւ Կանադայում (Տորոնտո, Վանկուվեր):

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին