×


«Այնքան եմ հոգին ուտում, որ առանց առիթի ծաղիկ է նվիրում». Սամվել Թոփալյանի ու Սոնա Դավթյանի ամուր ընտանիքը

«Գոյ» եւ Մալյանի անվան թատրոնների դերասան Սամվել Թոփալյանն ու պարուհի Սոնա Դավթյանը վաղուց հասկացել են սիրո ու ամուր ընտանիք ունենալու կարեւորությունը: Փարաջանովի տուն-թանգարանում նրանք BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար բացահայտել են մասնագիտական գաղտնիքներ, խոսել միմյանց աջակցելու, փոխանցած որակների, իրար շատ գնահատելու ու երեխաներին ճիշտ դաստիարակելու մասին:

Դերասանն ու պարուհին

- Դուք, Սամվել, նախ Ոստիկանության ակադեմիա եք դիմել, նոր հետո որոշել դերասան դառնալ, իսկ Դուք, Սոնա, ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը, ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունները:

Սամվել. Պարզապես այդպես եղավ, որ ընդունվեցի ակադեմիա, բայց լավ է, որ ոչինչ չստացվեց (ծիծաղում է,-հեղ): Ամեն ինչ իրականում դասավորվում է այնպես, ինչպես պետք է լինի: Ավելի երիտասարդ տարիքում նեղվում էի, որ հաճախ իմ ուզածով չէր ստացվում, հետո հասկացա՝ ճիշտն այդպես է: Աներեւույթ ուժ կա, որ ինքն է ամեն ինչ կառավարում: 2002-ին ընդունվեցի Արմեն Մազմանյանի կուրսը, ավարտելուց հետո ծառայեցի բանակում, վերադարձա ու սկսեցի աշխատել «Գոյ» եւ «Մալյան» թատրոններում: Դերասանությունը ներքին խառնվածքիս հետ համահունչ է, ինձ չեմ պատկերացնում որեւէ գրասենյակում աշխատելիս, դուր է գալիս չհամակարգված գրաֆիկը:

Սոնա. Ինչպես բոլոր դասական հայկական ընտանիքներում, պետք է ընտրեի այն մասնագիտությունը, որի քննություններն իմ սիրելի առարկաներն էին (ծիծաղում է,-հեղ): Հասկացա, որ սոցիոլոգիան ու հասարակագիտությունն ամենահոգեհարազատն են ինձ, բայց 4 տարի սովորելուց հետո կարծիքս փոխեցի: Մինչ այդ պարով էի զբաղվել ու որոշեցի ընդունվել Թատերական ինստիտուտի պարի ռեժիսուրա բաժինը: Ամուսինս էլ ինձ ոգեշնչեց, բայց առաջին բալիկս ծնվեց, ու այդպես էլ մնաց: Ավելի ուշ հասկացա, որ կրթությունն է ձգում ու սովորեցի ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում:  

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանը


- Դուք երեխաների հետ եք աշխատում ու նրանց նաեւ պարել սովորեցնում:

Սոնա. Այո, պարային խմբակ ունեմ, բայց հիմնականում կրթական հարթակի համակարգող եմ: Լրացուցիչ զարգացման ծրագրեր ենք իրականացնում մանկապատանեկան կենտրոնի երեխաների համար:

- Սամվել, Դուք երկու թատրոններում եք աշխատում, ինչպե՞ս եք կարողանում ճիշտ բաշխել ժամանակն ու ի՞նչ է նրանցից ամեն մեկը տալիս Ձեզ:

Սամվել. Արդեն վաղուց ֆիքսել եմ մի բան, որ ինչքան շատ ես զբաղված լինում, այնքան ժամանակը բավականացնում է: Երկու թատրոնում էլ գեղարվեստական ղեկավարներն ու տնօրենները շատ կարգին մարդիկ են: Խնդիր չեմ ունենում փորձերի ժամերի կազմակերպման ու ներկայացումների օրերի հետ. բոլորն ընդառաջում են: Բացի այդ էլ, երկու թատրոնների դերասաններն էլ ընկերներ են:

Ավարտել եմ Մազմանյանի կուրսը, իսկ «Գոյ» թատրոնը հիմնել են նա, Արթուր Սահակյանն ու Սամսոն Ստեփանյանը: 90-ականներին նրանք երեւանյան թատերական դաշտ բերեցին աբսուրդ գրականություն՝ Բեքետ, Իոնեսկո, Սարտր, Ադամով: Ստեղծեցին նորարարական-փորձարարական մի թատրոն, որտեղ այդ աբսուրդ գրականությունը ձեւավորում է նաեւ ճաշակ, մտածողություն, երեւակայության լրիվ ուրիշ դրսեւորումներ:

Ինձ դա դուր է գալիս ու նաեւ միաժամանակ շատ հետաքրքիր է «Մալյան» թատրոնի ձեռագիրը, ոճն ու պարզությունը, մալյանական հանճարեղությունն ու շունչը: Այստեղ էլ լրիվ այլ գրականություն է, հիմնականում ազգային՝ Թումանյան, Սարոյան, Աղասի Այվազյան: Այդ երկու տարբեր մտածողություններն ու ճաշակներն ինձ որպես դերասան ու մարդ միմիայն փորձ ու հարստություն են տալիս:

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանը


- Սոնա, սովորեցնում եք կառավարել մարմինը, որքանո՞վ է դա կարեւոր ու ի՞նչ է տալիս երեխաներին:  

Սոնա. Երեխաների հետ աշխատելը հեշտ է ու բարդ: Հեշտ է, որովհետեւ իրենց սիրում եմ եւ զգում, կարողանում եմ ամեն մեկին անհատական մոտեցում ցույց տալ, բայց բարդ է, որովհետեւ փոքրիկ են՝ 3-5 տարեկան, ու խմբում՝ 10-15 հոգի: Բոլորին հավաքել ու սովորեցնել կառավարել իրենց մարմինը, էմոցիա արտահայտել, մի քիչ բարդ է: Բայց աշխատանքը ստացվում է, քանի որ իրենք էլ գիտեն, թե ուր են եկել:

- Դերասանի համար էլ մարմինն ամենակարեւոր գործիքներից է, թեեւ այն նույնն է մնում, բայց ամեն դերի հետ յուրահատուկ տրանսֆորմացիայի է ենթարկվում: Ո՞ր դերի ժամանակ եք առավել ցայտուն զգացել այդ փոփոխությունը:

Սամվել. Մեր մասնագիտության մեջ կարելի է առանձնացնել մարմինը, ձայնը, հայացքը, ժեստը, ինտոնացիան: Մարմնին պետք չէ առաջնային կամ երկրորդային դեր տալ, այդ ամենի համագումար պիտի լինի: Մենք չգիտենք, թե մեր մարմինը, ձայնը կամ էլ միտքն  ինչ հնարավորություններ ունեն: Դերասանի մասնագիտությունը հենց ինքնաճանաչողության պրոցես է. փորձում ես հանկարծ չկրկնել, գտնել ձայնի յուրահատուկ տեմբր, մարմնի պլաստիկայի յուրահատկություն, որ նույնը չլինես, իսկ թե ինչքանով է ստացվում, դա արդեն հանդիսատեսը կասի:

- Բայց կարծում եմ՝ Ձեր ամենամեծ քննադատները հենց ինքներդ եք, ավելի լավ գիտեք, ինչը ստացվեց, կամ ոչ:

Սամվել. Ցավոք սրտի, հաճախ կորցնում ենք ինքնաքննադատության տարրը, այդ ժամանակ ամեն ինչ խախտվում է: Ինքնախարազանմամբ չպիտի զբաղվես, բայց ինքնաքննադատությունը շատ կարեւոր ու պետքական բան է, դրա առկայությունն անընդհատ անհրաժեշտ է:

Սոնա. Բայց դու էլ մի քիչ չափն անցում ես (ծիծաղում ենք,-հեղ.): Անընդհատ ասում է, որ ինչ-որ բան լավ չստացվեց, կամ իր ուզածով չեղավ, անգամ, եթե ղեկավարները գոհ են մնում:


- Սոնա, երեկ մենք հանդիպել ենք Սամվելի ներկայացման ժամանակ, իր ո՞ր դերերն են հատկապես տպավորել:   

Սոնա. Դերերն առանձնացնել չեմ կարող, որովհետեւ ամեն անգամ նորից եմ սիրահարվում (ծիծաղում է,-հեղ.), նորովի բացահայտում: Վերջին անգամ ինձ շատ է զարմացրել «Սիրելի Պամելա» ներկայացման Բրեդֆորդի դերով: Լրիվ ուրիշ Սամվել տեսա:

- Ինչո՞վ այդպես գրավեց ու զարմացրեց:

Սամվել. Երեւի, հենց մարմնի պլաստկիկայով:

Սոնա. Լրիվ ուրիշ ու նախկինում իր մարմնավորած ոչ մի կերպարի նման չէր: Իրեն այդպիսին չգիտեի (ծիծաղում է,-հեղ.):

- Սամվել, սիրո՞ւմ եք, երբ ընտանիքի անդամներից գալիս են Ձեր ներկայացումները նայելու, թե՞ անհանգստանում եք:

Սամվել. Հիմա արդեն սովորել եմ, փոխարենն ավելի անհանգիստ կամ լարված եմ լինում, եթե «Գոյ»-ում գալիս են ներկայացում նայելու Մալյանի իմ գործընկերները, առավել եւս՝ Նարինե Մալյանը: Նրա կարծիքն ու գնահատականը շատ կարեւոր են ինձ համար, եւ հակառակը, երբ «Գոյ»-ի գործընկերներս, Արթուր Սահակյանն ու Սամսոն Ստեփանյանն են գալիս: Զուտ մասնագիտական կողմից են նայում, շատ եմ գնահատում նրանց կարծիքը: Սովորաբար, բացթողումներս ասում են, ես էլ փորձում եմ ուղղել դրանք:

Կերպար ստեղծելն անդադար ու հետաքրքիր ընթացք է ոչ միայն մինչեւ պրեմիերան, դրանից հետո էլ պրպտում ես, նոր բաներ փորձում գտնել՝ իհարկե, ռեժիսորի տված խնդիրների, ազատության ու գեղագիտության սահմաններում: Ավելորդությունները թատրոնում ակնառու են ու միանգամից են երեւում: Մազմանյանն ասում էր, որ արվեստը ձեւի եւ բովանդակության ներդաշնակություն է, երբ դա խախտվում է, էլ արժեք չի լինում:

Համատեղ դժվար ու շատ երջանիկ տարիները

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանը


- Իսկ հիմա անցում կատարենք ամենահետաքրքիր մասին: Ինչպե՞ս ու ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել:

Սամվել. Մարզահամերգային համալիրում բանակի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հաղորդավար էի, իսկ Սոնան պարում էր: Փորձերի ընթացքում հանդիպեցինք ու ծանոթացանք, կարճ ժամանակ անց նկատեցինք իրար:

Սոնա. Ճիշտն ասած՝ ինձ ոչ մեկը չհարցրեց՝ ուզում եմ շփվել, թե չէ (ծիծաղում ենք,-հեղ.): Դե, իհարկե, առաջին քայլը Սամվելն արեց, չհասցրի էլ մտածել՝ ինչ պատասխանել, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց:

- Սամվել, խոստովանեք, այդ ի՞նչ քայլեր արեցիք, որ ամեն ինչ այդքան արագ ստացվեց:

Սամվել. Գաղտնիք է (ծիծաղում է,-հեղ.): Պարզապես զգացի, որ իմ բռնած գործը պիտի ստացվի, իսկ երբ ներսումդ այդ վստահությունը կա, խոչընդոտներ չեն լինում:

Սոնա. Ու այդ բռնած գործը ստացվեց (ծիծաղում ենք,-հեղ.):

- Իսկ այդ դեպքում ինչպե՞ս եղավ ամուսնության առաջարկությունը:

Սոնա. Չի էլ արել առաջարկություն, մի օր պարզապես եկավ ու ասաց, որ պիտի ամուսնանանք (ծիծաղում ենք,-հեղ.):

Սամվել. Ոչինչ չեմ էլ ասել, պարզապես այնպիսի իրավիճակ եմ ստեղծել, որ պարզ էր՝ այդպես էլ պիտի լիներ:  

Սոնա. Իմ կարծիքն ինքը չի հարցրել (ծիծաղում է,-հեղ.):

Սամվել. Քանի որ վստահ եմ եղել՝ համաձայն ես: Բացարձակ ռոմանտիկ մարդ չեմ, շատ ռեալիստ եմ, Սոնան է մեզնից ռոմանտիկը, այդ առումով բավական տարբեր ենք:

Սոնա. Երբ մեկ-մեկ շատ եմ նվնվում, տանջվելով փորձում է ռոմանտիկա ցույց տալ ու հաճելի պահեր պարգեւել: Ծաղիկներ նվիրել էլ չի սիրում, անգամ ծննդյան օրերից առաջ զանգում եմ ու հիշեցնում, որ վաղը տարեդարձս է, ու զգուշացնում, որ ծաղիկներ բերի (ծիծաղում ենք,-հեղ.): Դե սա, իհարկե, կատակ է, բայց իրականում ես եմ ռոմանտիկ ու փորձում եմ նման մթնոլորտ ապահովել: Կամ այնքան եմ հոգին ուտում, որ առանց առիթի ծաղիկով է գալիս կամ հրավիրում միասին սրճելու:

Սամվել Թոփալյանը եւ Սոնա Դավթյանը


- Իսկ հարսանիքն ինչպե՞ս է անցել ու ի՞նչ հիշողություններ են մնացել այդ օրվանից:

Սոնա. Օյ, ավանդական հայկական հարսանիք էր, բայց շատ մեծ չի եղել. ընկերական ու ջերմ մթնոլորտում է անցել, ներկա են եղել ամենահարազատ մարդիկ: Այդպիսի հարսանիքի էլ ներկա չեմ եղել՝ մերն էր, բոլորը մեր մարդիկ էին, ոչ ոք ուղղակի չէր եկել, քանի որ հրավիրել էին: Շատ ջերմ ու տաք օր էր մեզ համար: Բոլորն անկեղծ քեֆ են արել:

Սամվել. Վերջերս հիշում էի այդ օրը, իհարկե, ֆանտաստիկ էր մեզ համար, բայց այսօրվա հեռավորությունից եմ նայում, կային կարեւոր մարդիկ, որ էլ մեր կողքին չեն, դա ավելի է քաղցրացնում այդ օրն ու հիշողությունները, բոլորից ստացած ջերմությունը: Ուրախ եմ, որ մեր համատեղ կյանքի առաջին օրն այդպիսի մթնոլորտում է անցել ու նման մարդկանց ներկայությամբ եղել:

- Արդեն 9 տարուց ավելի է, որ միասին եք, ինչպիսի՞ն է եղել համատեղ կյանքն ու իրարից ի՞նչ եք սովորել:

Սամվել. Ինչպես բոլոր ընտանիքներում, շատ տարբեր փուլեր են եղել՝ ե՛ւ նահանջի, ե՛ւ ձեռքբերումների: Տարբեր մարդիկ ենք ու կարող ենք նույն տեսանկյունը չունենալ, բայց դա միայն թրծում, ամրացնում եւ ուժեղացնում է: Մեր յուրահատկությունն այն է, որ կարող ենք որեւէ հարցի շուրջ վիճել, բայց դրանից հետո մնացած նստվածքը տեւի 5-10 րոպե, որովհետեւ կարեւորն այն չէ, որ որեւէ բան իմ ուզածով լինի: Դրանք երկրորդական են ու առնչություն չունեն իսկականի ու կարեւորի հետ: Պետք է հասկանաս, թե քո ընտանիքի համար ինչն է առաջնային, եւ ինչ ես դու ուզում ունենալ համատեղ կյանքում: Մեզ մոտ ստացվում է, դեռ ամեն ինչ առջեւում է, երեւի տարիներն իմաստնություն կբերեն, որովհետեւ ինչքան երիտասարդ ես, այնքան ավելի էմոցիոնալ:

Սոնա. Բավական տարբեր ենք, համատեղ տարիներն էլ եղել են շատ բարդ ու երջանիկ: Դրանք զուգահեռ են, չես կարող ընտանիքդ պահել, եթե չանցնես այդ ամենի միջով: Ես ժամանակի հետ սովորեցի կառավարել հույզերս ու պայքարել ընտանիքիս երջանկության համար:

- Դուք երկու երեխա ունեք՝ Արմենն ու Արփենը, նրանք ի՞նչ բերեցին ու ինչպե՞ս փոխեցին ձեր կյանքը:

Սամվել. Բոլոր երեխաները հրաշքներ են, իրենց հետ նոր մոլորակ, գույներ ու հեքիաթ են բերում: Որպես ծնող սկսում ես լրիվ այլ էմոցիաներ ապրել, ինքդ քեզ այլ կերպ վերաբերվել, նաեւ այն մարդուն, որը քո ծնածն է: Իսկապես կարող են վախեր առաջանալ, շատ հարցերում անգամ չճանաչես քեզ, անբացատրելի բան է: Հայկական խոսք կա, չէ՞, որ մինչեւ ծնող չդառնաս, չես հասկանա ծնողին, այդպես է: Բոլորը շատ են սիրում իրենց հարազատների երեխաներին, բայց քոնի դեպքում բնությունն է խոսում ներսում, անբացատրելի ու աստվածային է:

Սոնա. Երեխաների ծնվելուց հետո փոխվում են կյանքի նպատակները, ձեւն ու բովանդակությունը: Որքան էլ նույն մարդն ես ու քո կյանքով ես ապրում, միեւնույն է՝ իրենք ամեն ինչ շուռ են տալիս ու իրենց շուրջը պտտեցնում: Բոլոր նպատակները երեխաների հետ են կապվում:

Սոնա Դավթյանը


- Համատեղ ընտանեկան հանգիստն ինչպե՞ս եք սիրում անցկացնել եւ ունե՞ք սիրելի վայրեր:

Սամվել. Ե՛վ Սոնայի կողմը, ե՛ւ իմ գյուղ ունեն, եւ շատ կապված ենք նրանց հետ: Դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ բնության հետ էլ կապված ենք լինում: Բոլորով գնում ենք գյուղ, սարեր բարձրանում, ես նաեւ որսորդություն եմ շատ սիրում եւ տղայիս հետս տանում եմ: Բնության մեջ միասին լինելն ու այդ միջավայրն եմ սիրում, երեխաները տեսնում են գյուղում ապրող մարդու վերաբերմունքը, որը լրիվ ուրիշ է եւ ավելի ջերմ, ծանոթանում են այնտեղի կյանքին: Այսօր շատ-շատ խնդիրների պատճառն այն է, որ կտրվել ու հեռացել ենք բնությունից: Մինչդեռ բնությունը մեզ ուղղակիորեն հուշում է, թե ինչն է լավ, վատ, ճիշտ կամ սխալ: Երբ կտրվում ես քո հիմքից, իսկ մենք բնության մի մասնիկն ենք, բնականաբար, լաբիրինթոսում ենք հայտնվում ու դուրս գալը շատ քիչ հավանական է դառնում:

- Ներկայացման ժամանակ ուշադրությունս գրավեց այն, որ Դուք, Սոնա, անընդհատ Ձեր աղջկան ուղղում էիք ու հայերեն ճիշտ խոսել սովորեցնում: Ինչպե՞ս են Ձեզ դաստիարակել, որ Դուք էլ ուզում եք երեխաներին փոխանցել:

Սոնա. Այնքան շնորհակալ եմ ծնողներիս, որովհետեւ, որպես այդպիսին, դաստիարակություն չի եղել. սովորել եմ այն, ինչ եղել է մեր ընտանիքում, ինձ հատուկ չեն ասել՝ ինչն է կարելի կամ արգելվում է: Հիմա, իհարկե, մի քիչ բարդ է, որովհետեւ սերունդն ու միջավայրն այլ են, բայց իմ ծնողների օրինակով եմ փորձում դաստիարակել: Իրենց ամեն դեպքում պետք ավելի շատ ասել, քան մեզ են արել:

Սամվել. Վիկտոր Համբարձումյանը ֆանտաստիկ միտք ունի. «Մենք փոխանցում ենք մեր սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափար»: Դա շատ կարեւոր է, պաթետիկ թող չհնչի, բայց ծնողը իր երեխային պետք է դաստիարակի ոչ միայն որպես մարդ, այլ նաեւ՝ քաղաքացի: Ճիշտ խոսելու օրինակը բերեցիք, հնարավոր է՝ առաջին հայացքից թվա, թե դեռ փոքր են ու ավելի առաջնային հարցեր կան, բայ ոչ, նախ պետք է ճիշտ խոսել հայերեն, դա իսկապես կարեւորագույն հիմքերից մեկն է: Ինչպես Սահյանն է ասում. «Մեր լեզուն մենք ենք, որ կանք»: Ինչպես ես վերաբերվում քո լեզվին, այդպես էլ՝ քո տեսակին, մտածողությանը, պատմությանը, նաեւ՝ գալիքին: Դրա համար նախ եւ առաջ որպես լավ քաղաքացի ենք փորձում մեծացնել մեր երեխաներին՝ բարոյական ու աժեքային ճիշտ սկզբունքներով:  

Սոնա. Դա շատ կարեւոր է, որովհետեւ աշխարհը հիմա վախենալու է դարձել, վատ բան եմ ասում, բայց այսօր պետք է հետեւել նաեւ երեխայի միջավայրին, թե ում է հետ շփվում, շատ կենտրոնացած չէ, բայց հսկել պետք է:


- Միմյանց 3 բառով ինչպե՞ս կբնութագրեք:

Սամվել. Պարզ, թաքուն ու համառ:

Սոնա. Ճշտապահ, նվիրվող եւ տաղանդավոր:

- Համատեղ ի՞նչ երազանք կամ նպատակ ունեք:

Սամվել. Չենք բարձրաձայնում այդ մասին:

- Ինչպիսի՞ն եք ուզում, որ լինեն ձեր համատեղ հետագա տարիները:

Սամվել. Յուրահատուկ բան պետք չի, հնարավոր է՝ պապիական հնչի ասածս, բայց  կուզեմ առողջ ապրենք:

Սոնա. Ու մեր երկրում:

Սամվել. Պինդ երկրում, պնդությունը տնտեսական հանգամանքների հետ չեն կապում, լինի մի հասարակություն, որը կարեւորը երկրորդականից տարբերում է եւ կան իսկապես ճշմարիտ արժեքներ, ու դրանց կրողը լինենք մենք եւ մեր երեխաները: Բոլորս ներքին խաղաղություն ունենանք ու կարողանանք արժանի լինել մեր բնությանը: Ու գտնենք երջանկությունն իսկապես կարեւոր բաների մեջ:

Սոնա. Ամեն ինչ ասաց, ավելացնեմ միայն, որ կուզեմ չվախենանք մեր կյանքի եւ ապագայի համար, խաղաղություն լինի, ներքուստ էլ ներդաշնակ լինենք ու հանգիստ, մնացածը, այդ թվում՝ երջանկությունը, կստեղծենք, ամեն ինչ մեզնից է կախված:


«Ընտանիքին նվիրված ու ընկերասեր է»

Սոնա. Պետք է գովեմ իրեն կամ ինչքան վատ բան կա ասեմ (ծիծաղում է,-հեղ.): Ընտանիքին նվիրված ու ընտանիքի մարդ է, ինչն ամուսին ընտրելիս կարեւոր էր ինձ համար: Ընտանիքն իրենն է, տաքուկ է, փայփայում է: Ընկերներն ու աշխատանքն էլ իրենց տեղն ունեն, շատ ընկերասեր է: Մի անգամ տղաս է ճիշտ պատասխանել, թե ինչու է սիրում հայրիկին՝ ասելով. «Դե, իմ հայրիկն է, համ էլ սիրում եմ, որովհետեւ ընկերասեր է, ինչը նշանակում է՝ լավ մարդ է»: Երկուսս էլ շատ ընկերներ ունենք ու սիրում ենք հանդիպել ընտանիքներով եւ լավ ժամանակ անցկացնել:

«Սոնան իմ կինն է՝ այդպես էր սահմանված»

Սամվել. Սոնան իմ կինն է (ծիծաղում է,-հեղ.) ու այդպես էլ պիտի լիներ՝ սահմանված էր, ուրիշ բացատրություն չեմ ուզում տալ: Երկու հոգի հանդիպեցին ու հասկացան, որ պիտի ընտանիք կազմեն, սիրեն իրար ու ներդաշնակ լինեն: Փարաջանովի տուն-թանգարանում ենք, այս ամենի ֆենոմենն ու հանճարեղությունն այն է, որ այստեղ ամեն ինչ ներդաշնակված է՝ գույնը, ձեւը, բովանդակությունը, գաղափարը: Դրա մասին էի ասում, որ Սոնան լրացնում է իմ բացերն ու ներդաշնակության բերում: Մարդ է, որին նախ գնահատում եմ ոչ միայն որպես կին, այլ ամեն առումով՝ սկսած ծնողներիս հետ իր շփումից:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանման վայրը՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին