×


«Ցավոք, երազանքս երբեք չի իրականանում». Ժաննա Վելիցյան

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը BRAVO.am-ի հետ ամփոփել է անցնող տարին՝ խոստովանելով, որ իր համար այն հրաշալի էր:

«Բացթողումներ եւ ձեռքբերումներ ամեն տարի ու ամեն վայրկյան եմ ունենում, բայց 2022-ը հատկանշական էր. ավելորդ մարդիկ գնացին իմ կյանքից, ինչն անձնական մեծ ձեռքբերում եմ համարում: Իսկ մասնագիտական ձեռքբերումներս ավելի վառ են եւ շոշափելի։ Իհարկե, գալիք տարվա հետ կապված էլ կան հստակ ծրագրեր, առանց որոնց անհետաքրքիր կլիներ, բայց ես, իհարկե, ժամանակից շուտ չեմ խոսի դրանց մասին», - նշել է նա:

Ժաննա Վելիցյանը


Ասում է՝ էկրաններից բացակայելու ամենագլխավոր պատճառն այն է, որ բարեբախտաբար, զբաղվածությունը մեծ է թատրոնում. «Շատերին թվում է, թե սկզբունքային է ինձ համար սերիալներում չնկարահանվելը, բայց այդպես չէ: Իսկ թատրոնում այս տարի ինձ բախտ վիճակվեց աշխատել տարբեր ձեռագրեր ունեցող ռեժիսորների հետ: Գարնանը ունեցանք պրեմիերա Համազգայինում՝ «Պյերետայի քողը». հետաքրքիր պիես, անսովոր լուծումներ, տարբերվող ձեւաչափ, ռեժիսորն էլ մեր շատ սիրելի Յուրի Կոստանյանն է: Աշնանը «Երեք գույն. ծիրանագույն»-ի պրեմիերան ունեցանք Ռուսաստանից ժամանած տաղանդաշատ ռեժիսոր Իլյա Մոշիցկիի հետ: Օրեր առաջ էլ Փոքր թատրոնում խաղացինք «Գույներ» պարային ներկայացումը, որի հեղինակը եւ ռեժիսորը Վահան Բադալյանն է: Ստեղծագործական հրաշալի օրեր եմ ապրում»։

Ժաննա Վելիցյանը


Նոր տարին ավանդական ձեւով չի անցկացնի. «Տոնածառը կզարդարեմ այն ժամանակ, երբ ունենամ իմ պատկերացրած բոլոր խաղալիքները, քանի դեռ դրանք չկան, նախընտրում եմ Ամանորը նշել առանց տոնածառի: Մանկության ամենավառ հիշողություններիցս մեկն այն է, երբ Ձմեռ պապիկն ինձ բերել էր նվեր, որի մեջ գտա ամենամեծ խնձորը, որը երբեւէ տեսել էի այդ տարիքում: Ու հիշում եմ՝ մոտ մի քանի ժամ ուտում էի, թվում էր՝ երբեք չի վերջանա, այդքան մեծ էր:): Այս տարի մինչեւ դեկտեմբերի 30-ն աշխատելու ենք, հետո էլ գուցե մի քանի օրով գնամ որեւէ տեղ հանգստանալու»:

Ժաննա Վելիցյանը


Հավատում է Նոր տարվա հրաշքին. «Երազում եմ խաղաղության մասին, բայց, ցավոք, երբեք չի իրականանում։ Ձմեռ պապիկից էլ ոչ մի նվեր չեմ սպասում, բայց այ ինձնից բավական մեծ սպասելիքներ ունեմ:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ժաննա Վելիցյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին