×


Դերասանուհին՝ ամուսնու հետ

«Այս տարի տորթի մոմերը չեմ փչելու». Անի Քոչարյանը՝ 50-ամյակի եւ որդու անակնկալի մասին

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանը դեկտեմբերի 1-ին նշում է 50-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ծրագրում էր յուրահատուկ տոնել հոբելյանական տարեդարձը, բայց, ցավոք, հանգամանքները խանգարեցին:

«Այս տարեդարձիս տորթի մոմեր չեմ փչելու: Վերջին տարիներին մեր երկրում շատ վատ բաներ կատարվեցին: Մի քանի տարի ծննդյանս տոնը չնշելով՝ որոշել էի, որ եթե ամեն բան լավ լինի, ապա պետք է 50-ամյակս նշեմ մեծ շուքով: Բայց այս տարի ես կորցրի ինձնից տասը տարի փոքր եղբորս»,- ցավով պատմում է նա:

Անի Քոչարյանը՝ որդու հետ


Դերասանուհին անկեղծանում է՝ տորթի մոմերը փչելիս երազանք երբեք էլ չի պահել, որովհետեւ դեռ մանկուց՝ հոր մահից հետո, երազանքներ այլեւս չի ունեցել:

«Հայրս շատ երազանքներ ուներ, որոնց մասին ինձ պատմում էր: Ես ընդամենը 11 տարեկան էի, երբ նա մահացավ, երազանքներն էլ մնացին անկատար: Այդ ժամանակ էլ հենց հասկացա, որ պետք չէ երազանք ունենալ, դրանք չկատարվելու հատկություն ունեն: Պետք է ապրել հենց հիմա. հինգ րոպե հետոն արդեն մերը չէ»,-ասում է Անին:

Հիշելով ամենայուրահատուկ ծննդյան տարեդարձը՝ դերասանուհին պատմում է. «Որդուս՝ Աբելի ծննդյան տարին էր, որովհետեւ ես արդեն մայրիկ էի: 31-ամյակս էր»:

Այդ տարվանից սկսած՝ իր բոլոր յուրահատուկ նվերներն Անին ստացել է հենց որդուց՝ դերասան Աբել Վարդանյանից: Անցյալ տարի Աբելը մայրիկին նվիրել է շատ մեծ արջուկ՝ ասելով. «Մամ, բոլորը չէ, որ քեզ լավ են ճանաչում, բայց ես գիտեմ, որ քո մեջ ապրում է փոքրիկ երեխա: Քեզ միայն պետք է փափուկ խաղալիքներ նվիրել»:

Անի Քոչարյանի որդին՝ Աբել Վարդանյանը


Այս տարի էլ զինվորական ծառայության մեջ գտնվող Աբելը մեծ անակնկալ արեց մայրիկին՝ գալով տուն նրա ծննդյան օրը:

Դերասանուհին իր տարիքից չի վախենում. «Տարիքիս վերաբերվում եմ հրաշալի: Երբեք այն չեմ թաքցնում՝ ի տարբերություն շատերի: Ինձ լավ եմ զգում, այդ տարիներն իմն են, ես դրանք ապրել եմ: Եթե ցանկանում ես ապրել, ապա պետք է պատրաստ լինել ծերանալուն»:

Անի Քոչարյանը, կիսվելով երիտասարդության գաղտնիքով, հավատացնում է, որ երբեք չի դիմել պլաստիկ միջամտության. «Պարզապես վերջին տարիներին սկսել եմ զբաղվել մաշկի խնամքով, դա անում են նաեւ քսան տարեկան աղջիկները: Վերջերս մի խանութում վաճառողուհին մոտեցավ ինձ եւ ասաց՝ Ձեր քիթը շատ լավ է ստացվել: Եվ ես շատ բարձր ծիծաղեցի ու ասացի, որ 49 տարի առաջ ծնողներս շատ լավ են աշխատել քթիս վրա»:

Դերասանուհին նշում է, որ տարիներն իրենց հետ իմաստություն են բերել, եւ ինքը կյանքին սկսել է այլ կերպ նայել: Նա սկսել է գնահատել ամեն օրը, ամեն ժամը եւ տարիքի հետ հասկացել է, որ տարիներն Աստծուց նվեր են:

«Եթե 18 տարեկանում հանդիպեի ինքս ինձ, ապա խորհուրդ կտայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Միշտ հոգիս բաց է եղել բոլորի համար: Սակայն հիմա, իհարկե, մի քիչ փոխվել եմ, շատերին թույլ չեմ տալիս մոտենալ հոգուս: Ոմանք կարծում են՝ իշխող եմ կամ մեծամիտ, բայց իրականում փխրուն եմ եւ մարդասեր: Կարող եմ ցույց չտալ, բայց երբ դիպչեն հոգուս, կարող եմ ակնթարթորեն կոտրվել եւ նույնիսկ լաց լինել, որովհետեւ ինքս շատ զգույշ եմ եւ երբեւէ չեմ նեղացնում մարդկանց»,-ասում է դերասանուհին:

Անի Քոչարյանը


Անին խոստովանում է՝ եթե հնարավոր լիներ կյանքն ապրել կրկին, ապա կցանկանար, որ փոխվեր միայն մեկ բան. «Միայն թե հայրս եւ եղբայրս շուտ չթողնեին ինձ»:

Ինքն իրեն հոբելյարը մաղթում է ապրել խաղաղ երկրում ու տեսնել բոլորին առողջ. «Ուզում եմ շնորհակալ լինել մորս, որ ինքն ինձ ստեղծել է այնպիսին, ինչպիսին կամ: Թող խաղաղություն լինի, բոլորն ապրեն առողջ, իսկ մնացած ամեն բան ստեղծում ենք ինքներս»:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի
Լուսանկարները՝ Անի Քոչարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին