×


«Երեխաներս շատ անկանխատեսելի են». Հասմիկ Կարապետյանը՝ Նոր տարին ծնողների տանը դիմավորելու եւ երազանքի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, չխախտելով գեղեցիկ ավանդույթը, տարեմուտը դիմավորում է ծնողների տանը, որտեղ իր եւ Շանթի երեխաներն իրենց հրաշալի են զգում։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 2022-ն, ինչպես բոլոր տարիները, իր լավ ու վատ պահերն ուներ:

«Միանշանակ ոչինչ չի լինում։ Վերջին տարիները մեզ համար շատ սթրեսային էին,  պատերազմական իրավիճակները բոլորիս շատ են ընկճել, ինչի համար էլ չեմ կարող տարին լիարժեք լավը համարել։ Ուզում եմ՝ 2023-ը մեր երկրին խաղաղություն բերի, պատերազմներ, զոհեր չլինեն։

Հասմիկ Կարապետյանը


Նախորդ տարի ակտիվ աշխատանքային գործունեություն եմ ծավալել. ամիսը մեկ կենդանի նվագակցությամբ համերգներ եմ ունեցել։

Երեխաներս մեկ տարով էլ մեծացան, ու ինձ կարողացա ավելի շատ ժամանակ հատկացնել։ Նոր ծանոթություններ ունեցա։ Ժամանակի սղության պատճառով նոր տեսահոլովակ չնկարահանեցի։ Իհարկե, մթնոլորտն էլ տրամադրող չէր, որ կարողանայի իմ ողջ եռանդը գործի դնել ու ավելին անել, ինչպես միշտ եմ արել։ Հիասթափություններ էլ եղան, բայց դրանք միշտ են լինում»,- պատմել է Հասմիկը։

Հասմիկ Կարապետյանը


Խոստովանում է՝ երեխաներն իր ծնողների եւ քույրիկի հետ շատ լավ են զգում. «Բացի դա, Նոր տարվա գիշերը միասին ուրախ ժամանակ ենք անցկացնում։ Տարիներ առաջ շատ լավ էի վերաբերվում մեր ավանդական Նոր տարիներին, բայց տարիների հետ փոխվել եմ, կարծում եմ՝ մեկ օր պետք է նշենք. մտերիմների հետ հավաքվենք, ուրախանանք ու անցնենք մեր գործերին։ Անիմաստ եմ համարում այդքան ուտեստներ պատրաստելը. կանայք ուրախ դիմավորելու փոխարեն հոգնած նստում են։ Ինքս իմ տանն այդքան բան չեմ անում, նախ՝ չեմ հասցնում, հետո անիմաստ է: Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնք պարտքով լեփ-լեցուն սեղաններ են դնում, հետո սննդի պիտանիության ժամկետն անցնելու պատճառով գցում աղբամանը»։

Տոնածառը զարդարում է դեկտեմբերի վերջին օրերին. «Երեխաների ծնվելուց հետո փոքրիկ տոնածառ եմ դնում դաշնամուրի վրա, որպեսզի նրանց ձեռքից հեռու լինի։ Շատ անկանխատեսելի են, կարող է շուռ տան։ Սիրուն լույսերով եմ զարդարում սենյակն ու տոնական մթնոլորտ հաղորդում»։

Հասմիկ Կարապետյանը


Հավատում է Ամանորի հրաշքին. «Միշտ հավատացել եմ, որ տարեմուտի գիշերը պահած երազանքներն իրականանում են: Թղթի վրա գրել եմ իմ երազանքն ու պահել։ Ասում են՝ երբ սեւով սպիտակի վրա գրում ես ու հավատում դրա իրականացմանը, այն ուժ ու էներգիա է հաղորդում քեզ։ Իսկ ես շատ եմ հավատում իմ երազանքների իրականացմանը։ Ավելի երիտասարդ տարիքում էլ միշտ երազանքներ եմ ունեցել, նույնիսկ երբ սիրահարված էի լինում, գրում էի, որ այս կամ այն տղան էլ ինձ նկատի ու սիրահարվի (ծիծաղում է,-հեղ.)։ Իհարկե, տարիքի հետ երազանքների բովանդակությունը փոխվում է, այս տարի երազում եմ խաղաղության մասին։ Ուզում եմ, որ մեր երեխաները խաղաղ երկրում ապրեն, բոլորս առողջ լինենք, տարին առանց կորուստների լինի։ Բոլոր ցանկություններս իմ ժողովրդի ու երկրի հետ են կապված»։

2023-ի հետ կապված ծրագրեր չունի. «Վերջին տարիները մեզ ցույց տվեցին, որ պետք չէ նախապես ոչինչ ծրագրել, միշտ խանգարող բաներ են ի հայտ գալիս։ Կուզեմ տեսահոլովակս վերջապես նկարել, մենահամերգ ունենալ Երեւանում, շատ ու շատ այլ նպատակներ ունեմ, բայց ոչինչ չեմ պլանավորում։ Թող խաղաղ տարի լինի, ուժ ունենաք ապրելու ու պայքարելու, մնացյալ ամեն բան, ինչ շատ ենք ուզում, հաստատ կիրագործենք։ Թող ոչ ոքիս խանգարող հանգամանքներ չլինեն»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին