×


Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, ռեժիսոր եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Հանրահայտ արտիստի մահվան լուրը հայտնել է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Մտավարի արխի» վրացական հեռուստաալիքին:

Կիկաբիձեն հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 1977-ին էկրան բարձրացած Դանելիայի «Միմինո» ֆիլմը՝ Մհեր Մկրտչյանի հետ: 1978 թվականին այն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

Առաջին անգամ հանդես է եկել կինոյում 1966 թվականին՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969-ին նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970-ին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973-ին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» է:


1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանել է 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս», իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ եւ այլք» ֆիլմը:

Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» եւ այլն։

Երեւանում վերջին անգամ նա համերգով հանդես է եկել 2014 թվականին: Կիկաբիձեն հայ հանդիսատեսի համար կատարեց «Ով, սիրուն, սիրուն» երգը, հետո էլ մի պատմություն պատմեց. «20 տարի առաջ Երեւանում համերգիցս հետո մի մարդ մոտեցավ եւ ինձ հրավիրեց իր տուն: Չէի ճանաչում, բայց հասկացա` պետք է գնամ: Սեղան գցեցին, ինքն էր, կինը, զոքանչը եւ երաժիշտներիցս մեկը: Խոսեցինք, կատակեցինք, հետո ասաց` «Ուզում եք, չէ՞, նվագեմ ձեզ համար», ու սկսեց նվագել: Հասկացա` ջութակահար Կարո Հայրապետյանն է, որի ստեղծագործություններն անդադար լսում էի: Նա իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է եղել…»: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին