×


«Տարիքդ չես զգում, երբ հոգիդ երիտասարդ է»․ Արամ Հովհաննիսյանը նշել է 50-ամյակը

«Եթե չհիշեցնեին, ես երեւի թե այդպես էլ չէի մտածի, որ արդեն 50 տարեկան եմ եւ 30 տարվա ստեղծագործական մի կյանք եմ անցել»,- խոստովանում է դերասան, ռեժիսոր Արամ Հովհաննիսյանը, որը նորաբաց Հայ մոդեռնիզմի թանգարանում հոբելյանը նշել է ստեղծագործական երեկոյի ձեւաչափով։ Հրավիրելով ընկերներին, հարազատներին ու գործընկերներին՝ դերասանը հիշել է իր անցած ուղին, առաջին ուսուցիչներին, մարմնավորած կերպարները, հեղինակային ներկայացումները եւ այլն։

Թեեւ պատմություններն ինքն էր ներկայացնում, բայց նրա խոսքը վերածվել էր ինքնատիպ մի զրույցի հանդիսատեսի հետ. մտերմիկ միջավայրում հիշում էին մեծանուն հայ դերասաններին, նրանց մասնակցությամբ հայտնի ներկայացումները, երեւանյան հին օրերն ու քաղաքի սիրելի անկյունները։

Արամ Հովհաննիսյանը


Միջոցառման անցկացման վայրն էլ պատահական չէր ընտրված․ անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դստեր՝ Անահիտ Թարխանյանի հիմնադրած թանգարանում հաճախ են կազմակերպվում դասախոսություններ ու քննարկումներ։ Կենտրոնի նպատակն է դառնալ հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման եւ լուսաբանման մշակութային հարթակ։ Ըստ այդմ՝ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ միտք ունի այստեղ ամեն ամիս ստեղծագործական երեկոներ կազմակերպել․ «Այսօր իմ այս միջոցառմամբ փորձում եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք սիրում ենք մեր քաղաքը, մեր երկիրը, եւ թատերարվեստում ծառայում ենք մեր հայրենիքին ու ժողովրդին»։

Անահիտ Թարխանյանն էլ երեկոյի սկզբում ներկաներին պատմեց թանգարանի կառուցման, նշանակության, հիմնական գործառույթների եւ իրենց հյուրերի մասին։ Միաժամանակ բոլորին հրավիրեց առանձին օրերի այցելել եւ ծանոթանալ հայկական մոդեռնիզմի հարուստ ու հետաքրքիր պատմությանը։

Արամ Հովհաննիսյանը


Մինչ երեկոյի սկսվելը BRAVO.am-ի հետ զրույցում Արամ Հովհաննիսյանը խոսեց իր ապագա ծրագրերից, հիշեց ստեղծագործական 30 տարիները՝ Սունդուկյան թատրոնից սկսած։ Առանձնակի ոգեւորությամբ նա պատմեց իր այն բոլոր մոնոներկայացումների մասին, որ հեղինակել է վերջին տարիներին եւ խաղում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում․ «Արդեն դարձա 50 տարեկան, եւ միաժամանակ ասում եմ, որ 30 տարի շարունակում եմ անդադար ստեղծագործել, չեմ հոգնում. զգացողություն է, թե դեռ չեմ էլ սկսել, դեռ նոր պիտի սկսեմ, հենց վաղվանից։ Արդեն այնքան ծրագրեր կան։ Տարիքը գալիս է, բայց դու չես զգում, եթե հոգիդ երիտասարդ է։ Ես չեմ դադարում լսել հանդիսատեսի ծափահարությունները, ծիծաղը, տեսնել մարդկանց ուրախ դեմքերը, եւ ուզում եմ շարունակել լեփ-լեցուն սրահներում հանդես գալ»։

Արամ Հովհաննիսյանը


Նրան նաեւ հարցրինք, թե որն է համարում իր գլխավոր ձեռքբերումը, երբ հետ է նայում անցած ճանապարհին։ Արամ Հովհաննիսյանն առանց երկմտելու պատասխանեց՝ հայրենիքում մնալը, հայ ժողովրդին ծառայելը, այն կերպարները, որոնք ինքը ստեղծել է, եւ, իհարկե, իր ընտանիքը, բարեկամներն ու ընկերները, նրանցից ստացած այն ջերմությունը, որ զգում է իր երկրում ու քաղաքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին