×


Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Հայտնի դերասան ու ռեժիսոր Մել Գիբսոնը Գլենդելում այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեցի: Նրա հետ լուսանկար է հրապարակել ու լուրը հայտնել հայ համայնքի ներկայացուցիչ Էնթոնի Բեզջյանը:

Օսկարակիր դերասանը Հայաստանին իր աջակցությունն էր հայտնել 44-օրյա պատերազմի օրերին:

«Մեծ տխրությամբ իմացա, թե ինչ է կատարվում Արցախում։ Բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում եւ նրանք ինձ պատմել են իրենց հարազատների կորուստների մասին: Աղոթում եմ հայերի ու խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ասել էր նա:


Ավելի վաղ Գիբսոնը պատմել է, որ տեղյակ է Ցեղասպանությունից ու շատ է հարգում հայերին, որոնք մեծ սիրտ ունեն:  

«Անկեղծորեն զարմացել էի, որ հայերը Գլենդելի բնակչության մեծ մասն են կազմում: Ուրախալի է տեսնել, որ մարդիկ օտար երկրներում մեծ հաջողությունների են հասնում: Նոր էի սկսել նկարահանվել լուրջ ֆիլմերում, երբ Կալիֆորնիայի նահանգապետը Ջորջ Դոքմեջյանն էր, հիմա քաղաքականությամբ զբաղվող շատ հայեր կան: Գիտեմ, որ հայերը դժվար պատմություն են ունեցել ու ստիպված եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց մենք գիտենք, որ նրանց հնարավորություններն անսահման են։

Երբ գնում էի մեր կաթոլիկ եկեղեցի, ականատես էի լինում, թե ինչպես մեծաքանակ մարդիկ այցելում էին դիմացի եկեղեցի: Մինչ այդ չգիտեի, որ դա հայկական եկեղեցի է, դրանից հետո մի քանի անգամ եղել եմ այնտեղ:

Հայերի ու իռլանդացիների ճակատագրերը որոշակիորեն նման են, այդ մասին բազմաթիվ հայ ընկերներիս հետ շատ ենք խոսել: Հայերն էլ իռլանդացիների պես դարերով պայքարել են իրենց պետության, հավատքի ու մշակույթի պահպանման համար:

Գլենդելում փորձել եմ հայկական խոհանոցի գրեթե բոլոր ճաշատեսակները, որոնք արտակարգ էին: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ միս կերա, քան իմ ամբողջ կյանքում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին