×


Հումորիստ Մհեր Մխիթարյանը՝ 31-ամյակի, անձնական կյանքի ու ծննդյան օրը չսիրելու մասին

Հումորիստ, դերասան Մհեր Մխիթարյանը հունվարի 30-ին նշել է  31-ամյակը: Նա ընդամենը 18 տարեկան էր, երբ ելույթ ունեցավ «32 ատամ» ակումբում ու սկիզբ դրեց իր կարիերային: Ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն, եթե հնարավորություն ունենար հանդիպել այդ տարիքում, Մհերն ասում է, որ ոչինչ չէր ցանկանա փոխել:

«Իմ բախտը բերել է, որ հիմա այս կետում եմ եւ սիրում եմ իմ գործը: Ոչինչ խորհուրդ չէի տա, որովհետեւ գուցե դա խանգարեր, որ հասնեի այս կետին: 150 հայտ էր ներկայացվել, ու այդքանից ես անցա: Աչքերս էլ սիրուն չէին, որ մտածեի՝ դրա համար են ինձ ընտրել: Շատ լարված էի, չգիտեի՝ բեմում ինձ ինչպես պահել»,- հիշում է նա ու հավելում՝ այդ որոշման հարցում իրեն շատ են աջակցել ու ոգեւորել ծնողները:


Մհերը մասնագիտությամբ ըմբիշ է: Նա կատակով նշում է, որ ըմբիշի գցել-բռնելու հատկությունը կյանքում իրեն շատ է պետք գալիս:  

31-ամյակը նշել է ընտանիքի անդամների հետ, խոստովանում է՝ իր ծննդյան օրն այդքան էլ չի սիրում. «Շատ եմ լինում ուշադրության կենտրոնում: Ծանր օր է: Սիրել եմ միայն փոքր տարիքում, երբ այդ պատասխանատվությունն ինձ վրա չի եղել»:


Մհերը հիշում է, որ մեկ անգամ է մեծ խնջույք կազմակերպել՝ 25-ամյակին, դրանից հետո որոշել է չնշել: Տորթի մոմերը փչելիս երազանք է պահել, որ մեր երկրի վիճակը բարելավվի ու այլեւս չլինեն նոր փորձություններ:

Այս տարվա գլխավոր նպատակն ավելի շատ աշխատելն է. «Աշխատանքից դուրս կրկնակի եմ հոգնում, որովհետեւ մարզվում եմ, դրա համար մաղթում եմ ինձ այս տարի ավելի շատ աշխատասիրություն»:


Անձնական կյանքի մասին խոսելիս կիսվել է, որ արդեն այն տարիքում է, երբ մտքեր կան ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու. «Ինքնաբուխ պետք է լինի: Արշավ չեմ սկսելու, որ կին եմ փնտրում»:

Գարնանը եթերում կլինի «Ազիզյանները» նախագծի նոր եթերաշրջանը, որի դերասանական կազմում է, բացի այդ, Մհերը պատրաստվում է իր նոր սթենդ-ափ ներկայացմանը:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մհեր Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին