×


Էքսկուրսավար Տաթեւ Շեկոյանը

Մինասի թանգարանը՝ ներսից. Սարյանի եւ Խաչատրյանի հետ մտերմությունն ու ճակնդեղները

Եթե այցելել եք Գյումրի ու եղել քաղաքի բոլոր մշակութային վայրերում, գնացեք նաեւ Մինաս Ավետիսյանի տուն թանգարան: Քաղաքից մոտ 20 րոպե հեռավորության վրա գտնվող նկարչի հարազատ Ջաջուռ գյուղ հասնելու ճանապարհին նախ ավելի գեղեցիկ դաշտերով ու սարերով տեսարանի ականատես կլինեք, հետո էլ կբացահայտեք նոր վայր ու թանգարան:

Հենց այդպես էլ արեց BRAVO.am-ն ու ուսումնասիրեց վառ կտավների ու որմնանկարների վարպետի թանգարանը: Ջաջուռը մեզ աշնանային ջերմ արեւով դիմավորեց, ու թեեւ գյուղում մի քիչ տխրություն ու թախիծ կար, բայց մինասյան վառ գույները միանգամից մոռացնել տվեցին դրանք:


Այցելուներին դիմավորում է մեծ կակտուսը, որի «արգելքն» անցնելուց հետո բացվում է Մինասի մեծ նկարն ու այս գրությունը. «Արվեստը պահանջում է անկեղծություն, մեծ նվիրում, մտքերի ու զգացմունքների խտացում: Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի»:

Թեեւ թանգարանն այնքան էլ մեծ չէ, բավական ցուրտ է. ջեռուցում չունեն, դրա համար էլ որոշ նկարներ տարվա այս եղանակին հավաքում են, բայց անցնենք սրահներով ու գտնենք ամենահետաքրքիր պատմությունները:

Որմնանկարները

Մինասի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին, սակայն 1988-ի երկրաշարժից հետո շենքն ավերվել է ու վերաբացվել միայն 2005-ին: Այն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ է, եւ ցուցանմուշները հաճախ փոփոխվում են:

Նկարչի աշխատանքներն ու թանգարանի յուրահատկությունը մեզ օգնում է  բացահայտել էքսկուրսավար Տաթեւ Շեկոյանը: Նա պատմում է, որ տուն-թանգարանում Մինասի 2 բնօրինակ որմնանկար կա:

Առաջինը «Թորոս Ռոսլինի» ծնունդն է, որը 2008 թվականին իտալացիների հետ առաջին համագործակցության արդյունքում է վերականգնվել: Վերեւի հատվածը վնասվել է երկրաշարժից, մասնագետները միայն փորձել են պահպանել արտաքին շերտի գունավորումն ու որեւէ բան չեն փոխել:


«Գեղանկարչության մեջ ընդունված է չափերով կամ գույնով միտքն արտահայտիչ դարձնել, եւ Ռոսլինին որպես նորածին Մինասը չափերով մեծ է նկարել՝ ցույց տալով, թե նա ինչքան մեծ ներդրում ու դեր ունի հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Իսկ կնոջ կերպարով պատկերել է Հայաստանը, որը ծնունդ է տալիս Ռոսլինին: Մինասը տարված է եղել հայ միջնադարյան մանրանկարչությամբ եւ որմնանկարչությամբ»:

Որմնանկարի աջ ու ձախ կողմերում էլ տեղադրված են երկանքն ու խնոցին, որոնք նկարչի տան իրերը չեն, պարզապես գյուղից բերվել են, քանի որ այդ թեմաներով էլ որմնանկար («Երկանք») ու կտավ («Խնոցի են հարում») ունի:


«Ցերեկը» թանգարան է տեղափոխվել Գյումրու «Գալվանամետր» (ՕՄԵԳԱ) գործարանից: Ամբողջական որմնանկարի մի փոքր հատվածն է, որ պահպանվել է երկրաշարժից հետո, նորից իտալացիներն են վերականգնել ու տեղափոխել այստեղ:

«Նույն գործարանի հանդիպակաց պատին եղել է նաեւ «Գիշեր» որմնանկարը, որը վերականգնելուց հետո տեղադրվել է Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում»:

Տարբերվող կառուցվածքը

Թանգարանի կենտրոնական հատվածը բաժանված է 4 հսկայական մասերի, իսկ վերեւից, ինչպես երդիկից, ընկնում է լույսը: Կարող եք երկար կանգնել բնական լույսի տակ, նայել երկնքին կամ էլ ուսումնասիրել Մինասի որդու՝ Նարեկ Ավետիսյանի գործերը:

Չորսն էլ նրանն են, Շեկոյանն ասում է, որ բոլորն էլ ստեղծել է Մինասի որմնանկարներում եղած մոր ու մանկան կերպարներով: Կարելի է տեսնել հատվածներ «Լավաշ են թխում», «Հայկական հովվերգություն», «Թորոս Ռոսլինի ծնունդը» եւ «Երեկո» որմնանկարներից:

Հենց այդ աշխատանքներով էլ թանգարանը 4 բեւեռների պես բաժանվում է տարբեր մասերի:


«Գայանե» բալետը

Մինաս Ավետիսյանը հայտնի է ոչ միայն իր բնանկարներով, գրաֆիկական աշխատանքներով ու որմնանկարներով, այլ նաեւ թատերական նկարչությամբ: Թանգարանում ցուցադրված է 1974 թվականին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի համար նրա արած ձեւավորումը։


Շեկոյանն ընդգծում է, որ Մինասը Օպերայի եւ բալետի թատրոն է մուտք գործել իր ինքնատիպ ձեռագրով, ու մինչ օրս «Գայանե» բալետը ցուցադրվում է Մինասի ստեղծած դեկորներով:

«Ինչպես նաեւ առաջին հանդերձանքների էսքիզների հեղինակն է: Օգտագործել է վառ գույներ ու ընտրել տարբեր շրջանների տարազային դետալներ»:


Թանգարանում է պահվում նաեւ Արամ Խաչատրյանի դիմանկարը, որը Մինասն արել է համատեղ աշխատելու այդ շրջանում:

«Արամ Խաչատրյանն այնքան էլ չի հավանել նկարն ու ասել է. «Մինաս ջան, ինչի՞ ես  դեմքիս վրա այսքան գույներ լցրել», Մինասն էլ պատասխանել է. «Ես քեզ ասո՞ւմ եմ ինչի է երաժշտությանդ մեջ թմբուկների հատվածն այդքան երկար տեւում»: Նկատի է ունեցել, որ ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի»:

Գունավոր դռները

Քանի որ անդրադարձանք լեգենդար բալետին, դրա հետ կապված եւս մեկ պատմություն կա: Մինասի թանգարան մտնելիս անմիջապես ուշադրություն են գրավում աջ ու ձախ կողմերում տեղադրված անսովոր ու բավական մեծ գունավոր դռները:

Լեհ բալետմայստեր Եվգենի Չանգան Հայաստան էր հրավիրվել «Գայանե» բալետի ստեղծմանը մասնակցելու նպատակով: Երեւանում վարձակալած նրա բնակարան հյուր գնացած Մինասն այն չի հավանել ու համարել է, որ տունը չափից շատ մռայլ եւ անգույն է: Իրեն այդ միջավայրում ճնշված է զգացել ու հասկացել, որ տրամադրություն է պետք հաղորդել: Այդպես էլ որոշել է նկարել դռների ապակիների վրա, որոշ ժամանակ անց արվեստաբան ու արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը գտել է այդ բնակարանն, ու դռները հայտնվել են թանգարանում:


Կտավների սրահը

Խաչատրյանի դիմանկարի կողքին Մինասի մյուս կտավներն են, որոնցից է գրաֆիկական գործերից ինքնադիմանկարը, դրա վրա հետագայում ավելացրել է կրակի էֆեկտ:

«Գծանկարներ հիմնականում շատ էր անում 1972-73 թվականներին՝ իր արվեստանոցի հրդեհից հետո, եւ այդկերպ փորձում գտնել հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունը: Այդ շրջանում նրա գծերն ավելի արտահայտիչ են եւ օգտագործած տեխնիկաները շատ տարբեր»:


Սրահում է տեղադրված «Խաչելությունը», այդ թեմայով Մինասը 3 աշխատանք ունի: Առաջինն այրվել է արվեստանոցում, 2-րդը նվիրել է վեհափառին, ու Էջմիածնում է պահվում: Դա 1975 թվականին Մինասի արած վերջին գործերից է:


«Գորգ են գործում» թեման նկարչին այնքան հոգեհարազատ է եղել, որ կտավից բացի նաեւ որմնանկար ունի, այն Գյումրու էլեկտրամեխանիկական գործարանում է եղել, մի քանի տարի առաջ վերականգնողական աշխատանքներից հետո տեղափոխվել է Գյումրու հյուրանոցներից մեկը:
Սա էլ «Տեսարան Ջաջուռ գյուղից» աշխատանքն է, որում նկարել է հայրական տան պատուհանից երեւացող պատկերը:


«Շատ կապված է եղել հայրենի գյուղի հետ, Սանկտ Պետերբուրգում սովորելիս Մինասը Ջաջուռ նկարելիս վառ գույներ է օգտագործել: Միշտ հիշել է մատուռի նմանվող իրենց տները, տան դիմացի տաք քարերը. երբ փոքր էին, նստել են դրանց վրա ու սպասել դաշտից վերադարձող ծնողներին: «Ամբողջ ցերեկն արեւը ջերմացնում էր գյուղը, եւ թվում էր՝ գյուղի քարերը ստանում են կարմիր, նարնջագույն եւ դեղին երանգներ»,- ասել է նա: Այդ ջերմությունը շատ երկար է մնացել Մինասի հիշողության մեջ ու արտահայտվել գործերում»:

Ընկերների աշխատանքները

Թանգարանի մի սենյակում նկարչի ընկերների գործերն են ներկայացված, որոնք 1982 թվականին նվիրաբերել են թանգարանին, նրանց թվում են Դեղձ Աշոտը (Աշոտ Հովհաննիսյան), Ալբերտ Պարսամյանը, Արտաշես Հունանյանը, Քնարիկ Հովհանիսյանը, Հենրիկ Սիրաբյանը: Ցուցադրված են նաեւ Մինասի աներոջ՝ Աշոտ Մամաջանյանի գործերը:

Լուսանկարների ցուցադրությունն էլ հիմնականում նվիրված է Ջաջուռ գյուղի պատմական արժեք ունեցող վայրերին: Շեկոյանն առանձնացնում է գյուղի եկեղեցին, որն այդպես էլ իր բուն նպատակին չի ծառայել: ԽՍՀՄ տարիներին կարճ ժամանակ պահեստ է եղել, հետո Մինասն ու ընկերները որոշել են եկեղեցին որպես ցուցասրահ օգտագործել: Հիմա եկեղեցին խարխլված վիճակում է:


Վթարային վիճակում է գտնվում նաեւ Մինասի հայրական տունը, որտեղ ոտքով թանգարանից փոշոտ ճանապարհով կարելի է հասնել 5 րոպեում:

Անձնական իրերը

Թանգարանի մի փոքրիկ սենյակում Մինասի իրերն են, որոնք տեղափոխվել են նրա երեւանյան տնից: Շեկոյանը պատմում է, որ Մինասը շիրման իր ձեռքերով է հավաքել, ստեպլերն ԱՄՆ-ից նվեր է. ժամանակին այն ունենալը ճոխություն էր համարվում:

«Կարպետների հավաքածու է ունեցել, ընդհանրապես զարդանախշերը Մինասին բավական գրավել են: Դաղդղաները հին հայկական թալիսմաններ են, որոնք չար աչքից են պաշտպանել: Մարդիկ հավատացել են, որ տան մի հատվածում պահելու դեպքում չարն իրենցից կվանի եւ կդաղի, հենց դաղել բառից է: Մինասը դրանք ձեռք էր բերում տարբեր մարդկանցից ու բավական մեծ հավաքածու ուներ, ցավոք, հրդեհի ժամանակ մեծ մասն այրվել է ու մնացել է այս մեկը՝ որպես եզակի նմուշ»:

Իրերի թվում է «Փարքեր» ընկերության գրիչը, որը նվիրել են Լիբանանի երկրպագուները, եւ արագ տեխնիկայով արված գծանկարները հիմնականում դրանով է արել:


«Կոմունիստներից տարբերվելու համար մուգ գույնի կոստյում չի հագել: Նրանք փողկապ էին կրում, ու ինչ-որ կերպ առանձնանալու համար այն փոխարինել է շարֆով, որը ժուժու է կոչվում: Այն իր հետ 1969 թվականին Ֆրանսիայից է բերել»:

Մինասի գրասեղանին իր ձեռագիրն է, ստեղծագործական ապրումների ժամանակ հաճախ է մտքերը հանձնել թղթին: Այս մեկում փողի եւ մարդկային հարաբերությունների մասին է:

«Ես խո՞ չեմ կարող ամենքի համար
Երազ երազել ամենքին հարմար,
Հարմար երազել օրը ցերեկով,
Ցերեկով շրջել, տեսնել ամենքին,
Ամենքին լսել ու երազել ամենքի համար:
Երազն ամենքի եւ երազը իմ պետք չի ոչ մեկին,
Ոչ մեկին պետք չի նաեւ սխալ շողն արեւի,
Արեւի շողը տրվում է ձրի՝ արժող-չարժողին»:


Անձնական իրերի թվում է նաեւ կնոջ՝ նկարչուհի Գայանե Մամաջանյանի արած նկարը:

«Մինասը հետաքրքիր տեսակ էր, բանիմաց ու հաճելի զրուցակից, միշտ կարողանում էր տարբեր թեմաներով խոսել: Սիրում էր ուսումնասիրել գրքեր, Սանկտ Պետերբուրգում սովորելու տարիներից նրա ձեռագիրը տարբերվում էր, եւ դասախոսը նրան անվանում էր փոքր Մատիս: Տարված էր համաշխարհային նկարիչներով՝ Պոլ Գոգեն, Անրի Մատիս»:

Արվեստանոցի այրվելը

Նկարչի արվեստանոցն այրվել է 1972 թվականի հունվարի 7-ին, երբ նա ընկերների հետ մեկնել էր Ջաջուռ Ամանորը նշելու: Ոչնչացել են 300-ից ավելի աշխատանքներ: Մինչ Մինասը հասավ Երեւան, ամեն ինչ արդեն մոխրացած էր, այդ ժամանակ պատրաստվում էր Ավստրիայում կայանալիք անհատական ցուցահանդեսին, որը բավական մեծ էր լինելու ու գործերի մեծ մասը պատրաստ էին տեղափոխմանը:

«Հրդեհը միտումնավոր էր արված, Միասը ժամանակի ռեժիմի եւ իշխանության պարտադրանքների զոհերից մեկն էր, ինչպես շատ արվեստագետներ, որոնք չէին  ենթարկվել վարչակարգին: Հրդեհից հետո Մինասը շատ ուշ ու դժվար ապաքինվեց, մի քանի ամիս կտավների վրա չէր նկարում, հիմնականում գծանկարներ անելով էր փորձում հանգստանալ, բայց էլի սկսեց ստեղծագործել: Հիմնականում որմնանկարներ էր անում՝ համարելով, որ դրանք այրելու հնարավորություն չի լինի»:

Սարյանի հետ մտերմությունը

Մինասի կյանքում առանձնահատուկ դեր է ունեցել Մարտիրոս Սարյանը, որի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Նրանց կապն ավելի է ամրապնդվել 1960 թվականից հետո:

«60-ականների սկզբներից Երեւանում ամենաշատ հոլովվող բառերը Միասն ու Ջաջուռն էին, որոնք շատ արվեստագետների էին հետաքրքրում, այդ թվում՝ Սարյանին: Մի օր նա որոշեց գնալ Մինասի արվեստանոց ու տեսնել նրա աշխատանքները, որոնց մասին այդքան շատ էին խոսում: Քանի որ աստիճանները բարձր էին, իսկ Սարյանն էլ արդեն մեծ էր, նրան փորձեցին օգնել, բայց հրաժարվեց. «Պետք չի օգնել, որովհետեւ ես ավելի հաճախ եմ այստեղ լինելու»: Արդեն մուտքի մոտ կախված ակադեմիական գործերից Սարյանը շատ բան հասկացավ Մինասի ոճից: Նա էլ իր հերթին էր բարձր գնահատում Սարյանին»:


Արվեստանոցում եղած հրդեհից հետո Սարյանը շատ է փորձել աջակցել ու ոգեւորել Մինասին:

«Մինաս, քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս՝ արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո լավ ձեռքին»:

Սարյանը որակյալ վրձիններով ու ներկերով արկղ է ուղարկել Միասին այսպիսի գրությամբ. «Սպասում եմ նոր գործերի, չմոռանաս՝ արվեստը պայքար է սիրում, պետք է միշտ ստեղծագործել»:

Մինասը ոգեւորվել է այդ խոսքերից ու սկսել բավական բուռն ստեղծագործել: Արամ Խաչատրյանն էլ փորձել է Մինասի կյանքի այդ ծանր շրջանում նրա կողքին լինել ու արտերկրից լավ բժիշկ է հրավիրել, որ օգնի շուտ ապաքինվել իր վշտից:


Ժպիտներն ու ճակնդեղները

Թանգարանում շրջելուց ու Տաթեւի ոգեւորված զրույցները լսելուց հետո հարցնում եմ, թե անձամբ նրա համար նկարչի, որ գործն է յուրահատուկ, նշում է՝ «Ճակնդեղի կտրումը», որն իրենց հիմնադրամում է գտնվում:

«Մինասը սկզբնական տարբերակում ճակնդեղ կտրող կանանց ժպիտներով չի պատկերել, երբ գործը տարել է հանձնաժողովին հանձնելու, հավանել են նրա տեխնիկան, բայց հավելել. «Շիրակի բաց դաշտերում կոլտնտեսականներն իրավունք չունեն աշխատանքի ժամանակ տխուր լինել»: Ժպիտներն ավելացնելուց հետո է հանձնաժողովը նկարին հավանություն տվել»:

Տեքստը եւ լուսանկարները՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին