×


«Ուժը ժողովրդի միասնության մեջ է». Վանաձորում պատրաստվում են «Ժաննա դ'Արկ»-ի պրեմիերային

Հունիսի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ժաննա դ'Արկ» ներկայացման պրեմիերան: Ռեժիսոր Գալուստ Ներսիսյանը BRAVO.am-ին պատմել է ներկայացման ասելիքի, իր անհանգստությունների ու Վանաձորի թատրոնում ջերմ մթնոլորտի մասին:

Գաղափարը

Անատոլի Լեւանդովսկու «Ժաննա դ'Արկ»-ին անդրադարձել եմ դեռեւս 8 տարի առաջ՝ ուսանողական աշխատանքում: Այդ ժամանակից Վահե Սուրենիչն ասում էր, որ այն պետք է մեծ բեմ հանել եւ, ինչո՞ւ չէ, հենց Վանաձորում: Նախորդ տարի որոշվեց, որ փետրվարից Վանաձորի թատրոնում բեմադրություն եմ անելու, պարզվեց՝ Վահե Սուրենիչը ոչինչ չէր մոռացել ու առաջարկեց անել «Ժաննա դ'Արկը»:

Ես իրականում նոր բան էի ուզում փորձել, բայց մեծ կորստից հետո ցանկացա կատարել վարպետի ցանկությունն ու հարգանքի տուրք մատուցել նրան: Գործերով եմ արտահայտվում. 44-օրյա պատերազմի ժամանակ էլ չգիտեի՝ ինչպես խոսել, ու բեմադրեցի «Մյուսները կամ այլք» վավերագրական ներկայացումը: Շնորհակալ եմ Սարգիս Մանուկյանին, նա էլ պնդեց, որ բեմադրությունն անեմ, ինքն էլ հենց արեց ներկայացման նկարչական մասն ու հագուստների ձեւավորումը:


Նոր թատրոնն ու թիմը

Ստեղծագործական կյանքս հարուստ է տարբեր թատրոններում բեմադրություններ անելով՝ Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Մարզային թատրոնի հետ աշխատելու փորձ ունեի. Կապանում 2 ներկայացում եմ բեմադրել, Վանաձորում էլ ինձ զգում էի՝ ինչպես ձուկը ջրում: Շնորհակալ եմ թատրոնի ողջ անձնակազմին մեծ սիրո, ջերմության եւ ընդունելության համար:

Վանաձորը նոր ու օտար չէր, քանի որ Շահվերդյանի ասիստենտն եմ եղել, պարբերաբար այցելել եմ թատրոն ու ճանաչել դերասաններին: Ինձ համար բարդ չէր կողմնորոշվել, թե ովքեր են մարմնավորելու կերպարներին:

Ժաննա դ'Արկի դերում միանգամից տեսա Մարիամ Ղեւոնդյանին, թեեւ բոլորը մի փոքր մտավախություն ունեին, բայց որոշումս հաստատ էր: Մարիամը կերպարի համար շատ լավ է աշխատել է, գերագույն հաճույք է եղել նման կոլեկտիվի հետ համագործակցել:

Վարսերի հետ կապված երկար ենք փնտրտուքներ ունեցել, կտրականապես դեմ էի, որ կտրենք: Մարիամն ամեն օր նոր սանրվածքով էր գալիս, մինչեւ որ գտանք իմ ուզածը:


Ներկայացման հին ու նոր տարբերակները

Երբ նոր էինք սկսում, մտքովս անցավ, որ նույնը կստացվի, բայց ամեն ինչ փոխվեց, ինչին նպաստեց նաեւ երաժշտական ձեւավորումը: Լրիվ այլ «Ժաննա դ'Արկ» ենք ստացել, ներկայացման լուծումներն ու ասելիքն էլ նախորդից տարբերվում են:

Սովորաբար գնում եմ փորձի ու չգիտեմ, թե ինչ եմ անելու, ամեն ինչ ընթացքում է ծնվում: Հենց փորձը սկսվում է, այդ վախն էլ անհետանում է: Նախապես չեմ կարողանում պլանավորել, թե ինչ եմ անելու, իհարկե, որոշակի պատկերներ ու տեսարաններ ունենում եմ, բայց վերջնական տարբերակը դերասանների հետ ենք ստանում: Արվեստը հենց այդպես պետք է ստեղծվի, թատրոնը կոլեկտիվ աշխատանք է: Դերասանն ինքն էլ ստեղծագործում է, կարող առաջարկներ անել, որոնք իմ գաղափարից դուրս են, բայց դրանք էլ ընդգրկվեն գործում:

Ասելիքը

Ներկայացումը զգացմունքների կծիկ է, նախ եւ առաջ իմ ու Ձեր մասին է, այն հանդիսատեսի, որն այդ պահին որեւէ տեսարանում կամ կերպարի մեջ իրեն կգտնի: Թեման համամարդկային է. ծանր ժամանակներ ենք ապրում ու մեր շուրջը պատերազմ կա, որի դեմ էլ արտահայտվում եմ:

Ներկայացման մեջ Ժաննան այսպիսի տեքստ ունի. «Իրական ուժը ժողովրդի միասնականության մեջ է: Միայն հոգով ամուր մարդիկ կարող են փրկել երկիրը»:


Իմ յուրաքանչյուր ներկայացում նաեւ սիրո միասն է, այստեղ նաեւ դավաճանության թեման է արծարծվում: Հիմքում 100-ամյա պատերազմն է՝ դ'Արկը գրավում է Օռլեանն ու փրկում երկիրը: Բայց Կառլ VII դավաճանում է նրան ու գերության հանձնում բուրգունդացիներին, որոնք վերադարձի համար չնչին գումար են պահանջում: Թագավորը բանակցություն չի վարում, եւ անգլիացիներն են նրան գնում ու դատապարտում մահվան:

Հույսս չեմ կտրում ու համոզված եմ, որ մենք ընտրյալ ազգ ենք եւ դեռ հերոսներ ունենալու ենք, այդ հերոսը գալու է հենց ժողովրդից եւ փրկելու է երկիրը: Հզոր եւ ուժեղ ագզ ենք, դավաճաններ ու վատ գծեր ունենք, բայց եթե ուշքի գանք, շեշտը դնենք կրթության վրա, հաստատ ամեն ինչ կստացվի: Այս ներկայացման հիմքում էլ այդ հույսը դրել եմ ու փոխանցելու եմ հանդիսատեսին:

Ռեժիսոր Գալուստ Ներսիսյանը


Ժաննա դ'Արկը

Բեմում տեսնելու եք դ'Արկի հոգին. իմ Ժաննան պարզ, մարդկային, լավատեսության եւ անմահության ելք գտնող մարդ է:

Բեմադրելուց առաջ նրա մասին շատ գրականություն եմ կարդացել եւ կերպարը ստեղծելիս վերադարձա պատմական փաստերի ճշգրիտ ներկայացմանը: Ոմանք համարում են, որ նա իսկապես ձայներ էր լսում ու հետեւում դրանց: Մի բան հաստատ էր, որ նա հավատում էր իր կոչմանն ու սխրագործություններին:

Բեմադրության մեջ շատ խորհրդանիշներ ենք օգտագործել, այն հագեցած է կոլաժային լուծումներով, կտեսեք Միքելանջելոյի հայտնի «Պիետա» քանդակը, այդ ամենը միստիկ դրամայի ժանրով է պայմանավորված:


Ներկայացման մեջ հանդիսատեսին շատ եմ կարեւորում. անմիջական մասնակիցն է դառնալու ու մտածելու առիթ ունենալու: Ամեն մեկը դիտելուց հետո իր հետ տուն կտանի սեփական Ժաննա դ'Արկին:

Պրեմիերայից առաջ

Անգամ վերջին օրը կարող եմ որոշ բաներ փոխել, հիմա ներկայացումը շտկումների ու փորձերի փուլում է: Ողջ կազմով անհամբերությամբ սպասում ենք պրեմիերային, որ արտահայտվենք:

Այդ օրն անչափ հուզված եմ լինում, անգամ՝ դերասաններից շատ, եւ անհանգստության պատճառով բոլորին խանգարում: Ինձ ճանաչողները թույլ չեն տալիս գնալ լուսային կամ ձայնային սենյակ, նույնիսկ նախընտրում եմ ներկայացումը չնայել:


Թատրոնում այնքան չգրված օրենքներ կան, օրինակ՝ էներգետիկա ասվածը, երբ բեմում քիմիա է տեղի ունենում եւ իրար հետ ամուր կապ ստեղծվում, որն անհնար է խզել:

Երբ երեխային քայլել եք սովորեցնում, վախենում եք, որ կընկնի, այդպիսի զգացողություն էլ ես եմ ունենում պրեմիերային: Իսկ երբ ներկայացումն արդեն ինքնուրույն առաջ է գնում, հանգստանում եմ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին