««Խոսում է Երեւանը». համերգ գյուղի աշխատավորների համար» հայտարարությամբ սկսվում է «Նռնենի» ներկայացումը, որը հանդիսատեսին տեղափոխում է 1990-ականների Հայաստանի գյուղերից մեկի իրականություն։ Մոտ մեկուկես ժամ հանդիսատեսը հուզվում, ծիծաղում եւ լաց է լինում դերասանների հետ՝ վերապրելով ներկայացվող պատմությունը։
Պիեսի հիմքում իրական դեպք է՝ գյուղատնտես Հարություն Մնացականյանի ընտանիքում տեղի ունեցած պատմությունը: Կինը, որը, պարզում է, անբուժելի հիվանդ է ու քիչ ժամանակ ունի ապրելու, չի ընկճվում, չի կռվում Աստծո հետ, այլ գտնում է ուժ՝ ամուսնու համար «խնամախոսության» գնալու։ Նա ամուսնու համար ցանկանում է խնդրել գյուղի ամենագրագետ աղջկա ձեռքը։ Թեեւ պատմությունը կատակերգական դրվագներ ունի, դրա շերտերի տակ թաքնված է խոր ողբերգություն։
«Դեպքը թվացյալ ծիծաղելի է, բայց շատ լուրջ դրամատիկ ներուժ ունի։ Այն առնչվում է ընտանեկան արժեհամակարգին, պայքարին ու կնոջ անսպասելի ուժին, որը երբեմն խառնվում է Աստծո գործերին»,- ասում է սցենարի հեղինակ, բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը։
«ՀանդԱրտ» մշակութային այգում բեմադրությունը տարբերվում է դասական թատրոնից. այստեղ կինոն ու թատրոնը միախառնվում են՝ զերծ լինելով պայմանականություններից։
Ագնեսա Շահնազարյանը մարմնավորում է Ժենյային՝ կնոջ, որը հաշտվել է մահվան հետ եւ փորձում է ամուր պահել ընտանիքը։ Դերասանուհին անկեղծանում է, որ բեմ բարձրանալը ծանր էր, քանի որ երկար ժամանակ չէր խաղացել, եւ կերպարի հոգեբանությունը շատ բարդ էր հասկանալ. «Լացը խեղդում էր կոկորդս, վախը մեծ էր, բայց ռեժիսորն ու խաղընկերներս շատ օգնեցին»։
Անկեղծանում է․«Փորձերի ժամանակ հակասական զգացողություններ էի ունենում։ Ես տեսել եմ իմ տատիկին, որը մահացավ 82 տարեկանում, բայց մինչեւ վերջ պայքարում էր ապրելու համար։ Իսկ այս կինը... Ինչքան ուժեղ պիտի լինես, որ ընտանիքիդ ապագան փորձես կառուցել՝ ուրիշ ուսերի վրա դնելով»։
Դերասանուհին դժվարանում է առանձնացնել՝ Ժենյայի ու Ասյայի երկխոսություններից որն է իրեն առավել հոգեհարազատ. «Ինչքան ուժեղ պետք է լինես, որ ասես՝ «Գնա, ամուսնացիր ամուսնուս հետ»։ Իհարկե, ամենահուզիչը հրաժեշտի տեսարան է. պատգամները, թե ամուսինն ինչ ուտելիք է սիրում, ինչ է հագնում եւ այլն։ Ու այնպիսի թեթեւությամբ է խաղում, բայց հասկանալի է, որ իրեն հեշտ չի տրվել այդ որոշումը»։
Լուիզա Ղամբարյանը մարմնավորում է գյուղի ուսուցչուհի Ասյայի կերպարը, որն անձնական կյանքում չի հաջողում։ Հենց նրան էլ «համոզում» է Ժենյան, որ ամուսնանա իր ամուսնու հետ. «Իմ կերպարն արժեհամակարգին հավատարիմ մնացող կին է, ինքն իր հետ վիճում է, ինքն իրեն հաղթում է ու իր տեսակի մեջ եզակի պայքար է մղում»։
Ջուլիետա Ստեփանյանը մարմնավորում է հարեւանին, ով զբաղվում է գյուղի բոլոր լուրերով եւ հարցերով՝ դրանց մեջ հումոր եւ թեթեւություն մտցնելով. «Երբ կարդացի պիեսը, ինձ թվաց՝ Ժենյայի կերպարն իմն է, քանի որ ասելիքը շատ խորն է, բարդ հոգեբանական կերպար է։ Ագնեսա Շահնազարյանն այդ կերպարում ուղղակի հիանալի է. հանդիսատեսին տեղ հասցրեց ամեն ինչ։ Շատ ծանր թեմա է, իսկ իմ կերպարը հետաքրքիր, հումորային կսմիթներով կոտրում է ծանր հոգեբանական պահերը»։
Արծրուն Հարությունյանը՝ Արաբոյի կերպարում, ներկայացնում է տղամարդու, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին, իսկ 55 տարեկանում կրկին սիրտ է բացում սիրո առաջ։
«Այս ներկայացման հիմքում սերն է, ընտանիքը։ Կերպարս ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին եւ ընտանիքի համար ժամանակ չի ունեցել։ Ու ինչպես ասում է․ «Սիրում է աջակցել մանկավարժներին»: Նա անզոր է իր զգացմունքի առջեւ, նաեւ տալիս է սիրո բաղադրատոմսը՝ սերը գալիս է այն ժամանակ, երբ պետք է»,- ասում է Արծրուն Հարությունյանը։
Ներկայացման խորհրդանիշը նռնենին է. ինչպես է պտուղը հասունանում եւ պատմում սիրո մասին, այնպես էլ ներկայացումը փոխանցում է կյանքի, սիրո ու ընտանիքի կարեւոր արժեքները։
«Նռնենին ունի իր մեծ կոդը։ Այն ծաղկում է, պտուղ դառնում, սկսում է բազմանալ, շատանալ։ Ներկայացման մեջ մի հատված կա, որ ասում եմ․«Երբ հավերժության պտուղդ հասնի ու ճաք տա ներսեն, պատմիր նրան իմ սիրո մասին»։ Կուզեի, որ վերջում Արաբոն՝ Հայաստանի հաղթանակած զինվորը, գար նորածին որդու հետ: Լիներ Արաբոյի ու Ասյայի որդին ու նաեւ հայ ազգի շարունակությունը», - նշում է Լուիզա Ղամբարյանը։
Դերասանուհիները խոստովանում են, որ բացօթյա տարածքում խաղալն այլ զգացողություններ է տալիս՝ վախ ու հաճելի էներգիա միաժամանակ։
«Աշխատել եմ այնպես, ինչպես աշխատում եմ ֆիլմում։ Այս մեծ ու ֆանտաստիկ տարածքն իրականում խոշորացույցի տակ ցույց է տալիս ամեն մի հույզ։ 30 տարի թատրոնի պայմանականության մեջ աշխատած դերասանուհու համար դժվար էր։ Այստեղ ամեն ինչ բնական է»,- ասում է Ղամբարյանը եւ հավելում. «Հանդիսատեսից միայն ապրեցնող ու մոտվիացնող էներգիա էր գալիս»։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «ՀանդԱրտ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: