×


Թիմոթի Շալամեի «ճակատագրական սխալն» ու դրա հետեւանքները

Թիմոթի Շալամեն հայտնվել է սկանդալի կենտրոնում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ «Օսկար»-ի համար պայքարում: 30-ամյա Շալամեն «Մարտի Սուպրիմ» ֆիլմում դերակատարման համար առաջադրված է «Լավագույն դերասան» անվանակարգում:

Նա վերջերս հյուրընկալվել է Variety-ի եւ CNN-ի կազմակերպած հանրային քննարկմանն ու զրուցել դերասան Մեթյու Մակքոնահիի հետ: Զրույցի ընթացքում Շալամեն նշել է, որ օպերան ու բալետը ոչ մեկին չեն հետաքրքրում եւ «մեռնող» ու «չպահանջված» արվեստի ճյուղեր են: 

«Ես չեմ ուզում աշխատել բալետում, օպերայում կամ նմանատիպ այլ ոլորտում, որը պետք է արհեստականորեն պահպանել, նույնիսկ եթե դրանք ոչ մեկին չեն հետաքրքրում»,- ասել է նա:


Շալամեն անմիջապես փորձել է մեղմել իր խոսքերի ազդեցությունը եւ խոստովանել է, որ, հավանաբար, սխալ է թույլ տվել։ Նա ժպիտով ավելացրել է, որ հենց այդ պահին կորցրել է իր լսարանի 14 %-ն ու դարձել քննադատության թիրախ:

Դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը կանխատեսել է, որ Շալամենի մեկնաբանություններն «իր վարկանիշի 14 %-ից շատ ավելին» կարժենան. «Եթե մարդկանց զայրացնես, այդ ամենն ավելի թանկ կնստի քեզ վրա: Պարզապես զգուշացնում եմ, զգույշ եղիր, տղա»:

Դերասանուհի եւ «Օսկար»-ի դափնեկիր Ջեյմի Լի Քերթիսը սոցիալական ցանցերում պաշտպանել է օպերան ու բալետը: Հաջորդ գրառմամբ էլ գովաբանել է «Մեղավորները» ֆիլմի դերասան Մայքլ Բ. Ջորդանին, ով Շալամեի հետ նույն անվանակարգում է առաջադրված «Օսկար»-ի:  

Քննադատները դերասանին մեղադրել են սնապարծության եւ արվեստի նկատմամբ մակերեսային վերաբերմունքի համար։ Իսկ մարդիկ մեկնաբանություններում Շալամեի խոսքերն անհարգալից են համարվել դարավոր թատերական մշակույթի հանդեպ։

Մշակութային մի շարք հաստատություններ նույնպես արձագանքել են դերասանի խոսքերին: Սիեթլի օպերան արշավ է սկսել՝ «Կարմեն» օպերայի տոմսերը «Թիմոթի»  պրոմոկոդով վաճառելով 14 % զեղչով: «Թիմի, դու նույնպես կարող ես այն օգտագործել», - նշել են նրանք:

Ֆրանսիական Գրան Ավինյոն օպերան Շալամեին վստահեցրել է, որ թատրոնները շարունակում են լցվել, իսկ երգիչների ու պարողների ելույթները՝ ոգեշնչել ու զարմացնել հանդիսատեսին: «Քովենտ Գարդեն»-ը նշել է, որ իրենց «կենդանի ելույթների կախարդանքի համար» հազարավոր մարդիկ են հավաքվում: «Եթե միտքդ փոխես, մեր դռները բաց են»,- դերասանին այսպես են դիմել թատրոնից: 

Դերասանին արձագանքել է նաեւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կինը՝ Անխելա Գարսիա Լոպես-Խաչատրյանը. «Շալամե, դու բնավ էլ պատկերացում չունես: Մի ամբողջ կյանք, սեր, համառ աշխատանք ու հետեւողականություն է պահանջվում, որպեսզի ֆանտաստիկ լսարանի առաջ ելույթ ունենալու հնարավորություն ու այս անհավատալի երաժիշտներին լսելու արտոնություն ստանաս»:


Սկանդալն այնպիսի չափերի է հասել, որ Շալամենի փոխարեն «Օսկար»-ի հիմնական թեկնածու են համարում Մայքլ Բ. Ջորդանին, հայտնում է The Guardian-ը։ Սակայն թերթը նաեւ նշում է, որ դերասանը կարող է խուսափել վատ հետեւանքներից, քանի որ Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայում քվեարկությունն ավարտվել է նախքան պատմությունը կհասցներ թափ հավաքել։

Այնուամենայնիվ, շատ լրատվամիջոցներ սկսել են խոսել «Թիմոթիի դարաշրջանի ավարտի» մասին: «Հոլիվուդի ոսկե տղա Թիմոթի Շալամեն կորցրե՞լ է իր փայլը» վերնագրով հոդված է հրապարակել BBC-ն:

«Նա լրիվ հիմար է: Կարծում եմ՝ ծիծաղելի է: Այդ մեկնաբանությունը դեռ իր մասին կհիշեցնի»,- ասել է լրագրող եւ թատերական քննադատ Իեն Բրաունը:

Թիմոթի Շալամեն 3-րդ անգամ է «Օսկար»-ի հավակնում: Նախկինում նա առաջադրվել է «Բոբ Դիլան. բոլորին անհայտը» եւ «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմերում իր աշխատանքի համար։

Կարդալ ավելին

Quality Sign BW