×


«Ո՛չ կարող եք միասին լինել, ո՛չ էլ՝ առանձին». Հասմիկ Կարապետյանի «Կարոտ»-ի հետաքրքիր պատմությունը

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հունիսի 13-ին կներկայացնի «Կարոտ» երգը, որի հեղինակը Կոնստանտին Աբգարյանցն է: Երգի ու տեսահոլովակի մասին երգչուհին պատմել է Bravo.am-ին:

«Այս համագործակցությունը, որպես այդպիսին, առաջինն է ինձ համար, այն նաեւ հետաքրքիր ու անսպասելի էր: Երաժշտության ու խոսքերի հեղինակը Կոնստանտին Աբգարյանցն է, ով երեխաներին ներառական կրթության շրջանակում երաժշտություն է դասավանդում: Նրան շատերն են ճանաչում որպես երաժիշտ ու դաշնակահար, նաեւ իր բենդն ունի ու երգերի հեղինակ է: 


Հետն անձամբ եմ ծանոթ եղել. նա տարիներ շարունակ իմ երգարվեստի սիրահար է ու միշտ երազանք է ունեցել, որ կատարեմ իր երգերից:

Գործիքավորումն արել է երաժիշտ Յունոնա Ղամբարանը, իսկ ձայնագրումը եւ երաժշտական արտադրությունը՝ նրա եղբայրը՝ Գարիկ Ղամբարյանը: Կոստանտինի կողքին շատ լավ թիմ հավաքվեց, ես էլ՝ այդ թվում, որ նրա երազանքը կատարենք: 


Երգը կոչվում է «Կարոտ»: Այն ռոքային շատ գեղեցիկ բալլադ է՝ խորը խոսքերով, ռոմանտիկ ու լիրիկական ստեղծագործություն:

Երբ երգը պատրաստ էր, հասկացանք, որ միայն պրեմիերա անելը քիչ է. պետք է նաեւ վիզուալացնել: Կոստյայի հետ փոքրիկ ռեժիսորական գիծ որոշեցինք ու նկարահանումներն իրականացրինք մեր քաղաքում: Մեկ ուշագրավ փաստ էլ նշեմ, որ նկարահանումն ու տեսահոլովակի մոնտաժն արել է հենց երգի հեղինակը: 


Խորհրդակցելով ու տարբեր հարցերում միմյանց օգնելով՝ ստեղծեցինք գեղեցիկ մինիմալիստական տեսահոլովակ, որը շուտով կներկայացնենք: Իսկ պրեմիերան տեղի կունենա հունիսի 13-ին կայանալիք իմ մենահամերգի ժամանակ:

«Կարոտ»-ը շատ երանգներ, տարբեր գույներ ու համեր է բերել: Ամեն ոք երգը լսելիս իր անհատական կարոտը կզգա ու այն յուրովի կընկալի: Երգը չստացված հարաբերությունների, կորցնելու եւ միասին լինելու վախի մասին է՝ այն անձի, որը տվել է այդ կարոտը, եւ որի հետ ո՛չ կարող եք միասին լինել, ո՛չ էլ՝ առանձին։

Հետաքրքիր ստեղծագործություն է: Կարծում եմ՝ կարողացել եմ Կոստյայի զգացմունքները, խոսքերն ու մեղեդին դարձնել այնպիսին, ինչպիսին նա կցանկանար:


Շատերից եմ լսել. «Հասմիկ, ինչ հեղինակ էլ քեզ երգ է նվիրում, ի վերջո այն քոնն ես դարձնում»: Այս խոսքերում ճշմարտություն կա: Գուցե անհամեստ հնչի, բայց մոտ 30 տարի բեմում՝ որպես հեղինակ ու կատարող, այնքան եմ կայացել, որ ունեմ իմ ձեռագիրը, մատուցման ձեւն ու ձայնային տեմբրը, որոնցով, շատերի կարծիքով, միանգամից տարբերվում եմ եւ ինձ չեն շփոթում այլ երգչուհիների հետ:

«Նույնիսկ իմ հեղինակած երգը դարձրիր այնպիսին, որ դու էլ կարող էիր նման երգ գրել»,- Կոստյայի խոսքերն են: Հնչողությունը հասմիկական է, թեեւ մեղեդին ու խոսքերն ինձ այդքան նման չեն, բայց կատարման մեջ արդեն մի քիչ Հասմիկ կա»:

Կադրերը՝ «Կարոտ» տեսահոլովակից

Կարդալ ավելին

Quality Sign BW