×


Սեզար Գուեկյանը եւ Ձոնի Դեփը

Սեզար Գուեկյանը շնորհավորել է Ջոնի Դեփի ծննդյան օրը

Gibson-ի՝ աշխարհում էլեկտրական կիթառներ արտադրող ամենահայտնի ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Սեզար Գուեկյանը շնորհավորել է դերասան Ջոնի Դեփի ծննդյան օրը:

«Ծնունդդ շնորհավո՛ր: Միշտ վայելում եմ մեր զրույցները երաժշտության եւ կիթառների մասին: Այսօր մի մեծ բաժակ եմ բարձրացնելու քո պատվին», - գրել է Սեզար Գուեկյանը:

Երաժիշտ Դեփը

Ջոնի Դեպն այսօր դարձել է 63 տարեկան:

Նախքան դերասանի կարիերա սկսելը Դեպը կիթառահար էր: Տարբեր տարիներին նա մասնակցել է Oasis-ի, Իգի Փոփի, Վանեսա Պարադիի, Aerosmith-ի եւ Մերիլին Մենսընի երգերի ձայնագրություններին։ 

Նրան կարող եք տեսնել Tom Petty and the Heartbreakers-ի, Ավրիլ Լավինի եւ Փոլ Մաքքարթնիի տեսահոլովակներում:

2015 թվականին Դեփը Էլիս Քուփերի եւ Ջո Փերրիի հետ ստեղծել էր Hollywood Vampires սուպերխումբը։

2020 թվականին Դեփը կիթառահար Ջեֆ Բեքի հետ թողարկել էր Ջոն Լենոնի «Isolation» երգի քավըր տարբերակը, իսկ 2024 թվականի հուլիսին նա որպես հատուկ հյուր հանդես եկավ Անդրեա Բոչելլիի 30-ամյակին նվիրված երեք համերգներից մեկում:

Երկրորդ սերնդի հայ ներգաղթյալների որդին 

Սեզար Գուեկյանը Gibson Brands ընկերությունը գլխավորում է 2023 թվականի հուլիսից:

Վերջերս հրապարակված Gibson-ը կործանումից փրկած Սեզար Գուեկյանի ապրելու եւ աշխատելու «հայկական ձեւը» հոդվածում ասվում է.

«Սեզար Գուեկյանը՝ երկրորդ սերնդի հայ ներգաղթյալների որդին, մեծացել է Բուենոս Այրեսում։ Նրա հիմնական սկզբունքներն ու քրտնաջան աշխատանքի էթիկան հայկական են, ասում է նա՝ ընդգծելով, որ ինքն արգենտինահայ է։ «Ես մեծացել եմ Արգենտինայում եւ մեծացել եմ հայկական մշակույթով», - ասում է նա։

Սեզար Գուեկյանը


Նախնիների փորձառությունից ոգեշնչված՝ 49 տարեկան Գուեկյանը յուրաքանչյուր նոր օրը պարգեւ է համարում։ Նրանց պատմությունները հիշելը օգնեց ձեւավորել նրա արժեքները։

«Հայ համայնքը, որտեղ մեծացել եմ, զոհաբերությունների պատմություն ունի, - պատմում է Գուեքյանը: - Մեծ ջանքեր ես ներդնում, չես բողոքում, հետո վայելում աշխատանքիդ պտուղները՝ սա է հայկական ձեւը»:

Նա շեշտում է, որ այս արժեքները օրինակ են ծառայում նաեւ աշխատակիցների հետ հարաբերություններում:

«Gibson-ում մենք չենք կենտրոնանում մարդու ծագման, արտաքին տեսքի կամ առոգանության վրա, - ասում է նա: - Կարեւորը բնավորությունն է. Արդյո՞ք լավ մարդ ես: Այս տեսակետը, որը հիմնված է պատմական հալածանքների ըմբռնման վրա, ձեւավորում է մեր վերաբերմունքը բոլորի նկատմամբ»:

Կարդալ ավելին

Quality Sign BW