×


80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժենյա Ներսիսյանը մոնոներկայացմամբ է հանդես գալու Գեղագիտության ազգային կենտրոնի “Փոքր թատրոն”-ում, որի պրեմիերան այսօր է` մարտի 31-ին: Բեմադրությունը, երաժշտական ու նկարչական ձեւավորումն արել է թատրոնի ռեժիսոր Վահան Բադալյանը:

“Հաճելի է, երբ հասկացող հանդիսատես է գալիս դիտելու քո խաղը, հատկապես հաճելի է երիտասարդներին տեսնել”. Ժենյա Ներսիսյան


Էրիկ Էմանուել Շմիթի “Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” կարդալուց  հետո Վահանը որոշում է կայացնում բեմադրել այն, բայց միայն համապատասխան դերասանուհու հետ. “Քանի որ ստեղծագործության մեջ ուժեղ էմոցիաներ, հոգեվիճակ, կերպարներ կան, ամեն դերասան չէր կարող խաղալ, ինձ համար կարեւոր էր խաղացող դերասանի անհատականությունը”:

“Տիկին Ժենյան ֆենոմենալ երեւույթ է. 80 տարեկանում 2 ժամ շարունակ բեմում միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել… այդքան էներգիա ունի: Նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, ավելորդ երկխոսության մեջ չի մտնում, ուշադիր լսում է պահանջվածը եւ աշխատում: Որոշ տեսարաններ հարմարեցրել եմ իր ներքին զգացողություններին”,- նշել է բեմադրիչը:

“80-ամյա դերասանուհին 2 ժամ շարունակ միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել...”. Վահան Բադալյան


Վահան Բադալյանը վաղուց է ճանաչում դերասանուհուն, նրանց ծանոթությունն ու շփումն էլ սկսվել է 2006 թվականից: Բեմադրիչն այս ստեղծագործությունը տվել է տիկին ժենյային, որն էլ հավանել ու համաձայնել է. “Տպավորվեցի առաջին իսկ կարդալուց: Թեեւ 80 տարեկանում դժվար է էջերով տեքստն անգիր անել, բարդ է խաղալ 10 տարեկան տղայի դեր, չարչարվում ես, պրպտում, բայց դա քաղցր տառապանք է”:

“Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” գործը պատմում է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Օսկարի մասին. ներկայացվում է նրա կյանքի վերջին 12 օրը: Վարդագույն հագուստով տիկինն առաջարկում է նրան խաղ խաղալ եւ ամեն օրը հաշվել որպես տասը տարի, ամեն օր Աստծուն նամակ գրել եւ պատմել այդ օրվա մասին: Այս օրերի ընթացքում էլ բացվում են փիլիսոփայական ու հոգեբանական շերտեր` հավատի, կյանքի նկատմամբ վերաբերմունքի, տարիքի, ծնողներ-զավակներ հարաբերությունների մասին: Բեմի դեկորացիաները տեղափոխում են հիվանդանոցի սենյակ, օրացույցն էլ տարվա վերջին` դեկտեմբերի օրերն է “հաշվում”:

“80 տարեկանում բարդ է խաղալ 10 տարեկան տղայի դեր, բայց դա քաղցր տառապանք է”. Ժենյա Ներսիսյան


Ներկայացումը նախատեսված է 14 տարեկանից բարձր հանդիսատեսի համար “միայն այն պատճառով, որ գուցե դժվար ընկալելի լինի”. “Հաճելի է, երբ հասկացող հանդիսատես է գալիս դիտելու քո խաղը, հատկապես հաճելի է երիտասարդներին տեսնել”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Ժենյա Ավետիսյանը:

2 գործողությամբ դրաման, Վահան Բադալյանի հավաստմամբ, դասական մոնոներկայացում չէ, բեմում կա երկրորդ հարթակ` ուրվականների ու ստվերների մասնակցությամբ: Բեմադրիչը կարծում է` երիտասարդ դերասանուհիները, դիտելով Ժենյա Ներսիսյանի խաղը, վարպետության դաս կանցնեն: “60 տարի է` բեմում եմ, ռադիոյում, հեռուստատեսությունում, 150-ից ավելի դեր եմ խաղացել, ամեն կերպար աստիճանաբար հասունացրել եմ իմ մեջ ու լույս աշխարհ եմ բերել, դրանով ամեն անգամ ինձ երջանիկ եմ զգում, չեմ կարող չխաղալ”,-նշել է դերասանուհին:

“Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” գործը պատմում է արյան քաղցկեղով հիվանդ 10-ամյա Օսկարի մասին


Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին իր 80-ամյա հոբելյանին` նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի` հայ թատերարվեստի զարգացման, նաեւ սփյուռքում հայապահպանության գործում ունեցած վաստակի համար, օրեր առաջ էլ “Արտավազդ” թատերական մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել է թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:

“Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” ներկայացմանը


Ժենյա Ներսիսյանը 1993-ին մեկնել է Լոնդոն, ուր Գեւորգ Թահթայան կիրակնօրյա հայկական ազգային վարժարանում դասավանդել է գրականություն ու գեղարվեստ, բեմադրել մի շարք ներկայացումներ. “Անգլիայում հայ շատ երեխաներ դժվարությամբ են հայերեն խոսում, բայց ոգեշնչում եմ նրանց, հայերենով խաղում են, արտասանում: Պարբերաբար գնում-գալիս եմ, վերջերս էլ մի քանի ամսով հրավիրել էին դասավանդելու”:

“Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” ներկայացումը թատրոնի խաղացանկում է, այն կարող ես դիտել “Փոքր թատրոն”-ում նաեւ ապրիլի 4-ին եւ 7-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին