×


“A4”-ային ըմբոստություն “Որդան կարմիր”-ից :)

“Որդան կարմիր’’ ալտերնատիվ մետալ բենդի երկրպագուներն ու պարզապես ռոքասերները երեկ` սեպտեմբերի 12-ին, Տիկնիկային թատրոնում մասնակցեցին “A4’’ ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսին:

"Որդան կարմիր" ռոք-խումբը


Ալբոմը գրվել է մեկ տարվա ընթացքում. երգերը ձայնագրվել են Մոսկվայում, իսկ մասթերինգն իրականացվել է Միացյալ Նահանգներում: Սա խմբի առաջին “լիամետրաժ’’ CD-ն է. ներառում է 14 գործ: Մինչ այս “Որդան կարմիր’’-ը թողարկել է “Ջան եմ ասել” դեմոն:

“A4-ը բոլորիս հայտնի թղթի ֆորմատն է, որ մարդկանց շրջանում հաճախ հանդիպում է որպես ստանդարտ, քառակուսի կարծրատիպ: Շատերի մտածելակերպը կարծես պատճենված լինի: Երգերից մեկում այսպիսի խոսքեր կան՝ “ձեր մտքերն են պատճեն մեկի մտքերից…”: Դա ճիշտ չէ’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը:

"Որդան կարմիր" ռոք-խմբի "A4" ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսին


Նոր ձայնասկավառակը բենդի անդամները ներկայացնում են որպես ըմբոստություն մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ. “Սա այդ շրջանակները քանդելու փորձ է: Մենք պայքարում ենք միայն նեգատիվի դեմ: Մարդիկ կան, որ կարծրատիպերով են ապրում եւ ուղղորդվում են բազմաթիվ չգրված օրենքներով: Իհարկե, մեր իրականության մեջ շատ դրական երեւույթներ կան, բայց կան նաեւ այնպիսիք, որ կոմպլեքսավորում են եւ մտցնում հենց այդ “A4” ֆորմատի մեջ: Պետք է զանազանել այդ ֆորմատի մեջ հայտնվող լավը վատից’’:

Վահան Պողոսյանը եւ Դավիթ Գրիգորյանը


Տղաները խոստովանում են, որ իրենք եւս շատ հարցերում շրջանակի մեջ են, բայց “ստեղծագործական գործունեության ընթացքում դուրս են գալիս դրանից եւ փորձում ազատվել բոլոր քառակուսիներից”: Արդյունքն էլ “A4” ալբոմն է, որի երգերի հիմնական մասն անգլերենով է, ինչը նախկինում բնորոշ չի եղել խմբին.“Ուզում ենք ավելի շատ տանք ու շատ էլ ստանանք’’,-ասաց Վահանը:

Նշենք, որ “Որդան կարմիր”-ը  2005 թվականից մինչ օրս պայքարում է բացասական երեւույթների դեմ՝ մասնակցելով մարդու իրավունքների, բնապահպանական եւ այլ խնդիրների ուղղված տարբեր նախաձեռնությունների: Բացի այդ, նրանք իրենց երգերի միջոցով մարդկանց մշտապես կոչ են անում չկորցնել կյանքն ու տաղանդը, լինել ազատ ու երջանիկ:

"Որդան կարմիր" խմբի կիթառահար Դավիթ Գրիգորյանը

"Որդան կարմիր" խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանը


Համերգի հանդիսատեսի շարքերում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Վահանի խոսքով` շատ ողջունելի է, որ երիտասարդները կտրվում են համացանցից եւ կենդանի երաժշտություն վայելում, իսկ մեծահասակներն էլ գալիս են լսելու հայկական ժամանակակից ռոքի հնչյունները:

Շնորհանդեսին ներկայացված ձայնասկավառակներն ու շապիկները գտան իրենց տերերին, հավատարիմ երկրագուները համերգից հետո հանդիպեցին երաժիշտներին եւ ինքնագրեր խնդրեցին, վերջիններս էլ սիրով ստորագրեցին “A4”-ն ու լուսանկարվեցին նրանց հետ: 

"Որդան կարմիր" ռոք-խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը


Մի քանի օրից տղաները կմեկնեն եվրոպական շրջագայության եւ հայկական ռոքը կներկայացնեն Լոնդոնում, Իսպանիայում, Գերմանիայում: “Որդան կարմիր”-ը խոստացավ շուտով նոր երգեր ներկայացնել.“Այն երաժշտությունը, որ այսօր նվագում ենք, այնտեղից է եկել: Հուսով ենք` մեզ հետ նոր մտքեր ու գաղափարներ կբերենք”:

Խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով.


Վահան Պողոսյան - վոկալ

Դավիթ Գրիգորյան - կիթառ

Դավիթ Գալստյան - բաս-կիթառ

Պայքար Չախոյան - հարվածային գործիքներ


Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport