×


A.Chilla-ի՝ Հայաստան տեղափոխվելու պատճառը

Հայկական ռեփ իրականության ամենասիրված նախագծերից մեկի` «3.33»-ի անդամ A.Chilla-ն (Նարեկ Հովսեփյան) վերադարձել է Հայաստան: Այժմ ռեփերն ապրում եւ ստեղծագործում է հայրենիքում: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է Միացյալ Նահանգներից հեռանալու պատճառի, առաջիկա նորությունների մասին, եւ ոչ միայն:

- Բարի գալուստ Հայաստան. երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, ինչպե՞ս կայացրիք որոշումը՝ վերադառնալ հայրենիք:
- Մոտ հինգ ամիս է, ինչ տեղափոխվել եմ: Ի սկզբանե մեկ ամսով էի եկել՝ նոր ձայնասկավառակիս աշխատանքներն ավարտելու, եւ չէի պլանավորում մնալ Երեւանում, բայց քանի որ ունեցանք համերգներ, եւ զգացի՝ համագործակցությունները թե՛ «3.33»-ի, թե՛ «Մի քանի հոգի» նախագծի շրջանակում բավական բուռն արձագանք ունեն հանդիսատեսի կողմից, որոշեցի մնալ: Այս շրջանում ԱՄՆ-ում երաժշտական գործունեություն չէի ծավալում, կարծում եմ՝ դա էլ վերադարձիս պատճառներից մեկը դարձավ. հիմա ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի. Ամերիկան ինձ այլեւս չի ձգում:

Կարծում եմ՝ հիմա Հայաստանում լավ ժամանակներ են. մարդիկ ավելի հանգիստ են, 20, 21, 22 տարեկան ջահելներն՝ ավելի մոդեռն ու հետաքրքիր, սեւ հագուստով մարդիկ չկան (ծիծաղում է,-հեղ.):

-Ամերիկյան եւ հայաստանյան իրականությունները տարբեր են. հարմարվելու շրջանում ԱՄՆ վերադառնալու մտքեր եղե՞լ են:
-Ո՛չ, նման մտքեր չեմ ունեցել. Հայաստանում առաջին անգամ չէ, որ երկար ժամանակով բնակություն եմ հաստատում. 2012-13 թվականներին մոտ երկու տարի ապրել եմ այստեղ: Ինձ սկսել էր ձանձրացնել Ամերիկայի կյանքը՝ աշխատանք, տուն, եւ ժամանակ չէր մնում անգամ երաժշտությամբ զբաղվելու:

Այստեղ ինձ անչափ հաճելի եւ հարմարավետ է. կարող եմ գալ ստուդիա ու զբաղվել իմ սիրելի գործով, եւ առհասարակ հարմարվելու խնդիր չեմ ունենում. ունեմ իմ ներքին աշխարհը, որն ամենուր ինձ հետ է:

Ֆելիքս Խաչատրյանը եւ A.Chilla-ն


- Սիրելի գործի արդյունքներով ե՞րբ կկիսվեք Ձեր հանդիսատեսի հետ:
- Այժմ աշխատում եմ իմ անհատական ձայնասկավառակի վրա, որը կոչվում է՝ «Այսմոլորակային»: Վաղուց չէի գրել, գուցե մի քիչ էմոցիոնալ թվա այն, ինչ կներկայացնեմ շուտով (ծիծաղում է,-հեղ.), բայց կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս երգերից կարող է գտնել իր երգը: Ձայնասկավառակում համագործակցություններ ունեմ Ֆելոյի, Ռոլանդի, Միշոյի հետ:

Սրան զուգահեռ, իհարկե, չեն դադարում աշխատանքները «3.33»-ի եւ «Մի քանի հոգի» նախագծերի շրջանակում: Իմ ալբոմի թողարկումից հետո կունենանք նոր ձայնասկավառակ: Չնայած՝ մեր համեմատաբար հին երգերն էլ հիշվում են, եւ համերգների ժամանակ հանդիսատեսը ցանկանում է լսել հենց դրանք՝ «Աղջիկ- չղջիկ», «Էս պահին» եւ այլն:

Զարմանում եմ՝ օրինակ՝ «Խաչբառը», որ մոտ 9-10 տարի առաջ ենք գրել, այսօր երիտասարդները համերգների ժամանակ երգում են: Սա ինձ շատ է ոգեւորում, ու կարծում եմ՝ Հայաստանում մնալու որոշումը կայացրի այն ժամանակ, երբ հասկացա, որ պատասխանատվություն եմ կրում իմ հանդիսատեսի առջեւ:

- Մի քանի տարի առաջ փոքրիկ փորձառություն ունեցաք կինոոլորտում: Նոր դերերի առաջարկներ կա՞ն:
-Այո, «Փեսացուն կրկեսից» ֆիլմում փոքր դերով ներկայացա, բայց իսկապես կուզեմ հետաքրքիր, նոր դեր ունենալ, ավելի մեծ կերպարային գծով. խոսքս սերիալների մասին չէ, այլ գեղարվեստական կամ բազմասերիանոց ֆիլմերի: Այժմ առաջարկներ չկան, գուցե այն պատճառով, որ ռեժիսորները չեն մտածում, որ հետաքրքրված եմ, բայց լավ առաջարկների դեպքում մեծ հաճույքով պատրաստ եմ համագործակցել:

A.Chilla-ն


-Ի՞նչ եք կարծում, հայկական ռեփ, հիփ-հոփ, փոփ երաժշտությունը զարգացում ապրո՞ւմ է:
-Չեմ կարող ասել, որ այսօր մենք շատ զարգացել ենք ռեփի ասպարեզում, բայց աճ կա. ինձ հաճախ ուղարկում են երիտասարդ, սկսնակ ռեփերների աշխատանքներ, եւ շատ հետաքրքիր, նոր մոտեցումներ եմ տեսնում, իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր  չունեն ձայնագրությունների, հանդիսատեսին ներկայանալու հնարավորություն, այդ իսկ պատճառով հասարակությունը չունի ընտրության լայն հնարավորություն:

Իսկ եթե խոսենք ռեփից դուրս, հայկական երաժշտական իրականության մասին չեմ կարող ասել՝ լավ է, կամ վատ է. նույնն է: Համագործակցում եմ մի շարք արտիստների հետ, ովքեր ասում են՝ ուզում ենք անել նոր մի բան, բայց հանդիսատեսը չի ընկալի, չի հասկանա, իսկ որքա՞ն պետք է շարունակվի չընկալելու ընթացքը, ո՞վ պետք է գա ու սկսի այդ նոր բանն անել՝ հնչողության ու գաղափարի առումով:

Այսօր ես ծավալում եմ նաեւ պրոդյուսերական աշխատանք եւ գտել եմ շատ տաղանդավոր արտիստների. Լիլիթ անունով աղջկա հետ եմ աշխատում եւ փորձում եմ նրան հայտնի դարձնել երաժշտական ասպարեզում, քանի որ վերջին տարիներին երիտասարդ դեմքեր գրեթե չկան:

Միշտ եղել եմ երաժշտական նոր ասելիքի, տարբերվող մի բան անելու կողմնակից, որովհետեւ միայն այդպես կարող ենք ինչ-որ բան փոխել թե՛ ռեփի, թե՛, առհասարակ, երաժշտության մեջ:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները` A. Chilla-ի անձնական արխիվից եւ Անժելա Միքայելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին