×


IDBank-ի եւ Idram-ի համատեղ նախագծի մեկնարկն ազդարարվեց ինքնատիպ շոուով

«Հայֆիլմ» կինոստուդիայում երեկ մարդաշատ էր, բայց այս անգամ ոչ թե ֆիլմ էր նկարահանվում, այլ յուրահատուկ միջավայրում ներկայացվեց «Idram» համակարգի եւ «IDBank»-ի համատեղ նոր նախագիծը: Ընդարձակ սրահում, որը վերածվել էր ֆուտուրիստական ոճի շոու-ռումի, հայտարարվեց թվային նոր հարթակի գործարկման մասին: Այսուհետ երկու ընկերությունների հաճախորդները հնարավորություն կունենան մեկ միասնական հարթակի միջոցով օգտվել բոլոր ֆինանսական փաթեթներից: Նոր ծրագրի մանրամասներին ծանոթացել եւ միջոցառման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:

Երեկոյի սկզբում «Idram»-ի տնօրեն Արսեն Քդենյանը եւ «IDBank»-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը ներկայացրին հարթակի գործառույթները: Այսպիսով, թվային նոր հարթակն օգտատերերին հնարավորություն կտա բջջային հավելվածի միջոցով հաշիվներ բացել, դրանց կցել միջազգային վճարային համակարգի ցանկացած քարտեր եւ վճարել ավելի քան 200 ծառայության դիմաց: Բացի այդ, նոր հավելվածի միջոցով հնարավոր կլինի Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները եւ բանկային հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում եւ ռեստորաններում վճարումները կատարել QR-կոդով՝ ստանալով Cash back եւ այլ առավելություններ։

Արսեն Քդենյանը եւ Սերգեյ Առաքելյանը


«Մեզ համար ամենակարեւոր արժեքը մեր հաճախորդն է: Նրանց շնորհիվ է, որ ավելի քան 13 տարի Idram-ը բարգավաճում է եւ զարգացնում իր բոլոր ծառայությունները: Այսօր արդեն հասել ենք մի ժամանակաշրջանի, երբ նորարարություններն ու տեխնոլոգիական զարգացումները շատ ավելի արագ են ընթանում, եւ մենք պետք է կարողանանք այդ ընթացքին համարժեք քայլել: Իհարկե, մենք միշտ լսում ենք մեր հաճախորդների պահանջները, կատարելագործում մեր ծառայությունները: Ըստ այդմ՝ որոշեցինք IDBank-ի հետ ստեղծել մեկ հարթակ, որտեղ կկարողանանք մեր հաճախորդներին միասնաբար մատուցել մեր ծառայությունները»,- իր խոսքում նշեց «Idram»-ի տնօրեն Արսեն Քդենյանը:

Galactic City խորագրով երեկոյին


«IDBank»-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն էլ ընդգծեց, որ իրենք ընտրել են համագործակցության այս ճանապարհը, քանի որ այն բանկին հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել ժամանակակից թվային լուծումներ.«Զարգացած երկրներում արդեն կա նման փորձ, կիրառվում է, եւ մենք նույնպես ցանկանում ենք այդ հնարավորությունը ստեղծել Հայաստանում. երկու ընկերությունների ծառայությունները ներկայացնել մեկ ընդհանուր հարթակում: Առաջիկայում մենք փուլ առ փուլ մեր հաճախորդներին կներկայացնենք հարթակի տեխնոլոգիական հնարավորությունները, գործիքակազմը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ օգտվել բոլոր ծառայություններից»:

Սերգեյ Առաքելյանը նաեւ տեղեկացրեց, որ հավելվածի անվանումը եւ մյուս բոլոր մանրամասները շուտով կներկայացվեն օգտատերերին: Նրա խոսքով՝ հարթակը կգործարկվի առաջիկա ամիսների ընթացքում, այնպես որ հաճախորդներին մնում է հետեւել նորություններին եւ ծանոթանալ շարունակաբար ավելացող ծառայությունների ցանկին: Միջոցառման մասնակիցներն այդ մանրամասներին ծանոթացան նաեւ Իդա անվամբ թվային անիմացիայի շնորհիվ, որը ողջ երեկոյի ընթացքում ներկայացնում էր թվային հարթակի գործառույթները:

Galactic City խորագրով երեկոյին


Երեկոյի երկրորդ հատվածում մեկնարկեց Galactic City խորագրով շոու-համերգը` նվիրված Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին: Հանդես եկան հանրահայտ դիջեյներ Գերմանիայից, ինչպես նաեւ Հայաստանից: Պրոֆեսիոնալ բարմենների պատրաստած կոկտեյլներն էլ է՛լ ավելի բարձրացրին ներկաների տրամադրությունը եւ ուղղորդեցին դեպի պարահրապարակ: Փարթին շարունակվեց մինչեւ ուշ գիշեր:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին