×


“Oriflame”-ի նորաձեւության շոուն, դիզայներների հավաքածուները եւ Շվեդիայից ժամանած հատուկ հյուրերը

Հունիսի 6-ի երեկոյան Կարապի լճի շրջակայքում երեւանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերն ականատես եղան “Oriflame Fashion Night” մասշտաբային ցուցադրությանը: Նորաոճ, վառ ու շքեղ շոուի բացումը վստահված էր Շվեդիայից ժամանած երգչուհի Աննա Քրիստոֆերսոնին:

Միկա Դանիելյանը, Արեւիկ Սիմոնյանն ու Ֆաինա Հարությունյանը


Նրա ելույթից հետո ներկաներին ողջունել է “Օրիֆլեյմ” ընկերության ստեղծարար տնօրեն, պաշտոնական դիմահարդար Յոնաս Վրամելը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում մեկ երեկոն կվերածվի հայաստանյան նորաձեւության շաբաթի:

“Օրիֆլեյմ” կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերության կազմակերպած բացօթյա շոուի ընթացքում իրենց հավաքածուներն են ներկայացրել վեց հայ մոդելավորողները՝ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը, Միկա Դանիելյանը, Գեւորգ Շադոյանը եւ Արեւիկ Սիմոնյանը:
Դիզայներների հավաքածուները մոդելները ցուցադրել են լճում տեղադրված հարթակի վրա: Ցուցադրումն ընդմիջվել է կրակներով համարով, ստեպ պարողների, նաեւ ջութակահարուհիների ելույթներով:

“Oriflame Fashion Night” ցուցադրությանը


“Օրիֆլեյմ Հայաստան” ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը նշել է, որ շվեդական ապրանքանիշը, լինելով տարբեր երկրների նորաձեւության շաբաթների մասնակից, այս տարի արդեն երկրորդ անգամ որոշել է համախմբել Հայաստանի մոդելավորողներին. “Մեր ընկերությունն արդեն 50 տարի խոսում  է գեղեցկության ու նորաձեւության մասին եւ դառնում տարբեր երկրներում կազմակերպվող նորաձեւության շաբաթների պաշտոնական գործընկերը: Եվ քանի որ “Օրիֆլեյմ”-ը երազանքի ընկերություն է, որոշեցինք  միավորել հայ դիզայներներին ու կրկնել նախորդ տարվա հաջողված փորձը: Այս տարի միջոցառումն ընդլայնել ենք`նախորդ տարվա չորս դիզայներին միացել են եւս երկու հոգի”:

Նաիրա Մարգարյանի փոխանցմամբ՝ դիզայներներն ազատ են եղել հավաքածուների թեմաների ընտրության հարցում. “Մենք ստեղծել ենք հարթություն, իսկ աշխատանքն արել են մասնակիցները: Մեզ համար կարեւոր էր ստեղծել այս նախագիծը, հաջորդ նպատակն արդեն Հայաստանում նորաձեւության շաբաթ կազմակերպելն է: Կարծում եմ՝ ունենք նաեւ պոտենցիալ տարբեր ազգերի մոդելավորողների փորձի փոխանակում կազմակերպել, ինչը ստեղծագործելու մղիչ ուժ կդառնա նրանց համար”:  

“Oriflame Fashion Night” ցուցադրությանը


Հատուկ այս ցուցադրության համար Երեւան էր ժամանել նաեւ Ուկրաինայում, կովկասյան երկրներում եւ Մոլդովայում “Օրիֆլեյմ”  ընկերության փոխնախագահ Նիքլաս Պալմքվիստը. ““Օրիֆլեյմ”-ն այժմ եվրոպական ամենամեծ կոսմետիկ ընկերություններից մեկն է: Իհարկե, հայաստանյան շուկան ամենամեծը չէ, բայց մեզ համար կարեւոր է ցանկացած հաջողություն: Ուրախ եմ, որ հայ գործընկերներս կազմակերպել են այս երեկոն եւ խթանում են հայկական նորաձեւության զարգացմանը”, - նշել է Նիքլաս Պալմքվիստը:

Շվեդական ընկերության ստեղծարար տնօրեն, պաշտոնական դիմահարդար Յոնաս Վրամելը երրորդ անգամ է Հայաստանում եւ ինչպես նշել է՝ ճանապարհորդություններն իրեն ոգեշնչում են աշխատանքում: Խոսելով դիմահարդարման նոր միտումների մասին՝ նա հայտնել է, որ ապրանքանիշի արտադրանքով յուրաքանչյուր կին կարող է տնային պայմաններում ստեղծել նորաձեւ կերպար. “Շրթներկի գույնի փոփոխությամբ կինը կարող է կերպարանափոխվել: Ուրախ եմ, որ այժմ շուրթերի փայլի տենդենցը աստիճանաբար վերանում է եւ փոխարինվում անփայլ շրթներկով: Անսպասելի իրավիճակում, օրինակ՝ լողափում, երբ պետք է ընթրեք, կարող եք ընդգծել շուրթերը եւ դա հրաշալի կերպար կստեղծի ձեզ համար”:

Նարինե Սուլթանյանը դստեր հետ


Դիզայներների ներկայացրած հավաքածուները

Մինչ ցուցադրությունը մասնակից դիզայներները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու պատմել իրենց հավաքածուների մասին: Ասուլիսին ներկա չէր միայն Վահան Խաչատրյանը, քանի որ այս օրերին գտնվում է Կաննում: Բոլոր մոդելավորողները շնորհակալություն են հայտնել  կազմակերպիչներին, նշելով, որ ցանկանում են մեկ երեկոն վերածվի մեկ շաբաթվա միջոցառումների շարքի:

Գեւորգ Շադոյանը կատարել է ցուցադրության բացումն՝ իր ձեռագրով ներկայացնելով Հայաստանի բոլոր շրջանների տարազները. “Երբ տարիներ առաջ Սիրիայում էի ապրում եւ երբեմն գալիս էի Երեւան` ցուցադրելու իմ հավաքածուները, տեսնում էի, որ այստեղ շատ քիչ են դիզայներները, բայց իրականում ավելի շատ են: Կցանկանամ, որ բոլորս համախմբվենք ու ցույց տանք, որ կարող ենք լավ գործ անել: Սուտ կլինի, եթե ասեմ, որ առօրյայում մենք շփվում ենք իրար հետ, բայց դա չի նշանակում, որ ընկերներ չենք: “Օրիֆլեյմ”-ին հաջողվում է մեզ համախմբել, այս տարի տեսնում եմ ավելի լուրջ նախապատրաստում ու մոտեցում”:

Ռոլանդ Գասպարյանը կնոջ` Գայանեի հետ


Ֆաինա Հարությունյանի հավաքածուն ներառում էր գունեղ երանգներով 1950-ականների ձեւվածքներով ամառային զգեստներ. “Շեշտը դրել եմ ոչ թե դետալների վրա, այլ պարզապես ուզում էի վառ գույներով զգեստներ ներկայացնել: Ուզում եմ, որ այս տոնը շարունակական լինի, կանգ չառնենք, եւ “Օրիֆլեյմի” հետ միասին առաջ տանենք հայկական նորաձեւությունը”, - ասել է նա եւ հավելել, որ նորաձեւությունն ազատ է շաբլոններից, բայց երջանիկ լինելը միշտ նորաձեւ է:

Միկա Դանիելյանի հավաքածուի մեջ գերիշխում էին բալետային ու ծաղկային թեմատիկան, մեծ ականջօղերը եւ զգեստների ընդգծված կանացիությունը: Նա նշել է, որ “Օրիֆլեյմ”-ին հաջողվել է միմյանց կապել գեղեցկությունն ու նորաձեւության միտումները. “Մեզ համար կարեւոր է նորաձեւության շաբաթ ունենալը, ինչի շնորհիվ կունենանք արտադրանքներ, հետագայում կլինեն գործարաններ, դա նշանակում է, որ կլինեն աշխատատեղեր նորավարտ ուսանողների համար: Ինչպես իմ գործընկերներն այնպես էլ ես կցանկանաում, որ ունենանք լիարժեք նորաձեւության շաբաթ”:

Արամ Նիկոլյանը ներկայացրել է իր վերջին՝ “Ուրֆա. Վերածնված արժեքներ” հավաքածուից 15 զգեստ. “Իմ նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ տարազներից եւ հայ կնոջ ուժեղ կերպարից, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ ազգային թեմային եւ պրոպագանդել մերը, որ կանայք առօրյայում կրեն: Երբ միավորվում ենք, կարողանում ենք բարձր արդյունքներ ցույց տալ, իսկ Հայաստանում այսպիսի մասշտաբային միջոցառում կազմակերպելու քիչ հնարավորություն կա”:

Լուսինե Թովմասյանը, Գայանե Մաշուրյանն ու Արմեն Գալյանը


Վահան Խաչատրյանն էլ ներկայացրել է իր “Հայաստանի գանձեր” հավաքածուի նմուշներից, իսկ երեկոն եզրափակվել է Արեւիկ Սիմոնյանի երեկոյան զգեստների ցուցադրությամբ, որոնք մուգ կապույտից մինչեւ մարմնագույն, արծաթագույն երանգների մեջ էին. “Սովորաբար, իմ հավաքածուներն անվանումներ չունեն, այս անգամ փորձել ենք ստանալ հեքիաթային հերոսների կերպարներ եւ գեղեցիկ շոու, սա մեր թիմի ստեղծագործական պոռթկումն էր: Որպես դիզայներ ցուցադրվելու հնարավորություն Երեւանում շատ չենք ունենում եւ լավ է, որ այս առիթն արդեն երկրորդ տարին շարունակ ստեղծվում է մեզ համար: Բոլորս հույս ունենք, որ մոտ ապագայում կլինի նաեւ նորաձեւության շաբաթը”, - մեզ հետ զրույցում ասել է Արեւիկը:

Հավելենք, որ “Օրիֆլեյմ” ապրանքանիշը, հիմնադրվելով 1967 թվականին, այժմ գեղեցկության միջոցներ առաջարկող ուղիղ վաճառքներով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է Եվրոպայում եւ ունի ներկայացուցչություններ ավելի քան 60 երկրում: Բնությունից եւ գիտությունից ոգեշնչված ՝ շվեդական ընկերությունն ունի ունի շուրջ 3 միլիոն խորհրդատու, իսկ բիզնես-գաղափարը հետեւյալն է՝ “Վաստակի՛ր գումար այսօր եւ իրականացրու՛ երազանքներդ վաղը”:

Bravo.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport