×


«Գլամուրն ու շոու-բիզնեսը թողնում ենք դրսում». Իվետա Մուկուչյանի ակումբային համերգը մեկնելուց առաջ

«Ծիծեռնակ 2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչվելուց հետո Իվետա Մուկուչյանը երկրպագուներին ուրախացրեց նաեւ ակումբային համերգով: Իր բենդի հետ նա հանդես եկավ կենդանի կատարումներով՝ ներկայացնելով իր հայտնի ու սիրված երգերը: Երեկոյին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել երգչուհու հետ եւ հետաքրքիր մանրամասներ պարզել համերգային ծրագրից ու հետագա անելիքներից:

«Ճիշտն ասած՝ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ բեմ բարձրանալու, որ բենդի հետ նվագեմ, երգեմ ու վերջապես հանգստանամ. վերջին օրերը շատ ակտիվ էին: Պատկերացրեք՝ ուրիշ մարդիկ կարող են մեկ բաժակ գինի խմել ու լիցքաթափվել, իսկ ես սպասում եմ բենդիս հետ ելույթին: Ասեմ, որ այսօրվա համերգն ընդհանրապես չեմ դիտարկում որպես մենահամերգ, քանի որ իմ մենահամերգի համար ես տեսնում եմ շոու, լույսեր եւ մեծ բեմ»,- մեզ հետ զրույցում նշեց Իվետան:

Իվետա Մուկուչյանի ակումբային համերգին


Նրանից հետաքրքրվեցինք, թե երբ է պատրաստվում նաեւ մեծ մենահամերգով հանդես գալ Հայաստանում: Ասաց, որ նման նախագիծը կապված է շատ մեծ ծախսերի հետ, հետեւաբար, փնտրում է այնպիսի գործընկերների, որոնց հետ կկարողանա համագործակցել ու ստանալ այն, ինչ պատկերացնում է.«Գիտեք, մենահամերգի հետ կապված ամեն ինչ պատրաստ է, պարզապես բացի ծախսերից, պետք է լինեն նաեւ ճիշտ մարդիկ, որոնց հետ ես կաշխատեմ, եւ ովքեր կհասկանան՝ ես ինչ եմ անում, ինչ եմ ուզում: Այն, ինչ ես անելու եմ բեմի վրա, գիտեմ, որ դեռ չի եղել Հայաստանում: Եթե մենք այդ մակարդակը չկարողանանք ապահովել, ընդհանրապես անիմաստ կլինի որեւէ բան սկսելը: Ցավոք, նման նախագծերը կապված են մեծ ծախսերի եւ ջանքերի հետ»,- նկատեց երգչուհին:

Համերգային երեկոն սկսվեց Իվետա Մուկուչյանի հեղինակային երգերով եւ համաշխարհային մի քանի հիթերի քավեր կատարումներով: Դիմելով ներկաներին` երգչուհին ասաց.«Գլամուրն ու շոու-բիզնեսը թողնում ենք դրսում եւ լիցքաթափվում ու հանգստանում միասին»: Ծրագրի երկրորդ հատվածում էլ հնչեցին «Դաշտերով» նախագծի հայկական ֆոլկ երգերը, որոնք ներկաներին ստիպեցին կոշիկները հանել ու պարել Իվետայի հետ: Մինչ այդ, սակայն, մեղեդային երգերի շարքն ավարտվեց նրա «Սիրահարվել եմ քեզ» երգի կատարմամբ:

Իվետա Մուկուչյանի ակումբային համերգին


Համերգն ավարտվեց կեսգիշերն անց, երբ շատերը տուն գնալու մտադրություն դեռ չունեին: Շուտով երգչուհին կմեկնի արտերկիր: Մնում է սպասել նրա երեւանյան ակումբային նոր համերգին եւ, ինչո՞ւ չէ, մեծ մենահամերգին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին