×


«Կտեսնենք, թե ով կասի` դու ճիշտ էիր, ես սխալվեցի». Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» մեծ էկրաններին է

«Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողությունից ու մեծ մասամբ դրական արձագանքներից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկարահանել է իր հաջորդ ֆիլմը` «Լյուդվիգ անունով ոզնին», որն այսօրվանից մեծ էկրաններին է: Ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում հաճախ տարբեր հոլովակներ էր տեղադրում նկարահանումների ընթացքից, ինչն է՛լ ավելի էր մեծացնում հետաքրքրությունը սպասվող ֆիլմի նկատմամբ: Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ երեկ` «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ հավաքվել էին գլխավոր դերակատարները, նկարահանող անձնակազմի անդամներն ու բազմաթիվ հյուրեր տարբեր բնագավառներից:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ ֆիլմի դերակատարներն են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Մարինա Մնացականյանը, Գեորգի Հովակիմյանը, Գուրգեն Սարգսյանը, Մարիա Սեյրանյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ այլք: Ֆիլմի սաունդթրեքը հնչում է երգչուհի Սոնա Ռուբենյանի կատարմամբ, երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորումը կատարել են Կարենն ու Սեւակը: Նրանք պրեմիերայի սկզբում բարձրացան բեմ` կրելով խորհրդանշական շապիկներ «Լյուդվիգ անունով ոզնին» գրառմամբ: Ժան Նշանյանն էլ, բեմ չբարձրանալով, կատակեց, թե իր հագով շապիկ չկար: Իսկ երբ լսվեցին առաջին ծափահարությունները, Մհեր Մկրտչյանն էլ իր հերթին կատակեց` լավ է, որ սկզբում ծափահարում են, թե չէ վերջում գուցե էլ չլինեն ծափերը:

Մինչեւ դիտումը լրագրողների հետ զրույցում ռեժիսորն անկեղծացավ, որ շատ է վախենում մարդկանց արձագանքից եւ չգիտի, թե ինչպես կընդունվի ֆիլմը.«Բոլոր այն ռեժիսորները, որոնք մինչեւ ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելը կարող են գնահատական տալ իրենց գործին, կա՛մ խաբում են իրենց, կա՛մ հիմար են, կա՛մ բոլորը միասին: Երբեք նախապես չգիտես՝ սիրվելու է ֆիլմը, թե ոչ, ընդունվելու է, թե ոչ, եւ այո՛, ես հիմա շատ վախենում եմ ու չեմ թաքցնում դա: Այսօր առաջին անգամ հնարավորություն ունեմ ֆիլմը դիտել հանդիսատեսի հետ: Կփորձեմ հասկանալ` որքանով ընդունվեց այն»:

Սոֆի Մխեյանը, Աննա Հեքեքյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Մհեր Մկրտչյանն ասաց, որ նկարահանումները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսին եւ տեւել ընդամենը 20 աշխատանքային օր, որից հետո արդեն սկսվել են մոնտաժային աշխատանքները: Ինչ վերաբերում է ֆիլմի ժանրին, ապա այն կարելի է ներկայացնել որպես ռոմանտիկ կատակերգություն, թեեւ ռեժիսորն այն համարում է տարբեր ժանրերի խառնուրդ.«Երբեք իմ ոչ մի ֆիլմ չեմ կարող վերագրել ինչ-որ ժանրի, որովհետեւ ինչպես կյանքում, այնպես էլ կինոյում, կա ամեն ինչ: Հիմա ես չգիտեմ՝ սա կատակերգություն է, դրամա, ռոմանտիկ կոմեդիա, հեքիաթ... Ինձ հետաքրքիր է, երբ կինոյում ամեն ինչ խառնված է, ժանրը՝ միքս»:

Ռեժիսորն ասաց, որ երբ պատրաստ է եղել ֆիլմի սցենարը, մի շարք գործընկերներ կարծիք են հայտնել, թե հանդիսատեսը կսիրի ֆիլմը, բայց չի գա դիտելու, որովհետեւ դրանում չկան այնպիսի կատակներ, որոնց վրա կարելի է «հռհռալ», չկան այնպիսի վուլգար տեսարաններ, որոնք կարող են հետաքրքրել շատերին: Մհեր Մկրտչյանն էլ ընդգծեց` միշտ անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում.«Հիմա կտեսնենք, թե արդյունքում ով կասի` դու ճիշտ էիր, ես սխալվեցի»,- կեսկատակ նշեց նա:

Լուիզա Ներսիսյանը, Ավետ Բարսեղյանը եւ Դիանա Շատվերյանը


Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, ապա այն կարելի է այսպես ներկայացնել` գլխավոր հերոսը` Արթուրը, 35 տարեկան հաջողակ փաստաբան է: Նրա մտքով անգամ չէր կարող անցնել, որ իր հետագա կյանքը, կարիերան ու անգամ սերը կարող են կախված լինել Լյուդվիգ անունով մի ոզնուց: Վերջինս խորհրդանշում է գլխավոր հերոսների` Արթուրի եւ Կարենի ընկերությունը: Ի դեպ, ֆիլմը նկարահանված է Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի մոտիվներով:

Գլխավոր դերակատարը` Սամվել Թոփալյանը, խոսելով իր կերպարի մասին, ասաց, որ մարմնավորում է ժամանակակից մարդու, ով ընտրել է իր կյանքի ուղին`մի շարք երեւույթների վրա աչք փակելով, դիմացինի խնդիրներին գրեթե հաղորդակից չլինելով, միեւնույն ժամանակ, վերջնականապես չկորցնելով մարդկային դիմագիծը. «Այստեղ ամենակարեւորն ինձ համար այն է, որ ֆիլմը մարդու եւ մարդկային հարաբերությունների մասին է: Վերջերս տեսնում ենք ֆիլմեր, որտեղ գլխավոր դերում մեքենաներ են, շենքեր, տներ, իսկ մարդը չկա: Նման ֆիլմերն ինձ համար արժեք չունեն»:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերային


Կկարողանա՞ արդյոք նոր ֆիլմը կրկնել «Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողությունը, դժվար է ասել, հատկապես որ դրանք միմյանցից շատ տարբեր են ժանրային ու բովանդակային առումով: Մնում է Մհեր Մկրտչյանի հետ սպասել կինոդիտողի արձագանքին:):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին