×


«Մեզ առաջինը կապում է հայրենասիրությունը». Նարե Գեւորգյան

Նարե Գեւորգյանը նոր տեսահոլովակ ունի: Նա BRAVO.am-ին պատմել է երգի ընտրության եւ նկարահանումների մասին, խոսել սպասվելիք համերգներից, ինչպես նաեւ պատասխանել անձնական կյանքին վերաբերող մեր հարցերին:

«Շատ սիրել էի «Մեր Էրգիրը» երգը, մի շարք շրջագայություններից հետո հասկացա, որ իմ կատարումը սիրվել է նաեւ արտերկրում ապրող հայերի կողմից, եւ որոշեցինք, որ այն անպայման պետք է ունենա տեսահոլովակ»,-նշել է երգչուհին եւ հավելել, որ երգը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:



Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում եւ Լիբանանի հայաշատ Անճար քաղաքում.«Սկսեցինք սեպտեմբերին, երբ այնտեղ էինք համերգային այցով: Ի դեպ, Անճարի քաղաքապետը եւս հայ էր ու մեզ շատ օգնեց նկարահանումների հարցում, իսկ մյուս մասը նկարահանեցինք նոյեմբերին՝ Սաղմոսավանքում։ Հետաքրքիրն այն է, որ հոլովակի համար ստեղծել էինք նաեւ 3-րդ կերպարը, որը նկարահանվեց տաղավարում, սակայն հենց տեղում հասկացանք, որ այն ոչ մի կերպ չի համընկնում մյուս տեսարանների հետ, արդյունքում` չներառեցինք»:

Նարեի խոսքով` իր լսարանը մշտապես դրական է արձագանքում այն երգերին, որոնք իսկապես իրենն են.«Դրանք ռազմահայրենասիրական, հայրենասիրական, ազգային երգերն են, իսկ հակառակ դեպքում էլի շնորհակալ եմ, որ ունեմ այնպիսի ունկնդիրներ, որոնք երբեք չեն ստում ու հայտնում է իրենց անկեղծ կարծիքները: Դրանք եւս շատ եմ կարեւորում իմ կայացման գործում, երբեք չեմ նեղսրտում, երբ ասվում է՝ այսինչ երգն իմը չէ: Վերջին աշխատանքի հետ կապված հիմնականում դրական են կարծիքները, ինչի համար շատ ուրախ եմ»:

«Մեր Էրգիրը» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նա նաեւ ավելացրել է.«Հայրենասիրական երգերը ոչ թե հոգեհարազատ են ինձ, այլ դրանք իմ արյան մեջ են: Այդպիսի երգեր մանկուց եմ սկսել լսել եւ սիրել, սակայն մասնակցելով տարբեր նախագծերի` երբեմն ոչ իմ ցանկությամբ երգել եմ երգեր, որոնք այդքան էլ իմը չէին: Այսօր ունեմ պրոդյուսեր, ով մտածում է ինձ պես, եւ ստեղծում ենք աշխատանքներ, որոնցում ես անկեղծ եմ»:

Թեեւ նախընտրում է չխոսել անձնականի մասին, սակայն գաղտնիք չէ, որ իրեն եւ պրոդյուսեր Արման Պետրոսյանին կապում է ոչ միայն համատեղ աշխատանքը, այլ սերը.«Նա ինձ շատ է օգնում, աշխատանքի 90 տոկոսն անում է, եւ ինձ մնում է միայն բարձրանալ բեմ ու երգել: Մեզ առաջինը կապում է հայրենասիրությունը, ուստի երգերի ընտրության հարցում եւս երբեք խնդիրներ չեն առաջացել, ունենք նույն երաժշտական ճաշակն ու մտածում ենք նույն կերպ, տարաձայնություններ չենք ունենում: Չնայած նրան, որ որպես պրոդյուսեր, շատ-շատ պահանջկոտ է ու խիստ, հեշտ է իր հետ աշխատել»։

Նարե Գեւորգյանը՝ սիրելիի՝ պրոդյուսեր Արման Պետրոսյանի հետ


Նարեն ասել է, որ թեեւ շատ է կարեւորում կարիերան, իրեն առաջին հերթին համարում է ընտանիքի մարդ.«Երբ լինեն հստակ նորություններ, գաղտնի չենք պահի, քանի որ դրա իմաստը չեմ տեսնում»:

Անդրադառնալով սպասվելիք ելույթներին՝ երգչուհին նշել է.«Դեկտեմբերի 8-ին համերգային ծրագրով հանդես կգամ Մոսկվայում, դեկտեմբերի 10-ին մասնակցեմ Գյումրիի դրամատիկական թատրոնում կայանալիք համերգին՝ իմ ընկերներ Սարգիս Եղիազարյանի եւ Գեւորգ Սիրեկանյանի հետ, այնուհետեւ կրկին կմեկնեմ Մոսկվա՝ մասնակցելու դեկտեմբերի 16-ին Կրեմլում կայանալիք «Տաշի շոու»-ին: Ամանորին, հավանաբար, կլինեմ Հայաստանում, չնայած՝ գործնական շատ առաջարկներ կան Եվրոպայից եւ Ռուսաստանից, բայց ոչինչ դեռ հստակ չէ: Հունվարին կներկայացնեմ Ներսիկ Իսպիրյանի «Լեռան լանջին» երգի իմ տարբերակը՝ տեսահոլովակով, իսկ գուցե ավելի շուտ իմ հանդիսատեսին ներկայացնեմ հեղափոխական երգերի շարան՝ Գառնիկ Սարգսյանի երգերով»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` երգչուհու արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport