×


«Շենքում իրավիճակ է փոխվել». նոր ներկայացում Բոհեմում

Այո՛, չենք կարող հերքել, որ վերջին ամիսներին քաղաքականությունը դարձել է մեր առօրյան, իսկ քաղաքագիտությունն էլ զգալի մասի երկրորդ «մասնագիտությունը»: Քաղաքականությունը ներխուժել է հումոր, դարձել ներկայացումների ու stand up-երի հիմնական թեման: Արդեն շատ, չափից շատ խոսվեց: Պետք էր անել մի բան, որը եղածներից տարբերվեր, բայց էլի լիներ քաղաքական թեմայով: Այն, որ երկրում իրավիճակ է փոխվել, հասկացանք, հնարավոր ու անհնար բոլոր կողմերից էլ տեսանք բեմին՝ հումորային մեկնաբանությամբ: Բայց այ, որ շենքում է իրավիճակ փոխվել, սա արդեն նորություն է: «Բոհեմ» թատրոնում կայացավ «Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացման պրեմիերան՝ քաղաքական պիես, որտեղ փորձել են զերծ մնալ քաղաքականությունից: Գլխավոր դերում է Նարեկ Դուրյանը, իսկ սցենարը հեղինակել են դերասանի նախկին ուսանողները՝ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Արտակ Մանուկյան, Ռաֆի Թադեւոսյանը:

«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացման պրեմիերային


«Գոռալ-ճվալ, ինչո՞ւ ոչ, բայց, ախր, դա իմ գործը չէ»

Մինչ դահլիճ տեղափոխվելը, նախ հետնաբեմի տրամադրության ու դերասանների տրամադրվածության մասին.

«Իմ նախկին ուսանողներն անպայման ուզում էին գրել վերջին ամիսների իրադարձությունների մասին, ես էլ համաձայնեցի: Համաձայնեցի, որովհետեւ նրանք ցանկացան գրել մարդկանց մասին. դա հետաքրքիր էր: Անունն էլ պատահական չէ ընտրված՝ ոչ թե երկրում, այլ շենքում է իրավիճակ փոխվել: Նույն շենքի տարբեր բնակիչներն այդ իրադարձություններն ընկալում ու ընդունում են տարբեր ձեւով: Մեր ցանկությունն էր նկարագրել մարդկանց իրավիճակը հեղափոխության ժամանակ: Թե չէ քաղաքական ու հատկապես երկրի փոխված իրավիճակի մասին ներկայացումներ շատ կան. շեփորը փչելով` էս կողմ-էն կողմ են անում: Քննարկեցինք, առանց դիկտատուրայի համաձայնության եկա: Սա իմ առաջին ներկայացումն է, որը ես, կոպիտ ասած, ուրիշի մոտ եմ խաղում»,- նշեց Նարեկ Դուրյանը՝ ավելացնելով, որ արվեստագետը միշտ պետք է օբյեկտիվ լինի, սուբյեկտիվիզմը նրան տապալում է.«Ցավոք, այսօր, իհարկե, ոչ միայն Հայաստանում, թե՛ ավեստագետներն, ու թե՛ լրագրողներն անընդհատ կողմ են փորձում գտնել: Դու բեմից քո կարծիքն ասա, թող 300 հոգին, որոնք քեզ լսում են, մտածեն: Մենք քարոզողներ չենք՝ ասում ենք այն, ինչը կա: Ներկայացումում էլ իմ կերպարն ասում է` եթե ուզում ես սոված չլինել, շուրջդ սոված մարդ պետք է չլինի. երբ քեզ շրջապատողները սոված չեն, քո գողացածը նրանց աչքը չի ծակում: Գնալ գոռալ-ճվալ, ինչո՞ւ ոչ, բայց, ախր դա իմ գործը չէ: Իմ գործը բեմից խոսելն է, դա է իմ մասնագիտությունը: Ես հիմա բեմից կասեմ, դուք էլ դահլիճում նստած կհամաձայնեք, չէ՝ կվիճենք, բայց առանց իրար վիրավորելու»:

«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացման պրեմիերային


Սցենարի հեղինակներից Գարիկ Միրզոյանն էլ, խոսելով ներկայացման մասին, նշեց, որ չնայած քաղաքական է պիեսը, ամեն դեպքում, փորձել են զերծ մնալ քաղաքականությունից.«Երբ հեղափոխությունը հաջողություն ունեցավ, բոլորս գիտեինք, որ ծնվելու էին ներկայացումներ, ֆիլմեր: Որոշեցինք, այսպես ասած, այդ ծնողներից մեկն էլ մենք լինել: Բայց այն պետք է տարբերվեր: Ընտրեցինք փոքրիկ տարածքը՝ շենքը: Հավաքեցինք, գրեցինք, միացրինք իրար, ու ստացվեց այս ներկայացումը: Ամեն իրավիճակ ծնում է մարդկային նոր հարաբերություններ, եւ մենք էլ շեշտը դրեցինք հենց այդ հարաբերությունների վրա: Քաղաքական պիես է, բայց փորձել ենք քաղաքականությունից զերծ մնալ»:

«Դուք գողանում եք մարդկանց ինտելեկտն ու մակարդակը»

Մի շենք, լիքը բնակիչներ, նույնքան էլ շատ բնավորություններ ու հարաբերություններ: Նարեկ Դուրյանի մարմնավորած կերպարը տնից փախչում, հայտնվում ուրիշի պատշգամբում ու ականատես լինում այնպիսի բաների, որոնք նրան մտածելու ու տխրելու առիթներ են տալիս:

«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացման պրեմիերային


«Այո՛, թող նկարեն սերյալներ, բայց գոնե ցույց չտան»,- նեղսրտում է տարեց Սեթոն՝ ցավով նկատելով, որ դրանք գողանում են մարդկանց, հատկապես տպավորվող երեխաների ինտելեկտն ու մակարդակը: Պտտվելով շենքի պատշգամբներով` Սեթոն հայտնվում է տարօրինակ ու ծիծաղելի իրավիճակներում, բայց չի մոռանում փիլիսոփայել՝ զուգահեռներ անցկացնելով ամենահին երեք մասնագիտությունների միջեւ.«Ինչքան մարմնավաճառ կա, դերասանություն անելով, քաղաքականությամբ է զբաղվում»:

Հումորն այստեղ ինտելեկտուալ է. ներկայացումից դուրս ես գալիս, կանգնում թատրոնի դռան մոտ ու հիշում արված հումորները, հասկանում խորությունը: Ամեն ինչ խորն էր, բարձրացված խնդիրները` ցավոտ, իսկ բեմի կերպարների մեջ տեսնում ենք մեզնից յուրաքանչյուրին, մեր հարեւանին ու անգամ ներկայացման ժամանակ կողքիդ նստածին:

Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport