×


«Վաճառող, մատուցող, առաքիչ եմ եղել». «Էլենի օրագրից» Միկա Ղափլանյանի կյանքը` մինչ սերիալում նկարահանվելը

Միկա Ղափլանյանի համար մանկության երազանք չի եղել դերասան դառնալը, սակայն ամեն բան ժամանակի ընթացքում փոխվել է: «Էլենի օրագիրը» սերիալում Զորիի դերակատարը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում խոսել է դերասանի մասնագիտության, նախկինում կատարած ամենատարբեր աշխատանքների, սերիալային գործընկերների եւ անձնականը չհանրայնացնելու պատճառի մասին:

«Թատերականի առաջին կուրսից դուրս եկա»
Պատանեկության տարիներին մեծ հետաքրքրություն առաջացավ դեպի դերասանի մասնագիտությունը եւ, կարելի է ասել, բախտի բերմամբ հայտնվեցի «Աբելյան» արվեստի դպրոցում, որից հետո հետաքրքրությունս ավելի մեծացավ: Սկսեցի ավելի շատ սովորել, որովհետեւ կարծում եմ՝ աշխարհի ամենադժվար մասնագիտություններից մեկն է, ինչն ինձ շատ դուր է գալիս: Ստուդիայից հետո ընդունվել եմ Թատերական ինստիտուտ, բայց առաջին կուրսից դուրս եմ եկել որոշ խնդիրների պատճառով: Դա ինձ չխանգարեց զբաղվել այս աշխատանքով, որովհետեւ երբ ինչ-որ բան սկսում ես, ամեն գնով պետք է աշխատես չկորցնել այն, ինչ ունես:

Միկա Ղափլանյանը


«Չէի սպասում…»
Մինչ «Էլենի օրագիրը» սերիալում նկարահանվելը, ստուդիայում սովորելու տարիներին մի սերիալում եմ խաղացել, որից հետո՝ «Սահմանին 2» ֆիլմում: Գիտեի, որ «Էլենի օրագիրը» մեծ լսարան ունի եւ այսօրվա ամենառեյտինգային սերիալներից է, սպասում էի մեծ արձագանքի, բայց ոչ այսքան շատ: Միշտ հիշում եմ, թե մի անծանոթ տղա ինչպես ավտոմեքենան կանգնեցրեց, իջավ, ինձ բարեւեց եւ գնաց: Դրական էմոցիաները շատ են:

«Տարբեր աշխատանքներ եմ արել»
Մինչ նկարահանումները զբաղվել եմ ֆուտբոլով եւ աշխատել խանութում որպես վաճառող, նաեւ մատուցող եմ եղել, առաքիչ: Գրեթե ամեն բան արել եմ եւ կյանքում չեմ մտածել, որ այդ ամենը կարող է էլ չանեմ: Ուղղակի կարծում եմ, որ պետք է ինչքան հնարավոր է առաջ գնալ:

Միկա Ղափլանյանը


Բացահայտում
Նախասիրություններիցս մեկը ֆիլմեր դիտելն է, վերջերս սկսել եմ նաեւ արտասահմանյան սերիալներին հետեւել, որից հետո ընկերներիս հետ հետաքրքիր բանավեճեր ենք ունենում: Ազատ ժամանակս նաեւ գրքեր կարդալով եմ լրացնում, վերջերս ավարտեցի Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպը, որը շատ եմ հավանել: Այն ինձ համար բացահայտում էր:

«Ամենալավը խաղում է Մուրադ Նադիրյանը»
Սերիալային բոլոր գործընկերներիս հետ էլ մտերիմ եմ, հաճախ ենք միասին քաղաքից դուրս գնում, խնջույքներ կազմակերպում, մաֆիա խաղում: Բայց կասեմ, որ ամենալավը խաղում է Մուրադ Նադիրյանը: Մյուսներն ինձ կհասկանան:

Միկա Ղափլանյանը


«Այդ դեպքում գործդ դժվարանում է»
Զորիի կերպարն ինձ հետ նմանություններ ունի, բայց կարող է այնպիսի բաներ անել, որոնք ես կյանքում չեմ անի: Ինձ դուր է գալիս, երբ կերպարիդ հետ հակասական բան ես նկատում, գործդ դժվարանում է, ավելի հետաքրքիր եւ ոգեւորված ես աշխատում:

Անձնականի մասին
Մտածում եմ` դժվար ինչ-որ մեկին հետաքրքրի իմ անձնական կյանքը, իսկ ինչ վերաբերում է գործընկերներիս հետ սիրային հարաբերություններ վերագրելուն, դա էլ է անձնական, եւ հրապարակավ կհրաժարվեմ խոսել այդ մասին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport