Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանը կվերածվի հումորի մայրաքաղաքի: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կանցկացվի «Comedy Club» փառատոնը, որը կառանձնանա բազմաթիվ անակնկալներով ու նորություններով:
Փառատոն անցկացնելու նպատակով համագործակցում են Comedy Club Production-ը եւ «Տաշիր» ընկերությունների խումբը: Նրանք այս միջոցառմամբ կշնորհավորեն Երեւանին 2800-ամյակի կապակցությամբ:
Փառատոնին կմասնակցեն նախագծի բոլոր ռեզիդենտները, շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության եւ կինոյի աստղեր: Փառատոնի գործընկերներն են նաեւ «Ֆորա Բանկ» բաժնետիրական առեւտրային բանկը, «ՌԻՈ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնների ցանցը, «ՍինեմաՍթար» կինոթատրոնների ցանցը:
Միջոցառման գլխավոր իրադարձությունը Գարիկ Մարտիրոսյանի վերադարձն է։ Նա կրկին բեմ կբարձրանա եւ Պավել Վոլյայի հետ կշփվի հանդիսատեսի հետ։ Ինչպես արդեն նշեցինք, «Comedy Club»-ը Հայաստան է գալու ամբողջական կազմով: Այստեղ ելույթ կունենան Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեւան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Люсёк» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեւ» եռյակը, Դմիտրի Գրաչովը եւ այլք։
Հատկանշական է, որ միջոցառումը կկայանա Երեւանի համար հոբելյանական տարում: Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Comedy Club փառատոնն իր ուրախ նոտան կավելացնի քաղաքի եւ նրա բնակիչների մեծ տոնին:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կայանալիք Comedy Club փառատոնին «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես եկավ որպես գլխավոր գործընկեր: Հուսով եմ, որ այս միջոցառումը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր երկարատեւ եւ բեղմնավոր համագործակցության ճանապարհին»,- նշել է Comedy Club Production-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Լեւինը:
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնաթյանն էլ շեշտել է, որ գործընկերներին միշտ ընտրում են հուսալիության սկզբունքով. «Մեծ հարգանքով ենք վերաբերվում Comedy Club Production-ի՝ հենց Հայաստանում նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությանը: Վստահ եմ, որ Երեւանում կայանալիք փառատոնը կդառնա քաղաքի 2800-ամյա հոբելյանի գլխավոր նվերներից մեկը եւ դրական զգացողություններ կպարգեւի ոչ միայն հայաստանցիներին, այլեւ ողջ աշխարհի հանդիսատեսին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: