×


«Creative Armenia»-ի 1-ամյակի շնորհանդեսը, հյուրերն ու Սերժ Թանկյանի անելիքը

«Creative Armenia» մշակութային հիմնադրամն առաջին տարեդարձն է տոնում: Ազգային պատկերասրահում 1-ամյա հոբելյանին նվիրված շնորհանդեսին երեկ ներկա էին Creative Armenia-ի հիմնադիր խորհրդի անդամներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, նաեւ նոր կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպաններ, մշակութային գործիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Շահույթ չհետապնդող այս հիմնադրամը ստեղծվել է ճանապարհ հարթելու անհատ արվեստագետներին: Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը նշում է՝ կազմակերպոււթյունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր մշակույթի ոլորտում ասելիք ունեն:


Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կնոջ՝ Անժելայի հետ ճիշտ ժամանակին միջոցառման վայրում էր, նա ոչ թե հյուրի, այլ «տանտիրոջ» կարգավիճակով հիմնադիրների հետ ողջունում էր ժամանող հյուրերին, պատասխանում լրագրողների հարցերին։ Թանկյանը վստահ է՝ առանց մշակութային զարգացման Հայաստանում խաղաղ հեղափոխությունը հնարավոր չէր լինի. ««Creative Armenia»-ն համախմբում է երիտասարդական ներուժն ու փորձում բացահայտել, զարգացնել երաժիշտների տաղանդը: Այսինքն՝ սկսում ենք արվեստի հեղափոխություն։ Ինձ հետ կապված կարող եմ ասել՝ մի քանի ֆիլմի գաղափար կա, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- իր անելիքների մասին պատմեց երաժիշտը:

Կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը Հայաստանում է՝ հիմնադրամի տարեդարձի առիթով. «Կարծում եմ՝ հիմնադրամը վերջ կդնի արվեստի տարբեր ճյուղերում առկա մենաշնորհներին։ Կօգնենք ոչ թե դրսում արդեն համբավ ունեցող մարդկանց, այլ երիտասարդներին կփորձենք դուրս բերել միջազգային հարթակներ»:

Փակ արարողության ընթացքում արդեն մեկ տարի գործող Creative Armenia-ի թիմի անդամները հյուրերին ներկայացրին առ այսօր արված աշխատանքն ու առաջիկայում սպասվող համագործակցությունը՝ Մշակույթի նախարարության և ՀԲԸՄ-ի հետ: Այս տարվա նորարարներին փնտրում են ՀԲԸՄ-ի հետ։


«Ստեղծարար Հայաստան»-ի հիմնադիր, տնօրեն Կարին Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանում բոլոր ժամանակներում արվեստագետը խնդիր է ունեցել և միայն գումար հատկացնելով հարցին լուծում չի տրվում. «Այսպիսի հիմնադրամներով, պետական աջակցությամբ միայն հայ արվեստը կարող է ճանաչելի լինել ամբողջ աշխարհում: Մի խումբ արվեստագետների՝ Արսինե Խանջյանի, Էրիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Մայքլ Արամի և այլոց հետ ընդունել ենք այդ նպատակը: Արվեստագետին պետք է օգնենք ոչ միայն ֆինանսապես, այլեւ ամբողջական փաթեթով՝ մարկետինգային պլանից մինչեւ նոր տեխնոլոգիաների կիրառման դասեր, որ կայանան եւ հասնեն աշխարհի բեմեր։ Մի քանի ամսից կսկսենք նոր մշակութային ծրագիր ու նախագիծ, մենք ծրագրերով ենք աշխատում, ոչ թե ծանոթով ու մարդկային գործոնով։ Ուզում ենք, որ հայկական ֆիլմերը ստանան մրցանակներ միջազգային կինոփառատոներին, բայց նաեւ հաջողություն ունենան կոմերցիոն շուկայում, մենք ուզում ենք մեր երաժշտությունը լսել աշխարհի բարձր բեմերից, բայց նաեւ նկուղներում, փաբերում, ուզում ենք, որ աշխարհը ճանաչի Հայաստանը որպես փոքր, բայց հզոր ու ստեղծարար երկիր»։

Նիկոլ Փաշինյանն իր ելութում շեշտեց՝ յուրաքանչյուր երեւույթի ամենակարևոր կողմը մշակութայինն է. «Քաղաքական այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին։ Ըստ էության՝ քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթը՝ ընդդեմ սիրո մշակույթի: Եվ սիրո մշակույթը հաղթեց։ Ուրախ եմ, որ Հայաստանում շատերն են կարծում, որ սիրո մշակույթը բավարար չափով ուժեղ է, եւ բռնության մշակույթը պարտվել է ու դրան այլեւս վերադարձ չի լինելու»։

Ի դեպ, «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամն արդեն մի քանի նոր արտիստների բացահայտել է: Նրանցից մեկը Մարիամ Պետրոսյանն է, որը նվագեց ու կատարեց իր հեղինակային «Here I come» երգը, որով հաղթել է Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերը։  


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport