×


«Freud». Սարգիս Գրիգորյանը նոր ձեւաչափի սերիալ է նկարահանում

Դերասան Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ շուտով նոր նախագիծ է մեկնարկելու, որում նա հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլեւ որպես սցենարի հեղինակ: Նրա մտահղացմամբ նոր սերիալ է նկարահանվում, որը եթեր է հեռարձակվելու ոչ թե հեռուստատեսությամբ, այլ ինստագրամյան էջով: Մեկ րոպե տեւողությամբ սերիաները կցուցադրվեն շաբաթը հինգ օր եւ ամեն անգամ կներկայացնեն նոր միտք ու բովանդակություն: Հոգեբանական մոտիվներով նախագիծը կոչվում է «Ֆրեյդ», որի մանրամասները BRAVO.am-ը պարզել է Սարգիս Գրիգորյանից եւ դերասանուհի Լիլիթ Գալստյանից:

«Նախագիծը փորձարարական է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ հեռախոսներում ավելի շատ ժամանակ են անցկացնում, եւ որ նման բան երբեւէ չի արվել, փորձեցինք ինստագրամյան սերիալ նկարահանել: Ամեն սերիա ունի սկիզբ, գործողություն եւ ավարտ: Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ հետաքրքրությամբ սպասեն հաջորդ սերիային: Ասեմ, որ նախագիծը սիրային թեմայով չէ, եւ մարդկանց փոքր-ինչ խորհելու տեղիք է տալու: Հիմա չեմ կարող ասել՝ ինչքանով կստացվի, բայց կարծում եմ՝ կարելի է փորձել: Մասնակցում է լավ թիմ, սցենարն էլ նախօրոք մտածված է, այլ ոչ թե տվյալ պահին հորինված: Ես շատ լուրջ եմ վերաբերվում նախագծին»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:

«Ֆրեյդ» սերիալի նկարահանումներին


Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ միտք կա՞ հետագայում նախագիծը ցուցադրել նաեւ հեռուստատեսությամբ, սակայն նա ասաց, որ այդպիսի նպատակ չունեն.«Հեռուստատեսությունով թող հեռուստատեսության մարդիկ զբաղվեն: Կարծում եմ՝ հիմա բոլորը փոփոխությունների եւ ավելի արագ ինֆորմացիայի կարիք ունեն, ես էլ փորձեցի նոր բան մտածել այդ առումով: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Նա ասաց, որ արդեն 20 սերիա հասցրել են նկարահանել եւ նախագծի մեկնարկը նախատեսում են սեպտեմբերին: Դերասանի խոսքով՝ «Ֆրեյդը» կցուցադրվի իր ինստագրամյան էջով, բայց հնարավոր է՝ հետագայում ունենա իր առանձին էջը: Վստահեցրեց՝ այս անգամ հեռուստադիտողը նոր Սարգիս Գրիգորյան է տեսնելու՝ լրիվ այլ ոճում ու մի քիչ խելառ.«Այն գողական տղային էլ չեն տեսնելու:)»:

«Ֆրեյդ» սերիալի նկարահանումներին


Մյուս դերերում հանդես են գալու Լիլիթ Գալստյանը, Լուիզա Մելքոնյանը, Հովհաննես Հաջինյանը, Գագիկ Սուքիասյանը, Սարգսի աղջիկը՝ Յանա Գրիգորյանը, եւ այլք.«Գիտեք, կարող է քիչ դիտումներ ունենալ, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Կարեւորը՝ փորձենք մեկ րոպեի ընթացքում հետաքրքիր ու գաղափարական ինչ-որ բան ցուցադրել մարդկանց»,- նկատեց Սարգիսը:

Լիլիթ Գալստյանը, ով ֆիլմում հանդես է գալիս ոստիկանի կերպարով, պատմեց, որ հաճախ նկարահանումները մի ամբողջ օր են տեւում, թեեւ այդ ամենի արդյունքում ստացվում է միայն մեկ րոպեանոց թողարկում: Ասաց` Սարգիսը լրջորեն պատրաստվել է մինչ նկարահանումների մեկնարկը, եւ հիմա ուշադրություն է դարձնում ամեն մի մանրուքի, ամեն բան անում է ըստ նախօրոք պլանավորած ժամի եւ նախատեսված սցենարի.«Երբ պատմեց, թե ինչ է ցանկանում անել, իսկապես հետաքրքրեց միտքը եւ շահագրգռեց մեծ հաճույքով նկարահանվել սերիալում: Այն երկիմաստ է լինելու, եւ ամեն հեռուստադիտող յուրովի կընկալի տողատակերը: Համոզված եմ` շատ հետաքրքիր է լինելու»,- եզրափակեց դերասանուհին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Գալստյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին