×


«Milan Fashion Week»-ի ամենավառ ցուցադրությունները

Մինչ մենք զգում ենք գարնան շունչն ու պատրաստվում նշել գարնանային տոները, Միլանում ավարտվեց նորաձեւության շաբաթը, որի շրջանակում ներկայացվեցին առաջիկա աշնան եւ ձմեռվա թրենդները: Դրանցից մենք կօգտվենք դեռ ոչ շուտ, սակայն տեղին է անդրադառնալ Միլանում տեղի ունեցած մեծ իրադարձությունը:

«Milan Fashion Week»-ը նորաձեւության շաբաթների, այսպես կոչված, Մեծ քառյակում անցկացման ժամանակահատվածով երրորդ մեծ իրադարձությունն է (Մեծ քառյակի մեջ են մտնում նաեւ Նյու Յորքը, Լոնդոնը, Փարիզը,-հեղ.): Միլանի նորաձեւության շաբաթվա կազմակերպչի դերը ստանձնել է Իտալիայի նորաձեւության ազգային պալատը, որի պատվավոր նախագահն է Մարիո Բոզելլին: Նշենք, որ Միլանի նորաձեւության շաբաթը սկիզբ է առել 1979 թվականին, եւ ready-to-wear սեզոնային ցուցադրություններն անցկացվում են տարին երկու անգամ:

Max Mara-ի ցուցադրությանը


«Milan Fashion Week»-ի շրջանակում իրենց աշուն-ձմեռ 2018/2019 հավաքածուներն են ներկայացրել հանրաճանաչ մի շարք ապրանքանիշեր, մասնավորապես` Gucci, Prada, Versace, Max Mara, Dolce&Gabbana, Moschino, Tod's, Emilio Pucci, Giorgio Armani, Salvatore Ferragamo, Fendi, Roberto Cavalli, Marni, Missoni եւ այլն: Հայտնի մոդելների շարքում կարելի էր նկատել Նատալյա Վոդյանովային, Կայու Գերբերին, Վինի Հարլոուին, Էդի Քեմբելին, Ջիջի Հադիդին եւ այլոց:

Աշուն-ձմեռ 2018/2019 հավաքածուներում դիզայներների մեծ մասն անդրադարձ է կատարել անցյալ դարի 80–ական թվականներին՝ ոգեշնչված այդ հարյուրամյակի տարբեր իրադարձություններով: Վստահորեն կարելի է նշել, որ այս տարվա աշնանը եւ ձմռանը նորաձեւ են լինելու կաշվե թրենչ-վերարկուները, լայն ուսերը, մեծ գոտիները, ինչպես նաեւ վանդակավոր եւ կենդանիների պրինտերը:

Իսկ ինչ վերաբերում է ցուցադրություններին, որոնք վերջին ժամանակներս չեն դադարում զարմացնել բոլորին իրենց կրեատիվությամբ, մենք առանձնացրել ենք ամենատպավորիչ երեքը:

Gucci-ի ցուցադրությանը


Gucci
Milan Fashion Week-ի մեկնարկը տրվեց Gucci բրենդի ցուցադրությամբ: Դիզայներ Ալեսանդրո Միկելեն ցուցադրության տարածքը ժամանակավոր վերածել էր հիվանդանոցի`  վիրահատության սեղան, հակահրդեհային դռներ, պլաստիկից աթոռներ, վառ լապտերներ եւ հիվանդանոցային կանաչակապտավուն պատեր: Մոդելները քայլել են` ձեռքներին արհեստական վիշապներ եւ օձեր, իսկ ոմանք էլ` պայուսակի փոխարեն իրենց դեմքով գլուխներ: Մեզ համար այս անսովոր ցուցադրությանը դիզայներ Ալեսանդրո Միկելեն տվել է շատ պարզ եւ մատչելի բացատրություն. «Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի բժիշկ Ֆրանկենշտեյնն է, իսկ այն, ինչ անում եմ, ունի բժշկական բացատրություն: Ես ուզում եմ ցույց տալ այն լաբորատորիան, որն իմ գլխում է: Փաստացի, սա վիրաբույժի աշխատանք է»:

Moschino-ի ցուցադրությանը


Moschino
Moschino բրենդի ցուցադրությունը մեզ տանում է դեպի Ամերիկայի նախորդ դարի կեսեր, երբ ամենաճանաչված եւ ամենաքննարկվող կերպարների շարքին էին դասվում կինոդերասանուհի եւ մոդել, սեքս-խորհրդանիշ Մերլին Մոնրոն եւ ԱՄՆ առաջին տիկին Ժաքլին Քենեդին:

Moschino-ի հավաքածուում հստակ ուրվագծվում է այդ երկու կանանց ոճը. դասական կոստյումներ, զգեստ-ֆուտլյարներ եւ հաբ-գլխակներ՝ համակցված Ջեքիի ոճին, եւ ընդգծող զգեստներ փայլերով եւ փուլերով՝ համադրված Մոնրոյի ոճի երկար ձեռնոցներով: Իսկ այդ ամենը ներկայացված էին Moschino-ին բնորոշ վարդագույն, նարնջագույն, մանուշակագույն, դեղին եւ կանաչ վառ գույներով: Բայց այս անգամ այս գույներով ներկված էին նաեւ մոդելները, որոնք հիշեցնում էին այլմոլորակայինների: 

Dolce and Gabbana-ի ցուցադրությանը


Dolce&Gabbana

Նորաձեւության մարաթոնը փակեց Dolce&Gabbana նորաձեւության տան ցուցադրությունը: Դիզայներները պոդիումը պատրաստել էին բարոկկո ոճով, ինչպես Պալերմոյի Oratorio di Santa Cita եկեղեցու շքամուտքը, իսկ ցուցադրությունը սկսվեց ոչ թե մոդելների ավանդական երթով, այլ Dolce&Gabbana բրենդային նոր պայուսակների ցուցադրությամբ` անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Այս անգամ դիզայներներ Դոմինիկո Դոլչեյի և Ստեֆանո Գաբբանայի ոգեշնչման առարկան կաթոլիկ եկեղեցին էր` իր ատրիբուտներով: Գրեթե ամեն կերպարի մեջ դիզայներները փորձել էին ավելացնել աքսեսուարներ կամ պրինտեր՝ հիշեցնելով եկեղեցական ծառայողների հագուստների դետալները. խաչով խոշոր շղթաներ եւ ականջօղեր, Վերածննդի դարաշրջանի հանճարեղ նկարիչների գործերը հիշեցնող պրինտեր: Ընդհանուր առմամբ հավաքածուն շատ պայծառ ու բազմազան էր. տեղ էին գտել շիֆոնե զգեստները, այս տարի տրենդային տաբատ-կոստյումները, ինչպես նաեւ սպորտային լուքերը:

Պատրաստեց Ռուզաննա Մարտիրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ fashionweek.ua

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport