×


«Parov Stelar» բենդի երեւանյան համերգը՝ տարվա լավագույն մեգափարթի

«Silk Note» երաժշտական փառատոնը, որի մեկնարկը նոյեմբերի 6-ին էր՝ «Jamiroquai» խմբի մենահամերգով, շարունակում է իր ընթացքը՝ այս անգամ ներկայացնելով հանրահայտ «The Parov Stelar Band»-ի երեւանյան համերգը: Նոյեմբերի 8-ին խմբի գլխավորությամբ իսկական մեգափարթի էր կազմակերպվել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգային երեկոյի սկզբում եւ ավարտին նաեւ հայտնի դիջեյներ նվագեցին: Օրվա գլխավոր հեդլայները՝ «The Parov Stelar» բենդը, առաջին անգամ էր ժամանել Հայաստան, ինչի առթիվ ուրախ ու ոգեւորված էին ոչ միայն հայ երաժշտասերները, այլեւ խմբի անդամները, ինչպես խոստովանեցին համերգի ընթացքում: Միջոցառման ընթացքին հետեւել եւ լուսանկարել է BRAVO.am-ը:

«The Parov Stelar Band»-ի համերգը Երեւանում


«Parov Stelar»-ի համերգները սպասված են ամբողջ աշխարհում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստաշոուների եւ գովազդների սաունդթրեքեր են: Նրանք էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի ամենահայտնի ու հաջողակ արտիստներն են, որոնք ելույթ են ունեցել եվրոպական ու ամերիկյան ամենամեծ բեմերում եւ ամենահայտնի կատարողների հետ՝ Թոնի Բենեթ, Լեդի Գագա, Լանա Դել Ռեյ, Լուկաս Գրեհեմ, Մարվին Գեյ, Բրայան Ֆերիի, Klingande եւ այլք: Այնպես որ, պատահական չէր Մարզահամերգային համալիրում բազմաթիվ արտասահմանցի հյուրերի առկայությունը: Նրանք էլ հայ հանդիսատեսի հետ եկել էին վայելելու սիրելի խմբի ամենաուրախ ռիթմերը:

Ովքեր ծանոթ են «Parov Stelar» բենդի գործունեությանը, կիմանան, որ նրանց երգերը լսելիս հնարավոր չէ տեղում կանգնել ու չպարել: Այդպես էլ եղավ երեկ, երբ գրեթե երկու ժամ հանդիսատեսն առանց դադարի պարեց ու երգեց խմբի անդամների հետ:

«The Parov Stelar Band»-ի համերգը Երեւանում


«Մենք այստեղ ենք եկել բազմաթիվ անակնկալներով: Եվ հիմա այս տղան ցույց կտա, թե ինչ կարող է անել, իսկ նա կարողանում է ամեն ինչ»,- իր ելույթի ժամանակ նշեց խմբի վոկալիստ Ելենա Կարաֆիզին, ով, ի դեպ, բենդի նոր անդամներից է: Նրա խոսքը վերաբերում էր թմբկահար Վիլլի Լարսոն կրտսերին, ով այդ պահին ներկաներին զարմացրեց նաեւ շրթհարմոն նվագելու իր վարպետությամբ: Իհարկե, անակնկալներն այդքանով չսահմանափակվեցին. առջեւում դեռ հին ու նոր լավագույն երգերն էին:

«The Parov Stelar Band»-ի համերգը Երեւանում


Հանդիսատեսին ուրախացրեց նաեւ այն, որ բենդի հետ Հայաստան էր ժամանել նաեւ վոկալիստ Անդուզեն, ով իր կատարումներով բարձր տրամադրություն պարգեւեց ոչ միայն համերգի սկզբում, այլեւ ավարտին, երբ խումբը հանդես էր գալիս բիսերով: Վերջում նա նույնիսկ անկեղծացավ եւ դիմելով հանդիսատեսին ու մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով՝ ասաց.«Ես երկար տարիներ է՝ ապրում եմ Կալիֆորնիայում եւ այնտեղ շատ հայ ընկերներ ունեմ, լավ ընկերներ՝ ամբողջ կյանքի համար: Չեմ կատակում այդ առիթով: Նրանք իսկապես շատ լավ մարդիկ են, ովքեր ինձ միշտ պատմել են այս երկրի մասին: Այնպես որ, ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու առթիվ, եւ մենք բոլորս ենք ուրախ»:

«The Parov Stelar Band»-ի համերգը Երեւանում


«Parov Stelar» բենդի ելույթից հետո էլ հանդիսատեսը չէր շտապում տուն գնալ: Նրանց մեծ մասը մնաց համերգային դահլիճում՝ եւս մի քանի ժամ պարելու դիջեյ Supacooks-ի պարային սեթերի ներքո: Չէ՞ որ օրն էլ ուրբաթ էր՝ երեկոն լիարժեք վայելելու իսկական առիթ:

Համերգների շարքը նախաձեռնել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը եւ «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին