×


««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր

Մեծն Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը» մեծ հետաքրքրություն առաջացրեց. «Ֆրանսիական բանակի երգչախմբի» մենակատարներից Ժերեմի Դելվերն իր այս կատարմամբ կարողացավ գերել հայերի սրտերը, նրան գովեստի եւ երախտագիտության խոսքեր են հղում հայեր` աշխարհի տարբեր երկրներից։ Ֆրանսիացի երգիչը BRAVO.am-ի Փարիզի թղթակցի հետ զրույցում պատմեց իր ստացած բազմաթիվ նամակների, հայտնի կատարման եւ, իհարկե, երգի ընտրության մասին։

- Առաջին անգամ էիք հայերեն երգում: Դժվարության հանդիպեցի՞ք ելույթին պատրաստվելիս:
- Այս երգի կատարումը դյուրին էր, քանի որ այն ինձ շատ է դուր եկել` գեղեցիկ երաժշտություն, մեղեդայնություն եւ հրաշալի պատմություն է ներկայացված։ Գուցե սխալվում եմ, բայց ինձ համար այս երգի մեջ ընդգրկված է սփյուռքի ամբողջ սերը դեպի հայրենիք: Ճիշտ է` ներկայացված է սիրած էակի հանդեպ սերը, բայց ինձ համար այս երգը խորհրդանշում է նաեւ Հայաստանի նկատմամբ սերը։ Այս պոեմի երկրորդ մասում ես այդ զգացումն ունեցա։ Հուսով եմ` մի օր առիթ կունենամ ծանոթանալ այս հրաշալի երգի հեղինակի հետ։

Ղեկավարս զանգահարեց եւ հարցրեց` արդյոք պատրաստ եմ հայերենով երգել Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ, ես էլ միանգամից համաձայնեցի։ Առաջին անգամ լսեցի այդ երգը եւ շատ հավանեցի. այն պարզապես հրաշալի է:

Բառերի ճիշտ արտասանության համար ինձ օգնեցին Արմեն Շմավոնյանը եւ Ժիլդա Գեղամյանը։ Երգիչները սովոր են օտար լեզուներով երգելուն, սակայն այս դեպքում շատ կարճ ժամանակ ունեի, եւ հայերենը բավական բարդ լեզու է: Շատ ուրախ եմ, որ կատարումս դուր է եկել հատկապես հայերին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ասացին, որ հայերենս պատշաճ էր, քանի որ այդքան դժվար լեզուն շատ կարճ ժամանակահատվածում հաղթահարելը «մարտահրավեր» էր ինձ համար։

- Ո՞վ էր կատարել երգի ընտրությունը։
- Մեր խմբավար Օղող Թիյակն էր ընտրել այս երգը, իհարկե` Ելիսեյան պալատը հաստատել էր ընտրությունը։ Մեր ղեկավարը բազմաժանր ու բազմազգ երգերի գիտակ է, նա շատ հարուստ պաշար ունի։ Նրա հետ մեր երգչախումբը բացահայտում է տարբեր երկրների երաժշտություն։ Ես կարծում էի, թե այս բալլադը շատ հայտնի է Հայաստանում, բայց պարզեցի, որ շատերն այն նոր են բացահայտում: Շատ ուրախ եմ հեղինակի համար, քանի որ նման գեղեցիկ երաժշտությունը պետք է հայտնի դառնա։

Ժերեմի Դելվերը


- Կանխազգո՞ւմ էիք, արդյոք, որ հաջողություն կունենաք հայերի շրջանում:
- Սկզբում երգի տեսագրությունը դրեցի իմ ֆեյսբուքյան էջում` պարզապես իմ եւ գործընկերներիս աշխատանքը ցույց տալու եւ գեղեցիկ հիշողության համար, չէի սպասում, որ այն այդքան մեծ արձագանք կգտնի հայերի շրջանում։ Սկզբում նույնիսկ չհասկացա, թե ինչ է կատարվում. սկսեցի բազմաթիվ նամակներ ստանալ, եւ տեսագրությունը դիտվեց մոտ 10 հազար անգամ միայն իմ էջում, հետո տեսա, որ այլ կայքերում այն բազմահազար դիտումներ ունի, ինձ համար ապշեցնող մի երեւույթ էր սա։

Փորձում եմ բոլորին պատասխանել. դեռ չեմ ավարտել նամակներին եւ շնորհավորանքներին պատասխանելը։ Այս ամենն ինձ համար անակնկալ էր, եւ չափազանց շոյված եմ այդ վերաբերմունքից։

Մենք միայն մեր աշխատանքն ենք կատարել, բայց եւ շատ հաճելի է տեսնել, որ կարողացել ենք զգացմունքներ արթնացել մարդկանց, հատկապես` հայերի սրտերում։

-Ձեր երգչախմբի հետ մասնակցել եք «Ազգային հարգանքի տուրքի» այլ արարողությունների եւս, Շառլ Ազնավուրին նվիրված արարողությունը տարբերվո՞ւմ էր մյուսներից:

-Այո, մի փոքր այլ էր, քանի որ երկու երկրների ղեկավարներն էին ներկա, եւ կարծում եմ` սա խորհրդանշական եւ հուզիչ արարողություն էր, քանի որ արմատներով հայ էր նման պատվի արժանանում։

Դեռ փոքրուց ծանոթ եմ եղել Ազնավուրի եւ մյուս մեծ շանսոնյեների երգերին, միշտ հաճույքով լսել ու լսելու եմ նրա երգերը։ Դեռ վերջերս նրա մասնակցությամբ հաղորդում էի դիտում, որտեղ նա ասում էր, որ մինչեւ 100 տարեկան ապրելու է: Ուրախությամբ նկատեցի, որ եռանդով լեցուն է։
Մեզ համար նա կարեւոր անձ էր, բայց կարծում եմ մենք` ֆրանսիացիներս, չէինք կարող պատկերացնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ուներ Շառլ Ազնավուրը Հայաստանի եւ հայերի համար։ Ինձ ուղղված նամակներում կարդում եմ այնպիսի տողեր, որտեղ ինձ մարդիկ ասում են, որ իրենք հայր, երկրի դեսպան եւ սիրելի մարդ են կորցրել։

- Ի՞նչ կուզեիք ասել հայերին։
-Ես բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստացել, պարզապես կուզեի բոլորին իմ շնորհակալությունը հայտնել այսքան լավ խոսքերի եւ այն մեծ ջերմության համար, որ փոխանցում են ինձ։ Շատ նամակներում նրանք երախտագիտություն են հայտնում, բայց իրականում ես պետք է շնորհակալություն ասեմ բոլոր նրանց, ովքեր գնահատում են իմ եւ գործընկերներիս աշխատանքը։ Մենք բոլորս շատ զգացված ենք այդ վերաբերմունքից եւ շռայլ խոսքերից։

Ես, իհարկե, չէի մտածում, որ այս ամենն ինձ կարող է ճանաչում բերել, բայց այն, ինչ կատարվում է հիմա, ինձ դրական լիցքեր եւ հաճելի հիշողություններ է պարգեւում, որը կմտապահեմ եւ կհիշեմ իմ կյանքի դժվար պահերին։

Շեշտը կարծես ինձ վրա է դրվել, բայց սա մեր խմբի աշխատանքն է: Հպարտ եմ, որ մեր աշխատանքը լավ արդյունք է տվել։ Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե հնարավորություն ունենայինք ելույթ ունենալ Հայաստանում։

Ժերեմի Դելվերը «Ֆրանսիական բանակի երգչախմբի» մենակատարներից մեկն է, խմբում երգում է 2010 թվականից։ Նա նաեւ հանդես է գալիս օպերային տարբեր դերերով, մի քանի օր անց ելույթ կունենա Նյու Յորքում։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Ժերեմի Դելվերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին