×


«Ազնավուրն ասաց՝ աչքի լույսի պես կպահի միկրոքանդակը». Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսեր

Էդուարդ Տեր-Ղազարյանի անունը ծանոթ է շատերին. նա ստեղծել է 1000-ից ավելի միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Այսօր նրա աշխատանքների մի մասը գտնվում է մեկ հարկի տակ՝ Աբովյան 8 հասցեում։ Նրա անվանակից թոռը՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը, շարունակում է պապիկի աշխատանքը։ BRAVO.am-ն այս անգամ այցելել էր «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան, որն իր հյուրընկալ դռները մի քանի ամիս է՝ ինչ բացել է արվեստասերների, զբոսաշրջիկների եւ պարզապես հետաքրքրասեր մարդկանց առջեւ։

- Էդուարդ, ոչ միայն Ձեր պապի անվանակիցն եք ,այլ նաեւ գործը շարունակողը։ Դժվարին աշխատանք ժառանգելը բա՞րդ է:
- Բարդ է, պատասխանատու եւ անչափ հաճելի։ Այն աշխատանքները, որոնք պապս ստեղծել էր, միշտ իմ աչքի առաջ են եղել։ Երբ նա տեսավ, որ արդեն տիրապետում եմ որոշակի հմտությունների, ինձ տվեց հանձնարարություն՝ կրկնել այդ աշխատանքները։ Արդեն գիտեի հիմնական ինֆորմացիան, սկսեցի ինքս ստեղծագործել, եւ այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք արդեն ժառանգել էի ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանից, օգնեցին ինձ ստեղծել արդեն իմ սեփական աշխատանքները։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը


- Մասնագիտությամբ իրավաբան Էդուարդ Տեր-Ղազարյանն ինչո՞վ է զբաղված այսօր։
-Հիմա աշխատում եմ Վիլյամ Սարոյանի՝ աշխարհում ամենափոքր դիմաքանդակի վրա, որն այսօր վերջացրի։ Առհասարակ զբաղվում եմ միկրոքանդակագործությամբ, թանգարանի հետ կապված աշխատանքներով, իսկ իրավաբանությամբ չեմ զբաղվում։

-Բավական մեծ աշխատանք կատարեցիք` բացելով «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը։ Ինչպիսի՞ն են այցելուների տպավորությունները, քանակը։
-Քանի որ թանգարանը մի քանի ամիս է՝ ինչ իր դռները բացել է հանրության առջեւ, հստակ ցուցանիշներ ասել չեմ կարող, սակայն այցելությունների քանակը եւ արձագանքը բավական լավ է։ Բացի ֆեյսբուքյան էջից , որտեղ մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով, այցելուներն իրենց տպավորություններն են գրի առնում մինչեւ թանգարանից դուրս գալը։ Ուրախ ենք, որ թանգարանում ցուցադրված աշխատանքներն անմոռանալի տպավորություն են թողնում։

-Միկրոքանդակագործության թանգարան արդեն ունենք, իսկ արդյո՞ք պլաններում չկա կից դպրոց կամ ստուդիա հիմնելու ցանկություն։
-Մենք դեռ չավարտած խոսք ունենք՝ կապված ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանի հետ։ Թանգարանը պետական դարձնելը մեր այսօրվա գերխնդիրն է, կարծում եմ՝ պետությունը պետք է իր բոլոր լծակներով «տիրություն» անի Էդուարդ Տեր- Ղազարյանի թողած մշակութային ժառանգությանը, տարվի աշխատանք, որպեսզի այն ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչի որպես համաշխարհային մշակույթի մի մաս, աշխատում ենք այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է միկրոքանդակագործության դպրոց բացելուն, ապա, այո, ունենք նման ցանկություն: Ի դեպ, այն կլինի միակն աշխարհում, եւ այն պետք է տա իր սաներին ակադեմիական գիտելիքներ, հմտություններ, որոնք կուտակվել են 70 տարիների ընթացքում։ Տաղանդավոր ազգ ենք, վստահ եմ, որ երեխաները, ծանոթանալով հիմունքներին, էլ ավելի հետաքրքիր եւ ուժեղ աշխատանքներ կստեղծեն։

Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը


-«Օրդֆիլմ»-ի նկարահանած «Հրաշագործը» ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում, գիտեմ, որ մրցանակների էլ է արժանացել:
- Իրո՛ք, այնտեղ բացառիկ կադրեր են ներկայացված, որոնց ձեռքբերման գործում ես էլ եմ մասնակցություն ունեցել, սակայն այս ֆիլմն ամբողջությամբ չի բացահայտում էդուարդ Տեր-Ղազարյանի ֆենոմենը։ Մենք նոր ֆիլմ ենք նկարահանում, որպեսզի նրան ցույց տանք հնարավորինս լիարժեք։

- Իսկ ե՞րբ կարող ենք տեսնել ֆիլմը:
- Կարծում եմ՝ մոտ երկու ամսից այն կհանձնվի հասարակության դատին։

- Թանգարանում ցուցադրված աշխատանքներն այլ երկրներում ցուցադրելու մտադրություն չունե՞ք։
- Պապիկիս աշխատանքները սփռված են աշխարհով մեկ. Ռուսաստանում, ԱՄՆ-ում շրջիկ ցուցահանդեսներում ներկայացված են նրա աշխատանքները, մենք նույնպես պատրաստվում ենք աշխատանքներն այլ երկրներում ցուցադրել։ Քանի որ այս թանգարանը նոր է բացվել, փորձենք նախ այն հիմնովին կայացնել, որից հետո նպատակ ունենք աշխատանքները ցուցադրել Արցախում, Հայաստանի այլ քաղաքներում եւ, իհարկե, արտերկրում։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում ներկայացված միկրոքանդակներից


- Ո՞ր նյութի հետ եք հեշտությամբ լեզու գտնում։
- Գիտեք, որպես այդպիսին, ինձ համար սիրելի նյութ գոյություն չունի, տարբեր նյութերով եմ աշխատում, եւ յուրաքանչյուր գործ մարտահրավեր է։ Ամեն անգամ նոր բան ես սովորում, գտնում։ Պապիկս տետր էր պահում եւ ամեն անգամ նշումներ էր կատարում։ Նույնկերպ այսօր ես եմ անում. յուրաքանչյուր աշխատանքից նոր բան ես սովորում, նոր բան բացահայտում։

- Ո՞ր աշխատանքն է Ձեզ ամենից շատ չարչարել։
-Բոլորն էլ չարչարում են։ Երբեմն գործն ավարտում ես եւ տեսնում՝ նյութի հետին հատվածը քայքայվել է, պոկվել, մի խոսքով, վնասվել: Նորից նստում ես եւ տանջվում, քանի որ երբեմն այդ աշխատանքը կարող է քեզնից մեկ տարի պահանջել, ուստի նստում ես, սկսում մշակել, փնտրում ելքեր եւ այսպես յուրաքանչյուր աշխատանք յուրովի բացահայտել։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում ներկայացված միկրոքանդակներից


- Ձեր աշխատանքները բավական երկար ժամանակ են պահանջում, ինչպե՞ս եք կտրվում աշխատանքից եւ ժամանակը տրամադրում ընտանիքին։
- Ժամանակս փորձում եմ հատկացնել յուրաքանչյուրին։

- Ինչպե՞ս եք հրաժեշտ տալիս աշխատանքներին։
- Վստահ եմ, որ խնամք է տարվում իմ այն աշխատանքների հանդեպ, որոնք նվիրել եմ Երեւանի պատմության թանգարանին, Շառլ Ազնավուրին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններին: Երբ աշխատանքներս իրենց տեղերում են, հանգիստ եմ լինում։

- Ի դեպ, ինչպիսի՞ն էր շանսոնյեի արձագանքը, երբ տեսավ մազի ծայրին կանգնեցված փղին։
- Շնորհակալություն հայտնեց եւ ասաց.«Աչքիս լույսի պես կպահեմ»: Այնուհետեւ անձնական հանդիպման ժամանակ ասաց, որ, ափսոս, չունեցավ այնպիսի թոռ, որը ե՛ւ իր անվանակիցը կլինի, ե՛ւ կշարունակի իր գործը, միասին լուսանկարվեցինք: Այդպես։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւս մեծ զարմանքով ընդունեց իր դիմանկարը։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում ներկայացված միկրոքանդակներից


- Ապագայում աշխարհահռչակ անձանցից ու՞մ դիմանկարն եք պատրաստվում ստեղծել։
-Այսօր ավարտեցի Սարոյանի դիմանկարը։ Տարին նվիրված է Թումանյանին եւ Կոմիտասին, ստեղծելու եմ նրանց, ինչպես նաեւ անպայման՝ ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանի դիմապատկերները: Ի դեպ, այս տարի թանգարանում նախատեսվում է ձեւավորել անկյուն, որտեղ կցուցադրվեն Սարոյանի, պապիկիս, Թումանյանի եւ Կոմիտասի դիմանկարները։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին