×


«Աղերսեցի, որ ինձ այլեւս չտանեն այդ դասերին». ՀՀ նախագահի տիկնոջ անկեղծ խոստովանությունները

Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաներն այսօր հատուկ հյուր ունեին: Ուսումնարան էր այցելել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով նախ շրջեց դասասենյակներում, ապա նաեւ դիտեց առաջիկա ավարտական համերգի փորձը: Տիկին Սարգսյանը եղավ նաեւ այն լսարաններում, որտեղ այդ պահին ավարտական քննություններ էին ընթանում: BRAVO.am-ը նույնպես շրջել է քոլեջում, զրուցել նախագահի տիկնոջ հետ եւ լուսանկարել ներկայացման հետաքրքիր դրվագները:

Պարզեցինք, որ այցը նախաձեռնել էր հենց Նունե Սարգսյանը՝ ցանկություն հայտնելով շրջել ուսումնարանում, ծանոթանալ խնդիրներին եւ ուսանողների մասնագիտական պատրաստվածությանը.«Շատ եմ սիրում օպերան ու բալետը, սիրում եմ երաժշտությունը եւ միշտ պատրաստ եմ օգնել՝ ինչով կարող եմ: Պարարվեստը շատ կարեւոր է՝ սկսած մեր ազգային պարերից, վերջացրած բալետով, եւ կարծում եմ՝ մեր մշակույթում այն նշանակալի դեր ունի»,- նշեց տիկին Սարգսյանը:

Նունե Սարգսյանն այցելել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջ


Շրջայցի ողջ ընթացքում նրան ուղեկցում էր ուսումնարանի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ առաջին անգամ է, երբ իրենց գործունեությունը նման ուշադրության է արժանանում.«Շատ ենք ուրախացել, որ Նունե Սարգսյանն այցելել է մեզ: Երեխաները չափազանց ոգեւորված են: Չեք պատկերացնի՝ տասն օր նրանք անհամբեր սպասում էին, որ պիտի պարեն, որ իրենց պիտի տեսնեն»,- ասաց տնօրենը:

Ուսումնարանի դահլիճում նրանք միասին դիտեցին ավարտական ներկայացման առաջին հատվածը, որտեղ ուսանողները հանդես եկան բալետով: Հասմիկ Մարկոսյանն ասաց՝ ներկայացումը երկու հատվածից է բաղկացած, բայց իրենք ցուցադրեցին միայն մեկ բաժինը, որին մասնակցում էին ավարտական կուրսի ուսանողները: Ներկայացման ավարտին նրանք լուսանկարվեցին նախագահի տիկնոջ հետ եւ շնորհակալություն հայտնեցին այցի համար: «Ես զարմացած եմ եւ հիացած: Ինձ շատ դուր եկավ թե՛ աղջիկների, թե՛ տղաների հիասքանչ պարը: Խոստովանում եմ, որ չէի սպասում նման կատարելություն: Շարունակեք նույն տեմպով, իսկ ես դեռ էլի կգամ»,- խոստացավ Նունե Սարգսյանը:

Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաները


Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ վեց տարեկանում ինքը նույնպես խնդրել է ծնողներին իրեն բալետի դասերի տանել, բայց ուղիղ վեց ամիս անց էլ խնդրել է, որ հանեն խմբակից. դժվարությունները շատ են եղել.«Սկզբում ես քննությունը բարեհաջող անցա, ինձ ճկեցին, երաժշտական լսողությունս ստուգեցին եւ այլն: Բայց հետո աղերսեցի, որ ինձ այլեւս չտանեն այդ դասերին: Ասում էի՝ շատ դժվար է, չեմ կարող, եւ հիմա տեսնում եմ, թե ինչպիսի կամքի ուժ է հարկավոր՝ տարիներ շարունակ աշխատելու, պարապելու եւ այս հիանալի գեղեցկությունը ստեղծելու համար»,- նկատեց առաջին տիկինը:

Շարունակելով իր պատմությունը՝ նա ասաց, որ բալետի պարերից հետո էլ իրեն դաշնամուրի դասերի են տարել, որն էլ իր հերթին մեկ այլ դժվարին աշխատանք էր ենթադրում. «Յոթ տարի սովորեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում եւ մինչեւ հիմա էլ հաճույքով նվագում եմ, երբ ժամանակ եմ ունենում: Նաեւ ուսուցիչ ունեմ, ում օգնությամբ փորձում եմ կատարելագործել հմտություններս: Չեմ ասում, որ հիանալի դաշնակահարուհի եմ. միշտ էլ աճելու տեղ կա»,- ընդգծեց նա:

Նունե Սարգսյանն այցելել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջ


Հանդիպման ավարտին տիկին Սարգսյանը նշեց, որ դեռ չի մտածել, թե հաջորդիվ մշակութային որ օջախն է այցելելու, բայց ասաց՝ իր ծրագրերը մեծ մասամբ արվեստի, երաժշտության եւ սպորտի ասպարեզում են լինելու.«Նախատեսում եմ աշխատել նաեւ երեխաների, կանանց եւ տարեցների հետ»,- հավելեց նա: Իսկ մենք Հասմիկ Մարկոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ թեմաների շուրջ են զրուցել նախագահի տիկնոջ հետ եւ արդյոք ներկայացրել են այն խնդիրները, որ կան ուսումնարանում: Տնօրենն ասաց, որ խոսել են հիմնականում ներկայացման մասին, բայց իրենց հիմնական խնդիրն է շրջանավարտներին աշխատանքով ապահովելը. «Լավ կլիներ՝ ուսումնարանն ավարտելուց հետո երեխաներին ներգրավեին Օպերային թատրոնի աշխատանքներում: Մենք հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի, որովհետեւ լավ շրջանավարտներ շատ ունենք»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին