×


«Ամեն ինչ այս կյանքում հնարավոր է». Ընկերների եւ սիրելիի անակնկալները Մարիի 26-ամյակին

Թեեւ երգչուհի Մարին այժմ գործունեություն չի ծավալում երգարվեստում, սակայն երկրպագուները նրան չեն մոռանում: Օրերս Մարին դարձել է 26 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն տարեդարձի օրը ընկերների եւ սիրելիի հետ անցկացնելու, այլեւ ներկայիս աշխատանքի ու երգարվեստից հեռանալու պատճառի մասին:

«Մանուկ հասակում եմ շատ սիրել իմ տարեդարձը, իսկ հիմա այդքան էլ շատ չեմ սպասում, բայց իմ սիրելի մարդկանց շնորհիվ այն միշտ անցնում է անմոռանալի: Առաջինն այս տարի շնորհավորեցին մայրիկս եւ տատիկս, իսկ հայրիկս՝ Պրահայից: Տանն էի, երբ տորթով ու երգելով եկան իմ սենյակ: Հետո արդեն՝ ընկերս:)»,-նշել է հոբելյարը:

Մարի Ավանեսյանն՝ ընկերների հետ


Մարին ասել է, որ շատ հագեցած օր է անցկացրել.«Իմ ամենամտերիմ ընկերուհին՝ Անուշիկը, ով վաղուց արդեն քույր է ինձ համար, յուրաքանչյուր տարի հրաշալի եւ անմոռանալի անակնկալներ է պատրաստում: Այս անգամ նույնիսկ, երբ օրն արդեն ավարտվել էր, ես պատրաստվում էի քնել, իմ սենյակում ինձ էլի սպասվում էր Անուշիկիս անակնկալը:): Առավոտյան ընկերներս՝ Անուշիկը, Դավիթը, Սոնան եւ Հասմիկը, ինձ հրավիրել էին նախաճաշի, այնուհետեւ օրս անցկացրել եմ սիրելիիս հետ»:

Արդեն 3 տարի է` Մարին աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում. «Մի վայր, որտեղ միշտ երազել եմ աշխատել թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս։ Այժմ աշխատում եմ հեռուստաարտադրական, ստեղծագործական բաժնում, շատ սիրում եմ աշխատանքս, բայց ամենից շատ սիրում եմ «Եվրատեսիլ»-ի հետ կապված աշխատանքները: Երեւի նրանից է, որ պատվիրակության նախագահներն իմ շատ լավ ընկերներն են` Անուշիկը եւ Դավիթը: Ի դեպ, նույն Անուշիկի մասին է խոսքը:)»,-նշել է նա:

Սիրելիի անակնկալը Մարիի 26-ամյակին


Խոսելով երգարվեստից հեռանալու մասին՝ Մարին ասել է.«Պարզապես պահ եկավ, երբ հասկացա, որ որպես հիմնական մասնագիտություն՝ երգչուհու մասնագիտությունն այդքան էլ ինձ համար չէ: Դա ամենեւին չի նշանակում, որ ես այդքան շատ չէի սիրում երգը եւ երգելը: Էլի իմ կյանքն առանց երգի չեմ պատկերացնում, պարզապես չկամ մեր ներկայիս երգարվեստում, որն առաջ ինձ ավելի հոգեհարազատ էր եւ ավելի շատ էր դուր գալիս։ Ինձ այդ հարցը տալիս են ամեն օր: Նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ մոտենում եւ հարցնում են: Շատ եմ զարմանում, որ դեռ ինձ հիշում եւ ճանաչում են, նույնիսկ անգիր հիշում են իմ երգերից: Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, իմ սիրելի արտահայտությունն է` երբեք մի ասա՝ երբեք, ամեն ինչ այս կյանքում հնարավոր է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին