×


«Այսօր ձեզ ամեն ինչ կարելի է». Ինչպես է անցել Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան մենահամերգը

«Жизнь - это кайф»՝ այս խորագիրն ուներ վրացի հայտնի երգիչ, երաժիշտ Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան մենահամերգը, որը բացառիկ էր իր ձեւաչափով: Նա առաջին անգամ հանդես էր գալիս միայն հայ երաժիշտներից կազմված նվագախմբի հետ, որն անվանել են «Նավերեյ» (հակառակ արտասանությամբ` Երեւան): Ինչպես համերգային ծրագրի վերնագիրն էր հուշում, հայ հանդիսատեսին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուրախ երեկո էր սպասվում: Այդ մասին առավել մանրամասն BRAVO.am-ն արդեն հասցրել էր զրուցել Սոսո Պավլիաշվիլիի եւ երաժիշտ Արտակ Ներսիսյանի հետ: Հետեւել ենք նաեւ երեկոյի ողջ ընթացքին:

Համալիրի լեփ-լեցուն դահլիճում համերգը մեկնարկեց Սոսո Պավլիաշվիլիի սիրո խոստովանությամբ՝ ուղղված Երեւանին ու հայ հանդիսատեսին: «Եկել եմ ասելու, որ սիրում եմ ձեզ»,-նշեց վրացի երգիչը: Այդ մասին, սակայն, նա մեկ անգամ չէ, որ ասաց երեկոյի ընթացքում: Հանդիսատեսն էլ Պավլիաշվիլիի այդ անկեղծությանը պատասխանում էր ուրախ ծափողջույններով, երգով ու պարով: Համերգի առաջին հատվածում հնչեցին մեծ մասամբ նոր ստեղծագործություններ, որոնք ընդգրկված են երգչի նոր ալբոմում: Իսկ միջոցառման երկրորդ հատվածում Սոսո Պավլիաշվիլին ներկայացրեց իր առավել հայտնի ու սիրված երգերը: Երբեմն նա նույնիսկ բեմից իջնում էր դահլիճ՝ ներկաների հետ պարելու, լուսանկարվելու եւ երգելու:

Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան համերգին


«Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են նվագում այս երաժիշտները, թե որքան տաղանդավոր են նրանք: Այս տղաներն իսկապես պատմություն են կերտում իրենց նվագախմբով: Եվ ամենագլխավորը՝ ես ուզում եմ ձեզ ասել, որ անցյալն արդեն չենք վերադարձնի, իսկ ապագան չգիտենք՝ ինչպիսին կլինի. մենք ունենք ամենամեծ երջանկությունը՝ հենց հիման, այս պահը: Այնպես որ, պարեք, երգեք, վայելեք. այսօր ձեզ ամեն ինչ կարելի է, իսկ մեզ դա հաճելի կլինի»,- նշեց երգիչը:

Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան համերգին


Երեւանին ուղղված սիրո խոստովանություններից զատ, Սոսո Պավլիաշվիլին գովասանքի ու հիացմունքի խոսքեր էր շռայլում նաեւ կանանց՝ հաճախ հիշելով իր կնոջը՝ Իրինային: Ի դեպ, վերջինս նույնպես դահլիճում էր՝ երգչի ծնողների, բարեկամների ու ընկերների հետ.«Սիրելի կանայք, դուք այնքան չքնաղ եք, անհավանական, գեղեցիկ, քնքուշ, իմաստուն, երբեմն էլ` կամակոր, բայց դա ձեզ սազում է: Եվ ընդհանրապես կյանքը հիասքանչ է, քանի որ դուք քայլում եք նրա միջով, եւ աշխարհը գեղեցիկ է, քանի որ դուք ժպտում եք: Եվ տա՛ Աստված, որ ձեր սիրելիները միշտ տուն վերադառնան ողջ, առողջ, մի քիչ ավելի հարուստ եւ հնարավորինս սթափ: Գիտե՞ք՝ մենք ինչու ենք խմում, քանի որ ձեզ սիրում ենք եւ ձեզ համար ենք խմում, դա լավ իմացեք»,- կեսկատակ ասաց երգիչը:

Իր ելույթի վերջին հատվածում նա նույնիսկ բեմ հրավիրեց կնոջը, որպեսզի միասին մի քանի երգ կատարեն: Հանդիսատեսին այս միտքը շատ դուր եկավ, նրանք ավելի ակտիվորեն սկսեցին պարել ու երգել Սոսոյի եւ նրա Իռոչկայի հետ: «Ի՜նչ լավ է ձեզ հետ»,- կրկին խոստովանեց Պավլիաշվիլին:

Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան համերգին


Դեռ մեր նախորդ զրույցում երգիչն ասել էր, որ «Նավերեյ Օրքեսթրայի» կազմով երեւանյան երկու համերգներից հետո ելույթ են ունենալու նաեւ Չինաստանում: Այնուհետեւ` հոկտեմբերի 26-ին, Մոսկվայում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի հոբելյանական համերգը, որտեղ հենց հայ երաժիշտներն էլ նվագելու են հրավիրված մի քանի այլ երաժիշտների հետ: Ի դեպ, «Նավերեյ» նվագախումբը կազմավորվել է հատուկ այս համերգաշարի համար` որպես առանձին նախագիծ: Այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ օրերս հրապարակված մեր հարցազրույցում: Դե, իսկ երեկվա համերգի մասին ավելի պատկերավոր «կխոսեն» մեր լուսանկարները:

Սոսո Պավլիաշվիլիի եւ «Նավերեյ Օրքեսթրայի» համերգը Երեւանում կազմակերպել են «Mezzo Production»-ը եւ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին