×


«Աստծուց առաջ չեմ ուզում ընկնել». Օլյա Հակոբյանը՝ կրկին ամուսնանալու եւ նոր ֆոտոշարքի մասին

BRAVO.am-ն օրերս հետաքրքիր եւ տարբերվող ֆոտոշարք է իրականացրել Օլյա Հակոբյանի հետ, իսկ զրույցի ընթացքում դերասանուհին խոսել է ոչ միայն նոր նախագծում նկարահանվելու, այլեւ իր հասցեին հնչող բամբասանքների, մարզասրահ հաճախելու հիմնական նպատակի եւ անձնականի մասին:

Օլյա Հակոբյանը


Օլյան նշել է, որ հատուկ ֆոտոշարքեր չի սիրում իրականացնել, ավելի շատ հանպատրաստից լուսանկարներ է ունենում նկարահանման ընթացքից, կամ էլ սելֆիներ.«Բայց Էմինի նման պրոֆեսիոնալ եւ անչափ թեթեւ մարդու հետ աշխատելը շատ հաճելի էր: Դա անգամ դժվար է աշխատանք կոչել, քանի որ ողջ օրվա ընթացքում ստեղծագործել ենք»:

Դերասանուհին այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության 25 մասանոց նոր հեռուստասերիալում, որը շուտով եթերում կլինի.«Աշխատում եմ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ, մեծ հաճույք եմ ստանում եւ, իհարկե, շատ բան եմ սովորում»:

Օլյա Հակոբյանը


Օլյան վերջին շրջանում հաճախ է մարզասրահում արված տեսանյութեր հրապարակում: Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչ արձագանքներ է ստանում. «Շատ դրական արձագանքներ եմ լսել: Պարզվեց՝ մարդիկ սիրում են հետեւել այդ տեսանյութերին: Մարզումներն ինձ տալիս են հոգեկան հանգիստ, էներգիայի մեծ կուտակում, առհասարակ, շատ սիրում եմ մարզվել, իսկ երբ չեմ հասցնում, ինձ մեղավոր եմ զգում»,-նշել է նա եւ ավելացրել, որ մարզասրահ հաճախելը կապված չի եղել կազմվածքից դժգոհ լինելու հետ.«Պարզապես կարծում եմ՝ դա յուրաքանչյուրին պետք է: Վերջապես առողջություն է»:

Օլյա Հակոբյանը


Դերասանուհին փորձում է երեխաների խնամքը համատեղել մարզումների եւ նկարահանումների հետ: Ասում է՝ մի փոքր դժվար է, բայց հասցնում է.«Իմ մասին բամբասանքները միշտ էլ եղել են՝ մինչեւ ամուսնությունս եւ ամուսնալուծությունից հետո էլ, միշտ: Սովոր եմ դրան եւ ուշադրություն չեմ դարձնում: Բարի կամեցող շատ մարդիկ կան, իսկ պարապ, ուրիշի կյանքով ապրողներին չեմ էլ ուզում նկատել, իրենց ապրելակերպն էլ ինձ համար է միեւնույն: Բավական ինքնաբավ եմ եւ բացասական վերաբերմունքն ինձ չի հուզում»:

Օլյա Հակոբյանը


Օլյան չի թաքցնում, որ իր կողքին կա տղամարդ, սակայն ավելին ասել չի ցանկանում: Հարցին՝ մտածում է կրկին ընտանիք կազմելու մասին, նշել է.«Աստծուց առաջ չեմ ուզում ընկնել, ծիծաղելի է նրա գործերին խառնվելը: Միգուցե մի օր այդպիսի բան լինի իմ կյանքում, բայց կրկին կասեմ, որ Աստծո կամքն էր: Շատ եմ սիրում արքայադստեր կերպարներով աղջիկներին, նրանց հանդեպ թուլություն ունեմ, բայց չգիտեմ՝ կրկին կմայրանամ, աղջիկ կունենամ, թե ոչ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին