Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը շուտով կրկին կներկայանա երեւանյան հանդիսատեսին: Խմբի մենահամերգը տեղի կունենա հունիսի 26-ին` «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Երեկոն նվիրված է մենապարուհի Անժելիկա Դավթյանին:
«Վաստակավոր կոլեկտիվ» կոչմանն արժանացած համույթի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:
Անժելիկա Դավթյանն աշխատում է «Բարեկամություն» համույթում` որպես բարձրակարգ պարուհի 1995 թվականից առ այսօր: 23 տարի շարունակ նա մեծ նվիրումով ապրել եւ ոգեշնչվել է պրոֆեսիոնալ պարով` իր հանդիսատեսին պարգեւելով բազմաիթվ գեղեցիկ եւ գունեղ ելույթներ:
Անժելիկա Դավթյանը
Կերտած բոլոր կերպարներում անթաքույց են Անժելիկայի կանացի նրբաճաշակությունն ու քնքշությունը, հեզությունն ու բարությունը, անմիջականությունն ու վառ անհատականությունը:
Որպես մենապարուհի հանդես է եկել Կոմիտասի «Ծիրանի ծառ», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս…», Մանսուրյանի «Մեղեդի» եւ պարային այլ համարներում, ինչպես նաեւ` Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայից «Պոլովեցյան պարեր» խորեոգրաֆիկ մանրապատումներում:
Անժելիկան երկրորդ մասնագիտությամբ նաեւ բժիշկ-էնդոկրինոլոգ է: Սակայն պարի նկատմամբ նրա սերն ու նվիրվածությունն այնքան մեծ է, որ ոչ ընտանեկան առօրյա հոգսերը, ոչ լարված աշխատանքային գրաֆիկը անկարող են ետ պահել այն մոգական եւ հոգեպարար ուժից, որը կոչվում է պար:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` «Բարեկամություն» համույթի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: