×


Էմմա Մկրտչյանն` ամուսնու հետ

«Գլխի սալջարդ ունեի, բայց կարող էի նաեւ ողնաշարի կոտրվածք ստանալ». Էմմա Մկրտչյանի քայլը` հանուն դերի

Երիտասարդ դերասանուհի Էմմա Մկրտչյանն արդեն 6 տարի է, ինչ աշխատում է Դրամատիկական թատրոնում, բայց հանրությանն առավել հայտնի դարձավ 25 մասանոց «Դեբեդի գաղտնիքը» հեռուստադրամայից: Էմմայի հետ զրուցել ենք սերիալում բարձրաձայնված սոցիալական թեմիայի, սեփական առողջությունը հանուն դերի վտանգելու եւ, իհարկե, ընտանիքի մասին:


«Կարծրատիպերը վաղուց անցյալում են»

«Դեբեդի գաղտնիք»-ից առաջ էպիզոդիկ դերով նկարահանվել եմ Ելենա Արշակյանի մեկ այլ նախագծում՝ «Կարմիր բլուր»-ում: Դրանից հետո իմացա նոր քասթինգի մասին, մասնակցեցի ու ընտրվեցի միանգամից: Սերիալը կարեւոր սոցիալական թեմա է բարձրացնում՝ կանանց բռնության խնդիրը: Մեծ հույս ունեմ, որ մեր աշխատանքը մարդկանց հոգեբանության մեջ ինչ-որ բան կփոխի: Պետք է հասկանալ, որ կարծրատիպերով ապրելու ժամանակը վաղուց անցյալում է: Պետք է կարեւորել մարդը, նրա էմոցիաները, ոչ թե մտածել սկզբունքների մասին: Եթե կինը մոռանում է իր «ես»-ի մասին, չի հարգում իրեն, ուրեմն` ոչ ոք շրջապատում չի հարգի: Շատ կարեւոր է, որ երեխան մեծանա՝ ոչ թե ձեւական հայր ու մայր ունենալով, այլ առողջ ու ճիշտ ընտանիքում: Եթե այս ամենը չկա, ընտանիք էլ չկա:

Էմմա Մկրտչյանը



«Ո՞վ է որոշում՝ ինչն է հարիր աղջկան»

Մարմնավորածս կերպարի՝ Արաքսի փրկության միակ դուռը ծնողները, եղբայրները փակեցին նրա առաջ եւ դրանով սկիզբ դրեցին բազմաթիվ ողբերգությունների: Այս կարծրատիպերը դեռ փոքրուց են սկիզբ առնում: Երբ աղջիկն ընտրում է դերասանի, լրագրողի մասնագիտությունը, սկսվում են կարծրատիպերը՝ ինչպես կնայեն կողքից, չէ՞ որ հարմար դիպլոմ չէ աղջկա համար: Բայց ո՞վ է որոշում՝ որն է հարիր աղջկան, որը` ոչ: Եթե հայրն ու եղբայրներն Արաքսի կողքին լինեին, նա օգնությունն անծանոթ մարդկանց գրկում չէր փնտրի:


Հանուն դերի

Գետը նետվելու տեսարանն առանց դուբլյորի էր. նետվել եմ 8-10 մետր բարձրությունից: Ստացա գլխի սալջարդ, չնայած՝ կարող էի նաեւ ողնաշարի կոտրվածք ստանալ: Ես գիտեի, որ հնարավոր է նման բան, բայց ռիսկի դիմեցի: Հաջորդ օրն անցա նկարահանումների, բայց մոտ 6 ամիս վերականգնողական փուլ եմ անցել: Շատերն են հարցնում` ինչի համար, ուզում եմ պատասխանել բոլորին՝ դերի: Արձագանքները հիմնականում դրական են: Ասում են, որ անկեղծությունն էկրանից երեւում է: Ես չեմ մտածում կադրում գեղեցիկ երեւալու մասին, մտածում եմ միայն կերպարը մաքսիմալ ճիշտ ներկայացնելու մասին: Չեմ վախեցել էմոցիաներ ցույց տալուց:

Էմմա Մկրտչյանը


«Չեմ ուզում հոգնեցնել»

Հետաքրքիր այլ առաջարկներ դեռ չունեմ: Չեմ ցանկանա նկարահանվել երկարաժամկետ սերիալում: Նոր եմ այս ասպարեզում, չեմ ցանկանա հոգնեցնել հեռուստադիտողին: Հիմա գլխավոր դեր ունեմ թատրոնում «Գանգսթեր Մաքը» ներկայացման մեջ: Այն քրեական կատակերգություն է, սիրո մասին է: Պրեմիերան կլինի հոկտեմբերի կեսերին: Հետաքրքիր գործ է, այդպիսին, կարծում եմ, Հայաստանում դեռ չի եղել: Պարային լուծումներով աշխատանք է:


«Բախտս բերել է»

Բախտս բերել է, քանի որ մինչ ամուսնանալն ունեի շատ հոգատար ծնողներ, հասկացող ընտանիք, հիմա էլ ունեմ հասկացող ամուսին: Նոր էինք ամուսնացել, երբ սկսվեցին «Դեբեդի գաղտնիքի» նկարահանումները: 15 օր քաղաքում չեմ եղել, բայց ոչ մի խնդիր չի առաջացել:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/

Լուսանկարները՝ դերասանուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին